Լրահոս
Միջազգային
20:00
16.05.26
338

Ընթացիկ տասնամյակը վերածվում է աղետների դարաշրջանի․ Հնդկաստանի վարչապետ

Img default alt hy

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերջին մի քանի տարիների իրադարձություններն անվանել է «աղետների տասնամյակ»։ Այս մասին նա հայտարարել է Հաագայում ունեցած իր ելույթի ժամանակ, ուր ժամանել է միջազգային շրջագայության շրջանակներում։

«Այսօր մարդկությունը բախվում է բազմաթիվ լուրջ խնդիրների։ Աշխարհը գործ ունի նոր մարտահրավերների հետ։ Նախ կորոնավիրուսի համավարակն էր, այնուհետև սկսեցին բռնկվել պատերազմներ, իսկ հիմա՝ էներգետիկ ճգնաժամը։ Այս տասնամյակն աշխարհի համար վերածվում է աղետների տասնամյակի»,- ասել է վարչապետը։

Մոդին նախազգուշացրել է, որ այս խնդիրներն արագ չլուծելու անկարողությունը կարող է ի չիք դարձնել գլոբալ զարգացման ձեռքբերումները։ «Եթե այս իրավիճակն արագ չփոխվի, վերջին տասնամյակների նվաճումները կչեղարկվեն, և աշխարհի բնակչության հսկայական մասը կսուզվի աղքատության մեջ»,- նշել է նա։

Ընդգծելով տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված համաշխարհային ջանքերը՝ Մոդին հայտարարել է, որ Հնդկաստանն ու Նիդերլանդները համատեղ կենտրոնացած են մատակարարման հուսալի շղթաների ստեղծման վրա։ «Նման ժամանակներում աշխարհը խոսում է կայուն մատակարարման շղթայի մասին, և դրա համար Հնդկաստանն ու Նիդերլանդները ջանքեր են գործադրում ապագային պատրաստ՝ հուսալի և թափանցիկ մատակարարման շղթա ստեղծելու ուղղությամբ»,- ասել է նա։

Հնդկաստանի կառավարության ղեկավարը մայիսի 15-ին մեկնել է հինգ երկրներից բաղկացած շրջագայության։ Նա արդեն այցելել է Միացյալ Արաբական Էմիրություններ։ Նիդերլանդներից հետո նա կուղևորվի Շվեդիա, Նորվեգիա և Իտալիա։