Լրահոս
Միջազգային
18:45
02.03.24
239

Ուկրաինան հայտարարել է ռուսական Սու-34 կործանիչ խոցելու մասին

Img default alt hy

Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերի հրամանատարությունը մարտի 2-ին հայտարարել է նախօրեի առավոտյան ռուսական ևս մեկ Սու-34 կործանիչ ոչնչացնելու մասին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ հիմնվելով Facebook-ում ուկրաինական օդուժի էջում ներկայացված տեղեկատվությանը:

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ արևելյան ուղղությամբ ոչնչացվել է հակառակորդի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը, որը փորձել է կառավարվող ավիառումբերով հարվածներ հասցնել ուկրաինական դիրքերին: Հրապարակման պատրաստման պահին ռուսական կողմը դեռ պաշտոնապես չէր արձագանքել այս տեղեկությանը:

Ուկրաինայի զինվորականների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում խոցվել է ռուսական 12 ռազմական ինքնաթիռ, որից 9-ը՝ Սու-34։

Ուկրաինական կողմը հայտնել է, որ մարտի 2-ի գիշերը ռուսական զորքերը երեք К-59/Х-35 կառավարվող ավիացիոն հրթիռներով և 17 «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարքերով գրոհել է Ուկրաինայի զինուժի դիրքերը: Նշվում է, որ այդ ԱԹՍ-երից 14-ը խոցվել է Օդեսայի, Նիկոլաևի, Զապորոժիեի, Խարկովի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում: Օդեսայի և Խարկովի մարզերում խոցված ԱԹՍ-երի բեկորներից կան զոհվածներ և վիրավորներ։ Ուկրաինական կողմը հայտնել է Օդեսայում 4 մարդու, այդ թվում՝ 3-5 տարեկան երեխայի, զոհվելու մասին: