Լրահոս
Միջազգային
14:00
12.05.26
236

Եվրոպան Աֆրիկայի նկատմամբ գիշատիչի պես չի պահում՝ ի տարբերություն այլ երկրների․ Մակրոն

Img default alt hy

Եվրոպական երկրները Աֆրիկայի նկատմամբ իրենց գիշատիչի պես չեն պահում՝ ի տարբերություն մի շարք այլ պետությունների, և ձգտում են աֆրիկացիների հետ հաստատել գործընկերային հարաբերություններ։ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

«Պարադոքսն այն է, որ եվրոպացիներն այս հարյուրամյակի գիշատիչները չեն: Մենք՝ եվրոպացիներս, կարողանում ենք նորարարություններ ներդնել, պաշտպանական արտադրանք և տեխնիկա արտադրել։ Սակայն մեզ անհրաժեշտ են կրիտիկական նշանակություն ունեցող հանքանյութեր, հազվագյուտ տարրեր, իսկ Աֆրիկան ցանկանում է հնարավորություն ունենալ դրանք արդյունահանել և վերամշակել հենց իր մոտ», - ասել է ֆրանսիացի առաջնորդը Jeune Afrique ամսագրին տված հարցազրույցում, որը նվիրված էր Նայրոբիում ընթացող «Աֆրիկա առաջ» (Africa Forward) գագաթնաժողովին։

Մակրոնի խոսքով՝ Եվրոպան «պաշտպանում է միջազգային կարգը, արդյունավետ բազմակողմանի մոտեցումը, իրավունքի գերակայությունը և ազատ ու բաց առևտուրը»։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն և Չինաստանը, ինչպես կարծում է Ֆրանսիայի նախագահը, «առաջնորդվում են առևտրային դիմակայության տրամաբանությամբ»։ Ըստ Մակրոնի գնահատականների՝ Չինաստանը «գործում է գիշատիչ տրամաբանությամբ», քանի որ ռեսուրսները վերամշակում է իր մոտ, «ստեղծում է հավելյալ արժեք և իր լիցենզավորման համակարգի միջոցով կախվածություն է ստեղծում մնացած աշխարհից»։

Այս առնչությամբ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Աֆրիկան, ինչպես և Եվրոպան, պետք է հավատարիմ մնա «ինքնավարության ռազմավարությանը», որպեսզի «կախվածություն չունենա որևէ նոր կայսրությունից»։

«Աֆրիկա առաջ» (Africa Forward) գագաթնաժողովը կազմակերպվել է Ֆրանսիայի և Քենիայի կողմից համատեղ՝ Նայրոբիում, մայիսի 11-ից 12-ը։ Դրան մասնակցում են աֆրիկյան մի շարք երկրների առաջնորդներ, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների, Աֆրիկյան միության և Եվրոմիության ներկայացուցիչներ, ներդրողներ, ձեռնարկատերեր և քաղաքացիական հասարակության անդամներ։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է քննարկել արհեստական բանականության զարգացումը, գյուղատնտեսությունը և պարենային անվտանգությունը, առողջապահությունը, էկոլոգիական անցումը և միջազգային ֆինանսական ճարտարապետության բարեփոխումը։