Լրահոս
Իրավական
13:00
08.12.23
121

ԲԴԽ անդամները հանդիպում են ունեցել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Img default alt hy

Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Նաիրա Հովսեփյանը, Քրիստինե Մկոյանը և Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանն ընդունել են աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին՝ Հարավարևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում իրականացվող ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդին և հայաստանյան ծրագրերի համակարգող Նարինե Թումասյանին:

Հանդիպման ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի անդամները զրուցակիցներին ներկայացրել են դատական համակարգում վերջին տարիներին տեղի ունեցած բարեփոխումները, հատկապես, կարևորելով դատավորների գնահատման նոր համակարգի ներդրումը, որն էականորեն նպաստելու է երկրում արդարադատության որակի բարձրացմանը:
ԲԴԽ անդամները նշել են, որ գնահատման նոր համակարգը բացառելու է դատավորների առաջխաղացման գործընթացում սուբյեկտիվ գործոնի առկայությունը և օգնելու է դատավորին արդարացիորեն գնահատել ըստ իր կատարած աշխատանքի:

Հյուրերին է ներկայացվել նաև վերջին տարիներին կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանում ձևավորված նոր գործիքակազմերը՝ Հակակոռուպցիոն եռաստիճան մասնագիտացված դատարանի հիմնումը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դերը նոր դատավորների նշանակման հարցում, որն ինքնին զտիչ դեր ունի և կանխարգելում է բարեվարքության չափանիշներին չհամապատասխանող անձանց մուտքը դատական համակարգ։

Անդրադարձ է կատարվել նաև դատարաններ-հանրություն կապն ամրապնդելու նպատակով ստեղծվելիք հանրային կապերի պատասխանատուների ցանցին, հյուրերը ողջունել են նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել իրենց աջակցությունը ցուցաբերել գաղափարի կյանքի կոչման գործում։
Ի թիվս այլնի քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցեր:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել բովանդակալից զրույցի համար և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակական դարձնելու հանդիպումները: