Լրահոս
Քաղաքական
11:39
16.05.26
378

Մենք քաջ գիտակցում ենք՝ չենք կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ. Մհեր Գրիգորյան

Img default alt hy

Հայաստանը քաջ գիտակցում է հանրապետության՝ միաժամանակ Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում գտնվելու անհնարինությունը, և երբ նման անհրաժեշտություն հասունանա, համապատասխան որոշումը կկայացվի ՀՀ քաղաքացիների կողմից։ 

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և արդյոք այդ հարցով հանրաքվե կլինի՝ հաշվի առնելով հանրապետության՝ երկու միավորումներում գտնվելու անհնարինությունը։

«Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, և ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի կայացնել համապատասխան որոշում։ Ընդ որում, այդ հարցի վերաբերյալ որոշումը, անշուշտ, կկայացվի Հայաստանի քաղաքացիների կողմից։ Այժմ նման անհրաժեշտություն չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Միևնույն ժամանակ, Գրիգորյանը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, կառուցողական համագործակցություն է իրականացնում, լիարժեք մասնակցում է քննարկումներին և բոլոր որոշումների կայացման գործընթացներին»։

Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում, այդ դեպքում հնարավոր է «ինտելիգենտ ամուսնալուծության» տարբերակը։

Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտի 26-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է հանրապետության՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դա չի նշանակի Երևանի՝ համայնքին միանալու գործընթացի ավտոմատ մեկնարկ, քանի որ այդ հարցը պահանջում է հանրաքվեի անցկացում։ Ինչպես հայտարարել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Ռուսաստանն այս գործողությունները դիտարկում է որպես հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու սկիզբ։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության հետ։