Լրահոս
Հասարակական
22:08
15.07.26
42

Ինչպես պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից

Img default alt hy

Երեխաներն արևից հատուկ պաշտպանության կարիք ունեն: Նրանք աճի դինամիկ վիճակում են և ավելի քան մեծահասակները, ընկալունակ են շրջակա միջավայրի սպառնալիքների նկատմամբ:
 
Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, թե ինչպե՞ս պաշտպանել երեխաներին արևի վնասակար ազդեցությունից:
 
«Սահմանափակե՛ք ցերեկային ժամերին արևի տակ գտնվելու ժամանակը. արևի ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթները սովորաբար առավել ուժեղ են կեսօրին մոտ՝ մի քանի ժամ, ու ավելի թույլ են վաղ առավոտյան և ուշ կեսօրին/երեկոյան: Հնարավորինս սահմանափակե՛ք, հատկապես` 11-17:00-ն ընկած ժամանակահատվածում, արևի տակ գտնվելը:
 
Ուշադրություն դարձրե՛ք ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսին. հատուկ ուշադրություն դարձրեք արևից պաշտպանության միջոցների կիրառմանը, երբ կանխատեսվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի միջին կամ բարձր մակարդակ:
 
Պաշտպանվե՛ք արևից. աշխատե՛ք գտնվել ստվերում, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթներն առավել ուժեղ են, բայց հիշե՛ք, որ ծառերի, հովանոցների կամ ծածկերի ստվերները չեն ապահովում ամբողջական պաշտպանություն արևից:
 
Երեխային հագցրե՛ք արևապաշտպան հագուստ․ լայն եզրով գլխարկ՝ աչքերը, ականջները, դեմքը և պարանոցի հետևի հատվածը պաշտպանելու համար, խիտ գործվածքով, ազատ և բաց գույների հագուստ, որը ծածկում է ձեռքերն ու ոտքերը:
 
Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք. լողալուց, խաղալուց կամ բացօթյա զբոսանքից առաջ մաշկի բաց հատվածներին առատորեն քսեք լայն սպեկտրի, շատ բարձր արևապաշտպան գործոնով (SPF) քսուք:
 
Խմե՛ք բավարար քանակությամբ ջուր օրվա ընթացքում՝ նույնիսկ եթե ծարավ չեք զգում: Շոգ օրերին ջուրը ոչ միայն հագեցնում է ծարավը, այլև օգնում է պահպանել օրգանիզմի բնականոն աշխատանքը։
 
Խուսափե՛ք, առավել ևս դեռահասները, արհեստական արևայրուքի լամպերից և սրահներից. արհեստական արևայրուքի սարքերը վնասում են մաշկն ու անպաշտպան աչքերը։ Ցանկալի է իսպառ խուսափել դրանց օգտագործումից»,- նշված է առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։