Լրահոս
Քաղաքական
14:00
21.05.24
97

ԱԺ-ում քննարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը

Img default alt hy

Հայաստանի Ազգային ժողովում քննարկման է դրվել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։

Ինչպես Ազգային ժողովի մայիսի 21-ի նիստում նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրվելու համար առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը։

Թեկնածուին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ում տեղեկատվությամբ՝ ընթացիկ տարվա մարտի 29-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու են ինքնաառաջադրվել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը։

Ընդհանուր ժողովում, որին մասնակցել է այդ պահին ՀՀ-ում գործող 311 դատավորներից 217-ը, գաղտնի քվեարկությամբ Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 131 դատավոր, Արսեն Նիկողոսյանի թեկնածությանը՝ 126։

«Արդյունքում դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Մհերի Խաչատուրյանը։

Նրա թեկնածությունը ԱԺ Կանոնակարգ և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքներով նախատեսված ընթացակարգով առաջադրվել է ՀՀ Ազգային ժողովին»,-ասաց Թադևոսյանը։