Լրահոս
Առողջապահական
14:54
03.11.24
220

Երևանում կազմակերպվել է լաբորատոր բժշկության ձեռքբերումների և հեռանկարների վերաբերյալ միջազգային համաժողով

Img default alt hy

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Լաբորատոր բժշկության հայկական ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ Երևանում կազմակերպվել է «Լաբորատոր բժշկություն․ ձեռքբերումները և հեռանկարները» միջազգային գիտագործնական երկօրյա ցուցահանդես-համաժողով, որը կեզրափակվի նոյեմբերի 3-ին:

Ինչպես հայտնում են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, միջազգային համաժողովին մասնակցում են լաբորատոր ախտորոշման մոտ 350 հայ և օտարերկրացի մասնագետներ (Ռուսաստան, Վրաստան, Ֆրանսիա), որոնք 30 զեկույցով քննարկելու են ոլորտի արդի խնդիրներն ու նորարարական մոտեցումները` ծանոթանալով նաև տեխնոլոգիական վերջին նորույթներին։

«Մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի ամրապնդենք մասնագիտական կապերը, քննարկենք լաբորատոր ախտորոշման բնագավառի նորագույն ձեռքբերումները և միասին առաջ ընթանանք՝ սահմանելով բժշկագիտական և կլինիկական նոր նշաձողեր»,- ազդարարելով համաժողովի մեկնարկը՝ ասել է ԵՊԲՀ Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, Լաբորատոր բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Զարուհի Գևորգյանը` հավելելով, որ մեծ պատիվ է դահլիճում տեսնել այս կարևոր և դինամիկ զարգացող ոլորտին իրենց գործունեությունը նվիրած անվանի մասնագետների:

Զարուհի Գևորգյանի խոսքով` բժշկական բուհը սատարում է շարունակական կրթական ծրագրերի իրականացմանը` նպաստելով լաբորատոր բժշկության զարգացմանը մեր երկրում: Նա հույս է հայտնել, որ Alma-Mater-ում անցկացվող միջոցառումը կդառնա մեծ և բաց հարթակ, որը գիտելիքի, փորձի ու գաղափարների փոխանակման հնարավորություններ կընձեռի` ի նպաստ հասարակության առողջության և առողջապահական համակարգի զարգացման:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր խոսքում պատվաբեր է համարել արդեն երկրորդ անգամ  նման մեծ միջոցառման կազմակերպումը: «Կցանկանայի հատուկ նշել այն հանգամանքը, որ լաբորատոր գործունեությունը հաճախ անտեսանելի է, սակայն այն ամեն օր նպաստում է պացիենտների առողջությանը և թե՛ կլինիցիստների, թե՛ գիտնականների համար շատ կարևոր նշանակություն ունի»,- նշել է նա՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով այն մեծ աշխատանքի համար, որ իրականացնում են լաբորատոր մասնագետները:

«Այն տպավորությունը, որ պացիենտների ճակատագիրը կարող է ընդամենը մեկ սրվակից կախված լինել, բնավ այդպես չէ: Յուրաքանչյուր պատասխանի ետևում թաքնված են երկար տարիներ, կրթական ծրագրեր, մեծ դժվարություններ, այո՝ նաև սխալներ, որոնք որևէ բժշկի կյանքում բացառված չեն, բայց հենց այսպիսի գիտաժողովները և փորձի փոխանակումը թույլ են տալիս նվազեցնել դրանք»,- ընդգծել է բուհի ղեկավարը։ Նրա գնահատմամբ` սրընթաց զարգացող բժշկագիտությունը, այդ թվում և լաբորատոր գործը, արդեն իսկ միտում ունեն ենթարկվելու արհեստական բանականությանը, և տպավորություն է ստեղծվում, որ տեխնոլոգիաները կարող են փոխարինել մասնագետներին։ Սակայն, նա նկատել է, որ երբեք դա հնարավոր չի լինի, քանի որ կլինիցիստների, լաբորատոր բժիշկների, ռադիոլոգների և մորֆոլոգների ակտիվ գործունեությունը, հաճախ ավելին են, քան ուղղակի հետազոտության պատասխան, որը ստանում են գործընկեր բժիշկները` պացիենտի հետագա ճակատագիրը քննարկելու համար:

«Այնպես որ, համոզված եղեք, որ գնահատված եք, ձեր աշխատանքից կախված է ավելին, քան կարող են պատկերացում ունենալ, թե՛ պացիենտները, թե՛ առանձին կլինիցիստներ: Եվ բժշկական բուհը մշտապես պատրաստակամ է կազմակերպել բժշկական կրթությանը վերաբերող գործընթացներ` ի նպաստ բոլորիս»,- եզրափակել է ԵՊԲՀ ռեկտորը:

Մասնակիցներին ողջունել է ՌԴ լաբորատոր բժշկության (լաբորատոր մասնագետների և կազմակերպությունների) ասոցիացիայի նախագահության խորհրդական, Ռուսական դիագնոստիկ սամմիթի տնօրեն Արկադի Գոլդբերգը:

«Վերջին տարիներին համալսարանի և անձամբ Զարուհի Գևորգյանի շնորհիվ շատ բան է փոխվում լաբորատոր ծառայության զարգացման մեջ: Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես առավելապես ձևավորվում և ընդլայնվում է այս համայնքի գործունեությունը, ինչի առիթով, իհարկե, ձեզ շնորհավորում ենք»,- ասել է նա:

«Տոուդա» բժշկական կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար, Վրաստանի լաբորատոր բժշկության ասոցիացիայի նախագահ Մանանա Ախվլեդիանին, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, համոզմունք է հայտնել, որ կոնֆերանսը չի զիջի քննարկվող թեմաների հետաքրքրությամբ:

«Մենք պետք է ամեն կերպ ձգտենք համապատասխանել մեր մասնագիտությանը` անելով այն ամենը, ինչը լավ է և հետաքրքիր առաջ ընթանալու տեսակետից»,- նշել է նա՝ միջոցառման գիտական մասում ներկայացնելով «DPYD-ի և հեմատոլոգիական թեստերը օնկոլոգիայում» թեման:ՌԴ առողջապահության նախարարության լաբորատոր ախտորոշման գլխավոր մասնագետ, «Ալմազովի անվան ԲԳՀԱԻ» Լաբորատոր բժշկության ամբիոնի և կլինիկայի ղեկավար Տատյանա Վավիլովան առաջին անգամ է Հայաստանում: «Մենք շատ հայ ընկերներ ունենք, որոնք ապրում են Ռուսաստանում, և տեղի գործընկերների հետ մենք ևս կապի մեջ ենք: Սակայն, ամենակարևորն այն է, որ պացիենտների հետ աշխատանքը բոլորիս համախմբում է: Մեզ համար առանցքայինը պացիենտն է, որին պետք է օգնենք: Ես ներկայացնում եմ այստեղ ոչ միայն Ռուսաստանը, առողջապահության նախարարությունը, այլև Ալմազովի անվան կենտրոնը և հույս ունեմ, որ օրը կլինի արդյունավետ փոխգործակցության համար»,- ասել է Վավիլովան:

Միջոցառմանը ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը հայ, ռուս և վրացի գործընկերներին այսուհետև լաբորատոր ախտորոշման բնագավառում գործակցելու նոր հնարավորություններ կընձեռի:

Երկօրյա համաժողովի քննարկվող նյութի լայն սպեկտրը բազմակողմանի է ներկայացնում լաբորատոր բժշկության հնարավորությունները, թռիչքային զարգացումը` ռևմատոլոգիայի, ուռուցքաբանության և  բժշկագիտական այլ ուղղություններում:

Համալսարանական հիվանդանոցների բժիշկներ, դասախոսներ, բժշկական այլ հեղինակավոր կառույցների ներկայացուցիչներն անդրադառնալու են մի շարք մասնագիտական թեմաների` բժշկության ակունքներից մինչ ժամանակակից ախտորոշման հնարավորություններ` առաջնային նպատակ ունենալով բարելավել, լավացնել լաբորատոր ախտորոշման մակարդակը: