Լրահոս
Հասարակական
22:56
18.03.25
163

Մասիսում բախվել են կանչի վայր մեկնող հրշեջ-փրկարարական «Isuzu»-ն ու «ԳԱԶել»-ը․ կա 6 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում հաշվառված  «Isuzu» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Մասիսի հրշեջ-փրկարարները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվ են գործել Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին  մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով հրշեջ ավտոմեքենան մեկնում էր կանչի վայր։