Լրահոս
Միջազգային
20:55
09.05.26
386

Հունգարիայի նոր կառավարությունը մտադիր է սահմանափակել վարչապետի պաշտոնավարման ժամկետը

Img default alt hy

Հունգարիայի կառավարությունը մտադիր է սահմանափակել ցանկացած անձի՝ վարչապետի պաշտոնում գտնվելու ժամանակահատվածը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում երկրի նոր վարչապետի երդմնակալության արարողությունից հետո։

«Մենք սկսում ենք Հունգարիայի սահմանադրական համակարգի համապարփակ վերանայում՝ երաշխավորելու համար, որ իշխանությունն այլևս երբեք չկենտրոնանա նախկին մակարդակով։ Մենք ամրապնդելու ենք մեր երկրում զսպումների և հակակշիռների համակարգը և հանդես ենք գալու վարչապետի պաշտոնավարման ժամկետների քանակը սահմանափակելու նախաձեռնությամբ։ Ժողովրդավարական երկրում իշխանությունը միշտ պետք է գործի որոշակի շրջանակներում»,- հայտարարել է Մադյարը, որի ելույթը հեռարձակվել է ազգային հեռուստաալիքներով։

Ավելի վաղ՝ «Տիսա» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ, նա արդեն հայտարարել էր վարչապետի պաշտոնավարումը երկու քառամյա ժամկետով սահմանափակելու մտադրության մասին։ Ներկայումս Հունգարիայի օրենսդրությունն այս հարցում որևէ սահմանափակում չի նախատեսում։ Վարչապետի պաշտոնը թողած Վիկտոր Օրբանը անընդմեջ իշխանության ղեկին էր վերջին 16 տարիներին։

Նոր սահմանափակումները կպահանջեն սահմանադրական փոփոխությունների ընդունում, սակայն Մադյարի կառավարությունը կարող է դրան հասնել առանց մեծ դժվարության։ Ապրիլի 12-ին կայացած ընտրությունների արդյունքներով «Տիսա»-ն խորհրդարանում ստացել է սահմանադրական մեծամասնություն՝ զբաղեցնելով 199 տեղերից 141-ը։

Իր երդմնակալության ելույթում Մադյարը մեծ ուշադրություն է դարձրել իրավական հարցերին և օրինականության ամրապնդմանը։ Նա խոստացել է «ծառայել ազգին, այլ ոչ թե իշխանությանը», վճռական պայքար մղել կոռուպցիայի դեմ և որոշումներ կայացնելիս առաջնորդվել նախևառաջ սեփական երկրի ազգային շահերով։ Նա նաև հավաստիացրել է, որ Հունգարիան կմնա եվրոպական պետություն, «կվերակառուցի իր հարաբերությունները» ԵՄ դաշնակիցների հետ, բայց միևնույն ժամանակ կպահպանի իր ինքնիշխանությունը։