Լրահոս
Քաղաքական
13:49
16.05.26
320

Մենք առաջարկում ենք քրեական և վարչական համաներում․ Ագնեսսա Խամոյան

Img default alt hy

Մենք առաջարկում ենք քրեական և վարչական համաներում։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։

«Քիչ առաջ տեսա, որ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, իսկ ավելի կոնկրետ՝ նախընտրական բարեգործության շրջանակներում, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր մեկ տարուց ավել զրկված են եղել վարորդական իրավունքից, առանց քննություն հանձնելու կվերականգնեն իրենց վարորդական իրավունքները։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ սա մեծ ոգևորություն է առաջացրել, հատկապես այն համատեքստում, որ եթե նախկինում միջինում 700-800 վարորդ էր զրկված լինում վարորդական իրավունքից, ապա 2025 թվականին վարորդական իրավունքից զրկված անձանց թիվը 5435 է։ Պատկերացնո՞ւմ եք։ Ու հենց այս իշխանությունների օրոք է առանց վարորդական իրավունքի մեքենա վարելը քրեականացվել։

Ու այսօր կալանավայրերում մարդասպանների հետ նստած են մարդիկ, իրական հանցագործների հետ նստած են մարդիկ, ովքեր առանց վարորդական իրավունքի մեքենա են վարել։ Ես, իհարկե, չեմ արդարացնում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելը, բայց մարդիկ են նստած, ովքեր մահվան պատճառ չեն հանդիսացել, վթարի պատճառ չեն հանդիսացել, ովքեր վնաս չեն հասցրել։ Պարզապես տունը և ընտանիքը իրենց պահելու համար (իրենց ապրուստի միակ միջոցը, քանի որ, օրինակ, այս դեպքում տաքսի վարելն է եղել) մարդը առանց վարորդական իրավունքի մեքենա է վարել։

Ու ի՞նչ պետք է անի այս դեպքում պետությունը։ Պետությունը ոչ թե պետք է հատվածական լուծումներ առաջարկի և մոտեցում ցուցաբերի, պետությունը պարտավոր է համալիր անդրադառնալ խնդիրներին։ Դրա համար ի՞նչ ենք առաջարկում մենք։ Մենք առաջարկում ենք քրեական և վարչական համաներում։ Համաներումը մարդասիրական քայլ է, իսկ Հայաստանի Հանրապետությունում վերջին անգամ համաներում կիրառվել է 2018 թվականին։ Դա կլուծի կալանավայրերի բեռնաթափման հարցը։

Այսօր նախաքննական մարմիններում բազմաթիվ գործեր են հարուցված ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով. դեպքեր, որոնք չեն հանգեցրել մահվան, որոնք մեծ վնաս չեն տվել։ Եվ բոլոր այդ դեպքերում, կիրառելով համաներում, մենք կունենանք ահռելի բեռնաթափում՝ ինչպես դատական համակարգում, ինչպես կալանավայրերում, այնպես էլ իրավապահ մարմիններում։

Ուրեմն, սիրելի՛ հայրենակիցներ, առաջարկությունս ո՞րն է ձեզ. մի՛ խաբնվեք Նիկոլ Փաշինյանի խոսքերին։ Ձեզ «գցելու» է, ինչպես միշտ է «գցել»։ Որովհետև անգամ տեխնիկապես այս փոփոխությունը հնարավոր չի լինելու իրականացնել մինչև հունիսի 7-ը։ Իսկ այս խոստումը բացառապես նախընտրական տրամաբանության շրջանակներում է։ Լա՛վ եղեք»։

Ավելին՝ տեսանյութում։