Լրահոս
Միջազգային
14:47
14.05.26
250

Թուրքիան կոչ է անում Հորմուզի նեղուցը չօգտագործել աշխարհաքաղաքական նպատակներով

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ղազախստանում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) նախարարական հանդիպման ժամանակ կբարձրացնի Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի և ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման հարցերը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը:

ԹՊԿ երկրների արտգործնախարարների նիստը տեղի կունենա մայիսի 15-ին Տուրկեստանում՝ կազմակերպության անդամ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական գագաթնաժողովից առաջ:

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն իր ելույթում կհայտարարի, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունների բացասական ազդեցությունը համաշխարհային անվտանգության և տնտեսության վրա զգում են բոլորը, և որ այդ իրադարձությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին թյուրքական աշխարհի համար լոգիստիկ այլընտրանքային տարբերակների կարևորությունը: Նա կընդգծի, որ չափազանց կարևոր է Հորմուզի նեղուցը չօգտագործել աշխարհաքաղաքական նպատակներով, և որ պետք է պահպանվի նավագնացության ազատության սկզբունքը»,- հայտնել է աղբյուրը:

Խոսելով ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորման հեռանկարների մասին՝ Ֆիդանը «կնշի Պակիստանի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ համատեղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնություններին աջակցելու շարունակականության կարևորությունը»:

Բացի այդ, թուրք նախարարը կանդրադառնա Գազայի հատվածում տիրող իրավիճակին. «Նա կընդգծի, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել Գազա մարդասիրական օգնության անխափան առաքումն ապահովելու համար և կշարունակի կատարել իր պարտականությունները միջազգային հանրության հետ համագործակցությամբ՝ Գազայի վերականգնման ուղղությամբ»,- հայտնել է զրուցակիցը:

ԹՊԿ նիստի շրջանակներում Ֆիդանը նախատեսում է նաև երկկողմ հանդիպումներ ունենալ կազմակերպության անդամ երկրների իր գործընկերների հետ: