Լրահոս
Միջազգային
12:15
16.05.26
452

Ճապոնիայում կարծում են, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների գագաթնաժողովում միավորներով հաղթել է Սի Ծինփինը

Img default alt hy

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած բանակցություններում «հաղթանակ է տարել միավորներով»։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել ճապոնական հանրային հեռուստատեսության վերլուծական բաժինը։

«Միանշանակ գնահատական տալը հեշտ չէ, բայց ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ միավորներով հաղթեց Սի Ծինփինը»,- ընդգծել է հեռուստաալիքի միջազգային բաժնի խմբագիր, երկու երկրներում աշխատանքային փորձ ունեցող Տոմոյոսի Կոմիյան։ Կոմիյան համոզմունք է հայտնել, որ անցած բանակցություններում երկու կողմերն էլ ձգտում էին կարգավորել հարաբերությունները, քանի որ նրանց տնտեսությունները դանդաղում են։ «Այս ֆոնին Թայվանի հարցը հայտնվեց ուշադրության կենտրոնում՝ որպես գագաթնաժողովի գլխավոր թեմա, և այն, որ Չինաստանին հաջողվեց ցուցադրել իր ուժը համաշխարհային ասպարեզում, այդ թվում՝ իրանական խնդրի առնչությամբ, կշեռքի նժարը փոքր-ինչ թեքում է նրա օգտին»,- պարզաբանել է նա։

Ճապոնական հանրային հեռուստատեսության փորձագետը նաև կարծիք է հայտնել, որ Չինաստանը «աստիճանաբար կառուցում է մի համակարգ, որտեղ Թայվանի հարցը լուծվում է Պեկինի և Վաշինգտոնի միջև բանակցությունների ձևաչափով, ինչի վերջնական նպատակը Թայվանի գործերում ամերիկյան ներկայության վերացումն է»։

Խոսելով բանակցությունների տնտեսական բաղադրիչի մասին՝ Կոմիյան նշել է, որ 200 Boeing ինքնաթիռ պատվիրելու Չինաստանի որոշումը, որի վրա որպես ձեռքբերում շեշտը դրել էր ԱՄՆ նախագահը, «նվերներ են, որոնք Չինաստանը մատուցեց Թրամփին»։ «Պեկինը հույս ուներ դրանք օգտագործել որպես լծակ՝ նախագահից Թայվանի հարցով ինչ-որ հայտարարություններ կորզելու համար։ Սակայն իրադարձությունների զարգացումը Չինաստանի համար ցանկալի ուղղությամբ չընթացավ։ Տնտեսական ոլորտում, ընդհանուր առմամբ, երկու կողմերն էլ պատրաստակամություն են հայտնել կայուն հարաբերություններ կառուցել, այնպես որ այստեղ ոչ-ոքի է»,- պարզաբանել է նա։

ԱՄՆ առաջնորդը Չինաստանում էր գտնվում մայիսի 13-ից 15-ը։