Լրահոս
Միջազգային
15:05
12.05.26
214

ԱՄՆ-ն և Իրանն իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը․ Ֆիդան

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում բազում բարդ պահեր կան, սակայն երկու կողմերն էլ ցանկանում են դադարեցնել պատերազմը։

«Բանակցություններն ունեն բավականին բարդ կողմեր։ Բայց ես ուզում եմ ձեզ պատմել դրական պահերի մասին։ Երկու կողմերն էլ իրականում ցանկանում են դադարեցնել պատերազմը։ Նրանք ցանկանում են բացել Հորմուզի նեղուցը, լուծել արգելափակված նավերի խնդիրը։ Այդպիսին է նրանց դիրքորոշումը և մտադրությունները։ Խնդիրը կայանում է նրանում, թե ինչպես դա ձևակերպել և ամրագրել թղթի վրա, որպեսզի կողմերը կարողանան այն ընդունել։ Ներկայումս կողմերի միջև ուղերձների փոխանակումը շարունակվում է», - ասել է Ֆիդանը Կատարում՝ Կատարի ԱԳ նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Պատերազմին վերադառնալը, Ֆիդանի խոսքով, «միայն կուժեղացնի ավերածությունները»։ «Հորմուզի նեղուցը որպես զենք օգտագործելու կանխումը չափազանց կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության, կայունության և համաշխարհային տնտեսության համար։ Այս առնչությամբ մենք աջակցում ենք անվտանգ անցումն ապահովելու և հետագայում ընթացիկ իրավիճակին վերադառնալը կանխելուն ուղղված բոլոր ջանքերին։ Մենք մասնակցում ենք այդ ջանքերին, և մեր առաջնահերթությունը խաղաղ ու դիվանագիտական լուծումն է», - նշել է Ֆիդանը։