Լրահոս
Կրթություն և գիտություն
16:45
09.11.24
58

Արաքսիա Սվաջյանը Երևանի քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին

Img default alt hy

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Հ․ Կարապենցի անվան թիվ 6, ապա Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցներում ձևավորված քննական կենտրոններում հետևել է ուսուցիչների կամավոր ատեստավորմանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է քննական կենտրոններում, մինչ քննության մեկնարկը զրուցել ուսուցիչների հետ և հաջողություն մաղթել նրանց՝ հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն՝ արդարացնելով մասնակիցների սպասումները։

Հիշեցնենք՝ ատեստավորման քննություններն այս տարի անցկացվում են էլեկտրոնային եղանակով։ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում ձևավորվել է 35 քննական կենտրոն, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովվել են գերարագ ինտերնետային կապով: Ատեստավորման էլեկտրոնային համակարգը նախապես փորձարկվել է։

Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 6000 մասնակից։

Կամավոր ատեստավորման քննությունները կանցկացվեն նոյեմբերի 9-24-ը՝ ժամը 10:00-ին և 15:00-ին: Նոր ձևաչափով անցկացվող ատեստավորման ընթացակարգին ծանոթանալու և քննությանը նախապատրաստվելու նպատակով ուսուցիչները քննական կենտրոնում պետք է լինեն մեկնարկից առնվազն 1 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով: Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը և գաղտնաբառը: