Լրահոս
Հասարակական
12:45
22.03.25
176

Այսօր Ջրի համաշխարհային օրն է

Img default alt hy

1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 22-ը հռչակել է Ջրի համաշխարհային օր։ Այս մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Սա ամենանշանակալից միջազգային օրերից մեկն է, ինչպես, օրինակ՝ Մարդու իրավունքների օրը (Դեկտեմբերի 10), Կանանց միջազգային օրը (Մարտի 8 ), Խաղաղության միջազգային օրը (Սեպտեմբերի 21):

Ամեն տարի Ջրի համաշխարհային օրը նվիրվում է մի հրատապ խնդրի կամ թեմայի։ 2025 թվականի Ջրի համաշխարհային օրվա թեման է «Սառցադաշտերի պահպանումը»:

Սառցադաշտերը կենսական նշանակություն ունեն կյանքի համար. դրանց հալոցքային ջրերը կարևոր են խմելու ջրի, գյուղատնտեսության, արդյունաբերության, մաքուր էներգիայի արտադրության և առողջ էկոհամակարգերի համար:

Սառցադաշտերը հանդիպում են բոլոր մայրցամաքներում: Արագ հալվող սառցադաշտերը անորոշություն են առաջացնում ջրային հոսքերի մեջ՝ խորը ազդեցություն ունենալով մարդկանց և մոլորակի վրա:

Կարևոր է ածխածնի արտանետումների գլոբալ կրճատումը, ինչը սառցադաշտերի հալքի պատճառ է դառնում։ Այս տարի Ջրի համաշխարհային օրվա նպատակն է միասին աշխատել կլիմայի փոփոխության և ջրի համաշխարհային ճգնաժամի դեմ պայքարի ծրագրերի հիմքում սառցադաշտերի պահպանումը դնելու համար:

Հիմնական փաստեր սառցադաշտերի հալքի և դրա ազդեցությունների վերաբերյալ.

Վերջին 20 տարիների ընթացքում սառցադաշտերի զանգվածի կորուստը կրկնապատկվել է՝ պայմանավորված հիմնականում կլիմայի անթրոպոգեն փոփոխությամբ: Եթե ընթացիկ միտումները պահպանվեն, ապա շատ սառցադաշտեր այնպիսի տարածաշրջաններում, ինչպիսիք են Անդերը և Հիմալայները, 2100 թվականին կարող են անհետանալ։

Սառցադաշտերում կուտակված է աշխարհի քաղցրահամ ջրի մոտ 70%-ը, ինչը նրանց դարձնում է Երկրի վրա քաղցրահամ ջրի խոշորագույն պահեստարանը։

Մոտավորապես 2 միլիարդ մարդ օգտագործում է սառցադաշտերից, ձնհալքից և լեռնային հոսքերից առաջացած ջուրը՝ խմելու, գյուղատնտեսության և էներգիայի արտադրության համար։

Սառցադաշտերի հալքի աճը զգալի ներդրում ունի Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման վրա. ներկայիս ծովի մակարդակը 20 սմ-ով ավելի բարձր է, քան 1900 թվականին էր։

Սառցադաշտերն իրենց գունային բաց մակերևույթի շնորհիվ անդրադարձնում են Արևի ճառագայթները, օգնում կարգավորել Երկրի ջերմաստիճանը: Նրանց հալքի հետևանքով այդ անդրադարձնող մակերեսը կրճատվում է, ինչը հանգեցնում է ջերմության կլանման ավելացմանը և արագացնում գլոբալ տաքացումը։

Գլոբալ տաքացումը մինչև 1․5°C-ով սահմանափակելը կարող է պահպանել Համաշխարհային ժառանգության օբյեկտների սառցադաշտերի 2/3-ը:

Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում հարմարվողականության և հետևանքների մեղմման համար

Մենք դեռ կարող ենք պաշտպանել և պահպանել սառցադաշտերը, որպես քաղցրահամ ջրի կենսական աղբյուրներ և կլիմայի կարգավորիչներ՝ նվազեցնելով ջերմոցային գազերի արտանետումները և ներդնելով փոխակերպվող հարմարվողականության և հետևանքների մեղմման ռազմավարություններ։

ՄԱԿ-ը նախանշել է մի քանի ռազմավարություն սառցադաշտերի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմելու և հարմարվելու համար.

Գլոբալ արտանետումների կրճատում։

Ջրային ռեսուրսների կառավարման ուժեղացում:

Խոցելի համայնքների համար հարմարվողականության պլանավորում։

Էկոհամակարգի վերականգնում:

Միջազգային համագործակցություն։