Լրահոս

2022-01-07
  • Հայաստան
    Փարաքարի մշակույթի տանը ռումբ կա․ ԱԻՆ-ը ահազանգ է ստացել
    ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 7-ին` ժամը 09:21-ին, ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մշակույթի տանը պայթուցիկ սարք է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։ «Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել»,- հայտնում է ԱԻՆ-ը։
    12:45
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալմաթիի կենտրոնում շարունակվում Է հրաձգությունը
    Հրաձգությունը չի դադարում Ալմաթի քաղաքի Հանրապետության հրակարակի շրջանում: Ինչպես հաղորդում Է «ՏԱՍՍ»-ը, կան զոհեր: Նրանք ընկած են ուղղակի ճանապարհին: Երևում են մի քանի գնդակոծված ավտոմեքենաներ, առնվազն դրանցից երկուսում կան մարդկանց մարմիններ: Իրադարձությունների կենտրոնն առավոտյան ժամերին Հանրապետության հրապարակն Է: Քաղաքի մյուս վայրերում հարաբերականորեն հանգիստ Է. կրակոցներ լսվում են ժամանակ առ ժամանակ: «ՏԱՍՍ»-ը տեղեկացնում Է, որ անկարգությունների շատ հրահրողներ Ալմաթիում երթևեկում են առանց համարանիշիերի մեքենաներով:
    12:38
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Պետդումայում աջակցել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների մշտական ​​տեղակայման գաղափարին
    «Ռիա Նովոստին» հայտնում է, որ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն աջակցել է Ղազախստանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահների մշտական ​​տեղակայման գաղափարին։ Կալաշնիկովն ընդգծել է, որ եթե ՀԱՊԿ ուժերի ներկայության վերաբերյալ նման որոշում կայացվի, ինքը միայն կողջունի։ «Մեր երկրների անվտանգությունը մշտապես սպառնալիքի տակ է, ամբողջ ժամանակ մեր ամրությունն են փորձում»,- ասել է պատգամավորը։ Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը նշել էր Ղազախստանում խաղաղապահների ներկայության ժամկետը։ Նրա խոսքով՝ դա կարճատև կլինի, «մի քանի օր, կամ մի քանի շաբաթ»։
    12:36
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախական վեց գազային ընկերություններ կասկածվում են գնային հանցավոր համաձայնության մեջ
    Հեղուկ գազ վաճառող ղազախական վեց ընկերությունների նկատմամբ հետաքննություն է ընթանում։ Ղազախստանի մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության ներկայացուցիչը «Khabar 24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ նրանք կասկածվում են գնային հանցավոր համաձայնության մեջ։ Հրապարակումների համաձայն՝ կասկածի տակ են հայտնվել «Կազմունայգազը», «Ակտոբեմունայգազը», «Կազգերմունայգազը» և «Ղազախօյլ»-ը։ Եվս երկու ընկերության անուններ չեն նշվում։ «Նրանց գործողություններում առկա են գնային հանցավոր համաձայնության և շուկայում գերիշխող դիրքի չարաշահման փաստեր»,- ասել է Մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության ներկայացուցիչը։ Նա նշել է, որ թանկացումը եղել է 2021թ․: Եթե ​​սկզբում մեկ տոննա գազի արժեքը կազմում էր մոտ 67 հազար տենգե, ապա տարեվերջին այն գերազանցել է 100 հազարը։ Այս մասին հաղորդում է «Khabar 24»-ը։ Հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն 20 օրվա ընթացքում և կներկայացվեն նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։
    12:35
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ղազախստանում ցուցարարներին սպառնում է 8 տարուց մինչև ցմահ ազատազրկում
    Ղազախստանի «ORDA» պորտալը տեղեկացնում է, որ Ղազախստանի դատախազությունը քրեական գործեր է հարուցել զանգվածային ցույցերի կազմակերպիչների և մասնակիցների նկատմամբ՝ «անկարգություններ» և «ահաբեկչական գործողություններ» հոդվածներով։ Նաև երկրում ստեղծվել է միջգերատեսչական քննչական խումբ՝ զանգվածային բողոքի ցույցերի վերաբերյալ քրեական գործեր վարելու համար։ Ղազախստանում ցուցարարներին սպառնում է ութ տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Նրանք կարող են զրկվել նաև Ղազախստանի քաղաքացիությունից։
    12:33
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    150 խաղաղապահ, 19 միավոր զինտեխնիկա. Ղրղզստանը միանում է Ղազախստանում ՀԱՊԿ զորակազմին
    «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ այսօր` հունվարի 7-ին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ։ ՀԱՊԿ քարտուղարությունից ստացված տեղեկությունները, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ղազախստանում տիրող իրավիճակը։ Ղրղզստանի խորհրդարանը համաձայնություն է տվել միանալու Ղազախստանում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի առաքելությանը։ Ղրղզստանի փոխվարչապետ Կամչիբեկ Տաշիևը խորհրդարանի նիստում ասել է, որ Ղրղզստանը Ղազախստան կուղարկի 150 խաղաղապահ և 19 միավոր զինտեխնիկա։
    12:27
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Խաղաղապահները հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը
    Խաղաղապահները Ղազախստանի իրավապահ մարմինների հետ հսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը: «ՏԱՍՍ» գործակալությունը տեղեկացնում է՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Ներկա պահին Ղազախստանի իրավապահ մարմինների հետ համատեղ Ալմաթիի օդանավակայանն ամբողջությամբ վերցվել է հսկողության տակ»,- նշել է Կոնաշենկովը:
    12:07
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է Ղազախստանում անկարգություններին աֆղան զինյալների մասնակցության մասին
    ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովը, «NTV»-ով հայտնել է, որ Ղազախստանի անկարգություններին մասնակցում են մի քանի երկրներում պատրաստված զինյալներ։ «Ցուցարարների շարքերում հայտնվել են լավ կազմակերպված զինյալներ ինչպես հարևան երկրներից, այնպես էլ Մերձավոր Արևելքից և, առաջին հերթին, Աֆղանստանից»,- ասել է նա: Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն օգնության խնդրանքով դիմել էր ՀԱՊԿ-ին՝ երկրում ծայր առած անկարգությունների պատճառով: Կազմակերպության գլխավոր քարտուղարը խոստացել է, որ խաղաղապահները չեն մասնակցի Ղազախստանում ցույցերը ցրելուն։ Նրանք իրավունք ունեն զենք գործածել միայն զինված խմբավորումների կողմից իրենց վրա հարձակման դեպքում։
    12:06
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Հյուսիսային Կորեան չի մասնակցի Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին
    Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել են, որ երկիրը չի կարողանա մասնակցել Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին․ «Մենք չենք կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին թշնամական ուժերի գործողությունների և գլոբալ համավարակի պատճառով, բայց մենք լիովին կաջակցենք մեր չինացի ընկերներին հոյակապ Օլիմպիական փառատոն անցկացնելու աշխատանքում»,- Կորեայի հեռագրային գործակալության հաղորդագրությունը մեջբերել է «ՌԻԱ Նովոստին» ։ Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը, Պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-13-ը։
    12:05
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում հարգել Ղազախստանի ինքնիշխանությունը
    ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում հարգել Ղազախստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականութոյւնը: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն ուշադիր հետևում է Ղազախստան օտարերկրյա զորքերի մուտքին։ «Բռնությունը պետք է դադարեցվի: Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն և ելք գտնել ստեղծված իրավիճակից։ Իհարկե, Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկխոսությանը»,- ասել է Բորելը։
    12:05
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Արագածոտնում վթարի է ենթարկվել 5 հնդիկ
    «Shamshyan.com»-ը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 7-ին, Արագածոտնի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 հնդիկի են տեղափոխել հիվանդանոց։ Ժամը 06:15-ի սահմանում Հնդկաստանի քաղաքացի, 26-ամյա Մոհամեդ Խիրֆանն իր «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 80 կմ հատվածում Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ Բրավին Կալուրադը (տարիքը ճշտվում է), 22-ամյա Միթուն Գանդենը, 23-ամյա Սթիֆ Ջենսոնը և 24-ամյա Զեֆին Շահը (բոլորը` Հնդկաստանի քաղաքացիներ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ վիճակում:
    11:55
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Հայտնի է՝ ով է ղեկավարելու Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունները
    ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է՝ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործողությունների ղեկավար է նշանակվել ՌԴ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:
    11:54
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ալեն Սիմոնյանի նոր ավտոմեքենայի ապահովագրումը արժեցել է 1.602.000 դրամ
    «Armdaily.am»-ը գրում է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր ձեռք բերած մեքենան ապահովագրվել է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունում։ Այն արժեցել է 1.602.000 դրամ։ Կառավարության մեկ անձից կատարվող գնումների ցանկում երևում է, որ ապահովագրումը ԿԱՍԿՈ տեսակի է, այն արվել է մեկ տարով՝ 2021 թվականի դեկտեմբերից, մինչև 2022 թվականի դեկտեմբերը։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել էր Ազգային ժողովի նախագահի համար 90 մլն դրամ արժողությամբ BMW 750Li xDrive LCI դասի ծառայողական ավտոմեքենա գնելու հարցը։ Որոշումը խիստ քննադատության էր արժանացել հանրության կողմից։ ՀՀ վարչապետն առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի նոր ավտոմեքենայի հարցին, ասել էր, որ իր ծառայողական հին ավտոմեքենան ևս շատ ծախս էր պահանջում։
    11:50
    07.01.22
    Ավելին
  • Հասարակական
    ՀՀ կառավարությունը չի պատրաստվում Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին․ ՀՀ ԱԳՆ
    Հայաստանի ԱԳՆ-ը մանրամասնել է, թե ինչ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող հայ զինծառայողները: «Արմենպրես»-ին ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել է, որ Ղազախստանում ծավալվող իրադարձությունների հետևանքով ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան. ՀՀ կառավարությունը այս պահի դրությամբ չի պատրաստվում Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին։ Հունանյանն ընդգծել է, որ հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։ Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։
    11:48
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ալմաթիում ձերբակալվել է ավելի քան 70 գրոհային
    «Սպուտնիկ Ղազախստան»-ը, հղում անելով Ղազախստանի ոստիկանությանը, հայտնում է, որ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ձերբակալվել է ավելի քան 70 գրոհային, որոնք հարձակվել են ադմինիսրատիվ շենքերի վրա։ Ձերբակալվել է նաև 30 կողոպտիչ: «Ալմաթիում ձերբակալվել է ադմինիստրատիվ շենքերի վրա հարձակված ավելի քան 70 գրոհային, ինչպես նաև 30 կողոպտիչ»,- նշված է «Սպուտնիկ Ղազախստան»-ի «Տելեգրամ»-ի ալիքի տարածած հաղորդագրության մեջ:
    11:42
    07.01.22
    Ավելին
  • Արցախ
    100 տարում առաջին անգամ Սուրբ ծնունդը Արցախում նշել են ռուս խաղաղապահների ետ
    100 տարում առաջին անգամ Արցախում տեղի է ունեցել Սուրբ ծննդի տոնակատարությունը ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների և ուխտագնացների մասնակցությամբ, որոնք գնացել էին Ռուսաստանից և Հայաստանից․ «2021թ. ապրիլի 12-ին կատարվեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի Հիսուսի ծննդյան տաճարի հիմնարկեքի, իսկ նոյեմբերի 4-ին՝ օծման արարողությունը։ Զորակազմի հրամանատարության և անձնակազմի, Ստեփանակերտ քաղաքի բնակիչների ջանքերով կարճ ժամկետում կառուցվեց այս զինվորական տաճարը։ Այսօր մենք տոնում ենք մեր տաճարի առաջին տոնը։ Սա առիթ է նորից մեծարելու Ռուսաստանի հավատարիմ զավակներին, որոնք իրենց ավանդն են ներդնում խաղաղության և համաձայնության վերականգնման գործում Լեռնային Ղարաբաղի բազմաչարչար հողում»,- ասել է Հիսուսի ծննդի տաճարի վանահայր Վադիմ Վալինկինը։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների տեղակայման տարածքում նոր կառուցված Հիսուսի ծննդյան տաճարում կայացել է Սուրբծննդյան ժամերգություն, որն ավարտվել է խաչակիր երթով։ Դրան մասնակցել է ավելի քան 200 զինծառայող և 100 ուխտագնաց։ «Ամեն տարի այս լուսավոր տոնը դիմավորում եմ ընտանիքիս, հարազատներիս և մերձավորներիս հետ։ Բայց այս տարի ես գործուղման մեջ էի, և տոնը դիմավորելու եմ ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմի հետ։ Ուրախալի է, որ այս տարի կառուցվեց ուղղափառ եկեղեցի, և մենք բոլորս հնարավորություն ունենք այցելելու տոնական պատարագին։ Բոլորին շնորհավորում եմ Հիսուսի ծննդյան լուսավոր տոնի առիթով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իգոր Ռազումովսկին։ Հիսուսի ծննդյան ուղղափառ եկեղեցին Լեռնային Ղարաբաղում կառուցվել է մոտ մեկ տարում հավատացյալ ռուս խաղաղապահների նախաձեռնությամբ։ Տաճարի համար հայ վարպետները և նկարիչները պատրաստել են 24 սրբապատկեր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հովանավոր սրբերի պատկերներով։ Առաջին աղթոքը նոր կառուցված տաճարում տեղի է ունեցել 2021թ. օգոստոսի 8-ին։ Բացման պահից մինչ օրս ժամերգություններին կանոնավորապես այցելում են խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ու Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ներկայացուցիչները։
    11:37
    07.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Հունվարի 7-ը Մեռելոց է
    Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օրն է` Մեռելոց: Այդ օրը Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրմիներին: Կառավարության որոշմամբ, հունվարի 7-ը սահմանվել է աշխատանքային օր:
    11:33
    07.01.22
    Ավելին
  • Արցախ
    Կորոնապատկերը՝ Արցախում
    Արցախում հունվարի 6-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել: Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 29-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ախտանիշներով հիվանդները բուժվում են ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32744 քաղաքացու հետազոտություն, որից 4838-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
    11:29
    07.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Ստանիսլավ Զասն ակնկալում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի առաքելությունը Ղազախստանում կարճ կտևի
    ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է, թե ինչ հիմքով են Ղազախստան ուղարկվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը և ինչ ժամկետով են այնտեղ առաքելություն իրականացնելու: «ՌԻԱ Նովոստի»-ն տված հարցազրույցում Ստանիսլավ Զասը նշել է, որ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր Ղազախստանի Հանրապետություն ուղարկելու համար հիմք են հանդիսանում Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ և չորրորդ հոդվածները, խաղաղապահ գործունեության մասին համաձայնագիրը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի` ռազմական օգնություն ցուցաբերելու մասին դիմումը․ «Ահա թե ինչն է հիմք ծառայել մեր պետությունների ղեկավարների կողմից խաղաղապահ գործողության անցկացման մասին որոշում կայացնելու համար: Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ հոդվածում հստակ և հասկանալի ասվում է, որ պետության անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի առաջացման դեպքում ՀԱՊԿ անդամ պետություններն անհապաղ խորհրդակցություններ են անցկացնում իրենց դիրքորոշումները համակարգելու համար և միջոցներ են ձեռնարկում այդ պետությանը օգնություն ցուցաբերելու համար, ինչը տեղի է ունեցել այս դեպքում Ղազախստանում: Այն իրադարձությունները, որոնք այնտեղ հիմա տեղի են ունենում, իրական վտանգ են ներկայացնում երկրի անվտանգության, նրա կայունության եւ նույնիսկ տարածքային ամբողջականության համար: Այդ պատճառով ստացվել է նման դիմում, անցկացվել են պետությունների ղեկավարների արտակարգ խորհրդակցություններ և համապատասխան որոշում է կայացվել ՀԱՊԿ խաղաղապահ ներուժի գործարկման մասին, որպեսզի նվազագույնի հասցվեն սպառնալիքները և վիճակը կայունանա»,- ասել է Զասը: Զասը հայտնել է, որ զորքերի տեղաբաշխումն արդեն սկսել է և ակնկալում է, որ խաղաղապահ զորքերի առաքելությունը կարճ կտևի․ «Մենք ակնկալում ենք, որ ժամկետը կլինի կարճ: Թե կոնկրետ ինչ ժամանակահատված կլինի՝ մի քանի օր կամ մի քանի շաբաթ, կախված կլինի այն իրավիճակից, որը կձևավորվի Ղազախստանում, և, իհարկե, դա կախված կլինի նաև Ղազախստանի ղեկավարության դիրքորոշումից: Եթե իշխանությունը համարի, որ իրավիճակը կայունացել է և այն վերահսկում է սեփական ուժերով, առանց մեր բոլոր պետությունների օգնության, ապա, իհարկե, գործողությունը կավարտվի, և բոլոր զորքերը դուրս կբերվեն»,- հավելել է Զասը: Զասի խոսքով` աշխատանքային կարգով ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները պատրաստակամություն են հայտնել իրենց ստորաբաժանումներով մասնակցել և սկսվել է դրանց տեղափոխումը: «Խաղաղապահ զորախմբի ռուսական մասի առաջատար խումբն արդեն գտնվում է Ղազախստանում և ձեռնամուխ է եղել առաջադրված խնդիրների կատարմանը: Երկու-երեք ժամ անց այնտեղ կլինի բելառուսական խմբավորման առաջին էշելոնը։ Աստիճանաբար, կարծում եմ, այսօրվա ընթացքում, մենք կավարտենք մեր մյուս բոլոր խաղաղապահ ստորաբաժանումների վերատեղաբաշխումը: Հավաքական խաղաղապահ ուժերի խմբավորման ընդհանուր թվաքանակը կարող է տարբեր լինել։ Այժմ այն որոշումներին համապատասխան, որոնք ընդունվել են, շուրջ 2500 մարդու մասին է խոսքը: Ըստ իրավիճակի որոշում կկայացնենք: Մենք ունենք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմի մեջ մտնող զորամասերի, միավորումների ամբողջ կազմը՝ շուրջ 3600 մարդ: Եթե անհրաժեշտ լինի, կուժեղացնենք խմբավորումը Ղազախստանում»,- ընդգծել է Զասը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ զորախմբում տարբեր ստորաբաժանումներ են ընդգրկվել`օդադեսանտային զորքեր, հատուկ գործողությունների ուժեր, հատուկ ստորաբաժանումներ: «ՀԱՊԿ-ում անդամ պետությունների զինված ուժերից խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված են հենց այնպիսի ստորաբաժանումներ, որոնք գտնվում են մշտական մարտական պատրաստության մեջ: Նրանք պատրաստ են կատարել խնդիրը առանց ինչ-որ նախապատրաստման»,- հավելել է Զասը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շեշտել է` խնդիրը քանակի մեջ չէ, թե քանի հոգու է ուղարկել այս կամ այն պետությունը: «Դա մի ժեստ է, որը նշանակում է պատրաստակամություն հայտնել աջակցել Ղազախստանին: Աջակցել են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները։ Դա մեզ համար կարևոր է»,- նշել է Զասը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի մանրամասնել, թե Ղազախստանի որ մասերում տեղակայված կլինեն զորքերը՝ նշելով, որ դա արդեն կախված կլինի այն որոշումներից, որոնք տեղում կընդունվեն այդ խաղաղապահ զորակազմի հրամանատարների կողմից՝ Ղազախստանի պաշտպանության նախարարության հետ փոխգործակցությամբ: «Եթե խոսենք այն խնդիրների մասին, որոնք դրված են նրանց առջև, ապա պայմանականորեն դրանք կարելի է բաժանել երկու հիմնական մասի: Առաջինը պետական, ռազմավարական կարեւորագույն օբյեկտների պահպանությունն է: Երկրորդ խնդիրն է աջակցել իրավակարգի պահպանմանը, որպեսզի մարդիկ իրենց ապահով զգան»,- ասել է Զասը: Նա զրպարտություն է համարում այն խոսակցությունները, որ ՀԱՊԿ ստորաբաժանումները ցույց են ցրելու և այլն: «Ոչ, դա չի լինելու: ՀԱՊԿ-ի ստորաբաժանումները այլ խնդիրներ ունեն կատարելու»,- ընդգծել է Զասը: Հարցին` եթե զինված ավազակախմբերը հարձակվեն խաղաղապահ ուժերի կողմից պաշտպանվող ինչ-որ օբյեկտի վրա, ուժերը ի պատասխան զենք կիրառելու լիազորություններ ունե՞ն, Զասը պատասխանել է՝ «այո, այդ դեպքում զենք կկիրառվի»: Նա հստակեցրել է, որ հավաքական խաղաղապահ ուժերի զինծառայողները նման իրավունքներ ունեն: Զասը դեռ չի շտապում հայտնել, թե ով է լինելու խաղաղապահ ուժերի հրամանատարը․ «ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհուրդը որոշում կընդունի խաղաղապահ ուժերի հրամանատար նշանակելու մասին: Արդեն կա թեկնածու, բայց դեռ հաստատված չէ, դրա համար էլ չեմ ուզում բարձրաձայնել: Կլինի որոշումը, հետո այն կհրապարակվի ԶԼՄ-ներում»,- ասել է Զասը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Ղազախստանում իրավիճակը կկայունանա: «Իրավիճակը բարդ է, բայց արդեն կարելի է զգուշավոր հետևություն անել այն իրադարձությունների հիման վրա, որոնք տեղի են ունեցել գիշերը և այսօր ցերեկը. արդեն որոշակի բեկում է նկատվում դեպի լավը: Եվ, ի վերջո, մենք հույս ունենք, որ այս միտումը կամրապնդվի, կցանկանայի մտածել, որ այդ թվում նաև ՀԱՊԿ-ի միջոցով, բայց հիմա այնտեղ ղազախական ուժերը կարողանում են գլուխ հանել: Դժվար է նրանց համար, իհարկե, այդ պատճառով նրանց պետք է օգնել»,- եզրափակել է Զասը:
    11:25
    07.01.22
    Ավելին