Լրահոս

2022-03-16
  • Արցախ
    Ադրբեջանական կողմն սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները
    Մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ՝ ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ: ❗️Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ ՊԱՏԱՀԱՐ տեղի չունենա: Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով:
    15:11
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Առաջարկվում է Ուկրաինայում ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակ ստեղծել․ Պեսկով
    Այժմ քննարկվում է Ուկրաինայի ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակը, դա կարող է դիտվել որպես փոխզիջում: Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարել էր, որ Կիևն առաջարկում է Ուկրաինայում ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական տարբերակ ստեղծել։ Այս առնչությամբ լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Կրեմլը բավարարվա՞ծ է ապառազմականացման այս տարբերակով։ «Այդ տարբերակը, որն իսկապես այժմ քննարկվում է, կարող է դիտվել որպես որոշակի փոխզիջում»,- պատասխանել է Պեսկովը։ Նա համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակը կարող է բարելավվել Մոսկվայի և Կիևի միջև բանակցություններում պայմանավորվածությունների օգնությամբ։ Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։ Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
    14:32
    16.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Թշնամու նպատակը ռազմավարական բարձունքներ գրավելն է՝ Սյունիքում և Արցախում. Աբրահամյան
    Սյունիքում անցած շաբաթ ևս մեկ կիլոմետր առաջ եկած ու Վերին Հանդ գյուղում վրաններ խփած ադրբեջանցիների նպատակը ռազմավարական նշանակության մեկ հանգույց գրավելն է: Այսպիսի կարծիք Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է հայտնել 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման տաղավարում:
    14:29
    16.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Չարենցավանի կարի ֆաբրիկայի պահեստում հրդեհ է բռնկվել
    Մարտի 16-ին, ժամը 12։35-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի պահեստում, հայտնում են ԱԻՆ-ից: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է հումքի պահեստի տարածքում (մոտ 30 քմ):
    14:26
    16.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 16.03.22
    14:25
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նա ոչ թե զենք պիտի վերցներ, այլ զենք սարքեր. Վիկտոր Համբարձումյանի եղբոր թոռը՝ հետախույզ, հրետանավոր Ռուբենը
    44-օրյա պատերազմում զոհվել է նաև աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի եղբոր թոռը՝ Ռուբենը։ Ամրակազմ, թիկնեղ տղան, որ շատ էր սիրում թվերի ու աստղերի աշխարհը, նաև քաղցրավենիք, ծնվել է Երևանում։ Դեռ փոքր տարիքից պարզ երևում էին Ռուբենի բացառիկ ունակությունները։ «Ռուբենս սովորել է Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։ Բացառիկ խելքի տեր էր։ Ինչից հարցնեիր, գիտեր, սիրելի թեմաներն էլ կապված էին թվերի հետ։ Շատ հանգիստ երեխա էր, քչախոս ու քչով էլ բավարարվող։ Երբեք ոչ մի նեղություն տված չկա՝ ոչ փոքր տարիքում, ոչ ծառայության ընթացքում»,- պատմում է մայրը՝ Աննան։ Կանաչ աչքերով Ռուբենը սիրահարված էր, չէ, աղջկա չէ, աստղերին։ Մայրն ասում է՝ ռոմանտիկ չէր, բայց հաճախ էր երկնքին նայում։ Կրտսեր Համբարձումյանն ընդունվել էր ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, նաև Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարան։ Որոշել էր՝ մինչև չծառայի, չի մեկնի Մոսկվա։ «2019թ․ հուլիսի 26-ին էր զորակոչվել բանակ Ռուբենս։ Նա դարձել էր ավագ հետախույզ, ապա՝ հրետանավոր։ Ծառայության 6-րդ ամսում սերժանտական դասընթացների էր մասնակցել։ Լավ ծառայության համար սեպտեմբերի 12-ին տղաս ստացել էր սերժանտի կոչում և պարգևատրվել «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Մաթեմատիկայի և հաշվարկային գերազանց հմտությունների շնորհիվ՝ դարձել էր N հրետանային դիվիզիոնի կառավարման դասակի շտաբի պետի հաշվարկող»,- պատմում է Աննա մայրիկը։ Նա ոչ թե զենք պիտի բռներ, այլ պիտի սարքեր, որ Հայաստանը հաղթանակներ ունենար։ Ռուբենը ոչ հասցրեց զենք սարքել, ոչ էլ տեսավ իր այնքան սիրելի երկրի հաղթանակները։ Ծառայելիս է եղել Մարտունիում։ Համբարձումյանների ընտանիքին անծանոթ շատ մարդիկ են նրանց ասել՝ եթե Ռուբենի ճշգրիտ հաշվարկները չլինեին, Մարտունու զորամասը հօդս ցնդած կլիներ։ «Պատերազմի ընթացքում Ռուբենի հաշվարկած թիրախների կորդինատներով, բացարձակ ճշգրտությամբ, ոչնչացվել է թշնամու ահռելի թվով զրահատեխնիկա։ Նա մասնակցել է Մարտունու թեժ մարտերին։ Հոկտեմբերի 2-ին վիրավորվել է տղաս՝ ստանալով կանտուզիա, և մի քանի օր բուժվելուց հետո՝ դեռ չապաքինված, նորից անցել է ծառայության։ Ռուբենս զոհվել է Մարտիունիում՝ հոկտեմբերի 22-ին»։ Ուսուցիչները պատմում են, որ Ռուբենը միշտ հպարտանում էր իր ազգանունով, իրենք էլ տղայի՝ Վիկտոր Համբարձումյանի եղբոր թոռը լինելով։ Քաղցրակեր Ռուբենը քաղցրացնում էր ընտանիքի կյանքը, որ հիմա, տիկին Աննայի խոսքերով, անգույն ու անհամ է դարձել։ «Այն երկնքին, որին սիրահարված էր Ռուբենս, հիմա դժվարությամբ եմ նայում։ Հոգիս դատարկված է, բայց փայլուն աստղերը մի բան հուշում են՝ որդիս կա»։
    14:08
    16.03.22
    Ավելին
  • Արցախ
    Խրամորթից այլ բնակավայրեր տեղափոխված կանայք և երեխաները դեռ չեն վերադարձել
    Ադրբեջանական կրակոցների հետևանքով Խրամորթից այլ բնակավայրեր տեղափոխված կանայք և երեխաները դեռևս չեն վերադարձել Խրամորթ: Ասկերանի շրջվարչակազմը հայտարարել է, որ այլ բնակավայրերի բնակիչների անվտանգությանը ոչինչ չի սպառնում:
    14:06
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք
    Մարտի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել: Արցախի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվել է 57 թեստավորում։ Ստացիոնար բուժում է ստանում 18 քաղաքացի։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10263 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3067 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 40 դեպք է արձանագրվել:
    13:43
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Շրջաններում բուք է սպասվում. ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով
    Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մարտի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: Մարզերում այսօր ցերեկը, մարտի 17-ի երեկոյան, 18-ի գիշերը, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, մարտի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով: Արցախում այսօր սպասվում է ձյուն, վաղը՝ առանց տեղումների եղանակ։
    13:34
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՔԿ-ն խնդրում է «Ֆինիկո» անվանումով ընկերության հանցավոր գործունեությունից տուժած անձանց դիմել իրենց
    ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողություններ՝ «Ֆինիկո» ընկերության հանցավոր գործունեության արդյունքում տուժած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. մարտից Հայաստանի Հանրապետությունում գործունեություն է իրականացրել «Ֆինիկո» («FINIKO») անվանումով ընկերություն, որը գործել է որպես ֆինանսական ներդրումային գործունեություն իրականացնող ընկերություն և հաճախորդներին առաջարկել է ներդրումներ կատարել՝ հետագայում 25-30 տոկոս եկամտաբերություն ստանալու նպատակով: Ներդրումները կատարվել են կանխիկ գումարները կրիպտոարժույթի փոխարկելու և դրանք ընկերության համապատասխան էլեկտրոնային դրամապանակ մուտքագրելու եղանակով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ստեղծվել և ղեկավարվել է ֆինանսական բուրգ, այսինքն՝ իրականացվել է գույքի ներգրավմանն ուղղված գործունեություն, որով գույք ներդրողի օգուտը պայմանավորվել է նոր ներդրողների ներգրավումից ստացված գույքի հաշվին՝ առանց նշված գույքն իրական ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու մտադրության, որի արդյունքում անձանց պատճառվել է խոշոր չափի վնաս: Պարզվել է նաև, որ ՀՀ տարածքում «Ֆինիկո» անվանումով ընկերության գործունեությունը ղեկավարվել է Վազգեն Զոբոյանի և վերջինիս կնոջ կողմից, ովքեր 2021թ. հուլիսի 31-ից Հայաստանի Հանրապետությունում չեն գտնվում: Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է, որ նշված ընկերության հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիները դիմեն Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն:
    13:26
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Աշխարհին ցույց տանք, որ Հայաստանում դեռևս կան արժանապատվություն ունեցողներ». վաղն ակցիա կլինի ԱԳՆ շենքի մոտ
    ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնելու Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ «Հայաստանում խորացող համակարգային և Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային ճգնաժամերի պայմաններում հայաստանյան դե ֆակտո իշխանությունները շարունակում են բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող գործողությունները՝ փորձելով հայ ժողովրդին կանգնեցնել ևս մեկ աղետի առջև։ Հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, ժամը 13։00-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական և ուսանողական կազմակերպությունները միասնական ակցիա են իրականացնելու Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց՝ ԱԳՆ նախարարի պաշտոնակատարին հիշեցնելով, որ ինքը չի ներկայացնում հայ ժողովրդի իրական շահերը։ Նախարարության շենքի մոտից երթով շարժվելու ենք կառավարության շենք՝ կառավարության ղեկավարին ևս մեկ անգամ հայտնելու, որ վերջինս հայ ժողովրդին նոր զիջումներ և կորուստների ոչ մի մանդատ չունի։ Սիրելի հայրենակիցներ, կոչ ենք անում մարտի 17-ին միանալ մեզ՝ հակազգային իշխանություններին և աշխարհին ցույց տալու, որ Հայաստանում դեռևս կան արժանապատվություն ունեցողներ, ովքեր ամեն կերպ կանխելու են պետականակործան այս գործընթացը։ Սիրելի հայրենակիցներ, այս ճգնաժամը չի հաղթահարվելու մեկ ակցիայով կամ գործողությամբ։ Բայց արդար զայրույթի ձայն ու պայքարի բռունցք բարձրացնելն արժանապատիվ հայ երիտասարդի պարտականությունն է եւ ավելի լավ Հայաստանի ու հայկական Արցախի միակ շանսը։ Միացե’ք մեզ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, տարիքից եւ քաղաքական հայացքներից», - ասված է տարածված հաղորդագրությունում։
    13:14
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վարդենիսի ՔՊ-ական նախկին համայնքապետը նկարվել է դավաճանության մեջ մեղադրվողի հետ
    Թե որտեղից են ինձ կանչել կամ չեն կանչել, դրա արդյունքները կհրապարակվեն, որից դուք կտեղեկանաք ամեն բան: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, Վարդենիսի համայնքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Վարդենիսի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Վարդենիսի նախկին համայնքապետ Արամ Մելքոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջերս լուսանկար հրապարակվեց, որտեղ ինքը պետական դավաճանության մեջ կասկածվող անձի հետ էր եւ արդյոք դրա հետ կապված իրեն կանչել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ: Եբ լրագրողներից մեկն ասաց, որ նա յդ անձի հետ եղել է Վարդենիսի դիրքերում, Արամ Մելքոնյանն ասաց. «Վարդենիսի դիրքերում վերջին 3 տարվա ընթացքում եղել եմ հազարավոր մարդկանց կողքին, ունեմ նկարներ հազարավոր մարդկանց հետ: Յուրաքանչյուրին հարգել եմ որպես սպա, որպես երկրի պաշտպան: Կան իրավապահ մարմիններ, որոնք դրանով զբաղվում են: Ես շատ մարդկանց հետ եմ եղել, վերջին շրջանում շատ նկարներ են հրապարակվել իմ նկարներից, որի իրավունքը չկար, իմ կարծիքով: Ես զինվորական համազգեստ կրող բոլոր անձանց հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ եղել, քանի որ համարել եմ, որ իրենք մեր երկրի պաշտպաններն են»:
    13:05
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նախագահ Խաչատուրյանը նոր նշանակում է կատարել
    ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կարգադրությամբ Արմեն Մարկոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասը. Արմեն Մարկոսյանին 2022 թվականի մարտի 15-ից նշանակել Հանրապետության նախագահի օգնական», - նշված է որոշման մեջ։
    12:44
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանությունն ու թուրք-ադրբեջանական կոալիցիան խաղում են բաց քարտերով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»․ Հովհաննիսյան
    Իշխանությունն ու թուրք-ադրբեջանական կոալիցիան խաղում են բաց քարտերով՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», «ճանապարհները մերն են», ու դրա դիմաց՝ խաղաղություն։ Իշխանությունը երեկվանից սկսել է վերադառնալ 1991 թ.՝ արդարացնելու համար աղետը։ Արհեստական պրոցես, ինչը նշանակում է, որ իշխանությունէ իր որոշումը կայացրել է և ապագայի տապալումը փնտրում է անցյալում։ Հայաստանի ապագայի մասին բաց քարտերով է խոսում Ռուսաստանը։ Լուկաշենկոյից սկսած մինչև երեկվանից հրապարակ նետված ռուսահայ էմիսարներ ավետում են, որ Հայաստանը լինելու է նոր Միութենական պետության կազմում։ Սա է մեզ մատուցվող հեռանկարը։ Շատ պարզ, առանց երկիմաստության։ Իսկ հայ ժողովրդի 90 տոկոսն առայժմ պատկերացում չունի իրեն կանխորոշվող հեռանկարի մասին։ Ընդդիմության արձագանքի տարբերակները Տարբերակ առաջին Մնալ տանը, սպասել մինչև փաստը կայանա, իշխանությունը տապալի, բերի փլուզումների, հետո կերևա, գուցե շանս կբացվի։ Սա կլինի ծայրահեղ անազնիվ՝ պետության, հասարակության և սեփական ընտրազանգվածի հանդեպ։ Արցախի և պետականության կորստից հետո ո՞ւմ է պետք է այդ շանսը։ Տարբերակ երկրորդ Ընդդիմությունը չի մնում տանը և որդեգրում է ակտիվ հակաիշխանական հարձակումների մարտավարություն՝ օգտագործելով բոլոր տեխնոլոգիաները։ Հախուռն հակաիշխանական արշավն այսօր վտանգավոր է պետության համար, որովհետև իշխանությունը, այո, զգալիորեն կարող է թուլանալ, բայց այդ ընթացքում չի ձևակերպվելու պետության հեռանկարի այլընտրանքը, պրոցեսը չի բերելու պետական ռացիոնալ շահի, պետությունը է´լ ավելի է թուլանալու։ Հետևանքը լինելու է մեծ, համընդհանուր փլուզումը։ Տարբերակ երրորդ Ընդդիմությունն ակտիվանում է և, որպես բովանդակություն, որդեգրում է «ֆիդայականությունը»՝ իրականությունից և իրական հնարավորություններից կտրված գաղափարներով։ Զգացմունքային, իռացիոնալ հայրենասիրության պարագայում իշխանությունը շահեկան դիրքում է հայտնվելու՝ միջազգային հանրության և հասարակության մի զգալի հատվածի առաջ։ Ընդդիմությունը դիտվելու է որպես արկածախնդիրների խմբակ, որի ֆոնին իշխանությունը հեռատես և իմաստուն է թվալու։ Այս պարագայում պետությունը ոչ մի օգուտ չի ստանալու, չի հաջողվելու խուսափել վատ սցենարներից, իսկ ընդդիմությունն արագ գնալու է մարման։ Տարբերակ չորրորդ Ընդդիմությանը հաջողվում է ձևակերպել սառը, պրագմատիկ ծրագրային փաթեթ՝ զերծ մնալով պոպուլիզմից, հանրությանը հաճոյանալու հնարքներից։ Փաթեթը պիտի ներկայացնի այսօրվա իրականությունը՝ պարզ, առանց թաքցնելու վտանգները, որոնք այսօր բացվել են Հայաստանի ու Արցախի առաջ և հնարավորությունները, որոնք կան՝ դրանք մեղմելու համար։ Ընդդիմությունը պիտի նկարագրի սցենարները, որոնք այսօրվա աշխարհում Հայաստանին ու Արցախին կարող են սպասել, և պիտի ներկայանա այդ ողջ համատեքստում սեփական առաջարկներով՝ փորձելով մնալ առավելագույն սթափության, բայց նաև արժանապատվության սահմաններում։ Այդ փաթեթով այն պետք է ներկայանա հանրությանը, արտաքին դաշնակիցներին, հարևաններին, աշխարհին։ Այդ դեպքում ընդդիմությունը ստանում է հնարավորություն՝ հասարակական զգալի կոնսոլիդացիա ապահովելու, ձեռք է բերում շանս՝ դառնալու Հայաստանի նոր դեմքը և մեծ համախմբվածության արդյունքում պետությունը փրկելու վատագույն զարգացումներից։ Սա բարդ, բայց միևնույն ժամանակ միակ ճիշտ տարբերակն է։ Այս ամենի համար, սակայն, պետք է գրագետ բովանդակություն և կազմակերպչական ծանր աշխատանք։ Ընդդիմությունը նախ իր ներսում պետք է գտնի ֆորմատ՝ քննարկելու բոլոր ցավոտ բովանդակային հարցերը և գալու եզրահանգումների։ Պիտի դադարի լինել սովորական, այս պահի ընդդիմություն, այլ դառնա իրական այլընտրանք Հայաստանի այսօրվա իրականության մեջ։ Պետք է դառնա հասկանալի և ընդունելի՝ հասարակության լայն շերտերի համար։ Դրա թե´ բովանդակային, թե´ տեխնիկական լուծումները կան։ Ցավոք, տիտղոսային ընդդիմությունը կորցրել է կարևոր ժամանակահատված։ Խոսքը ընտրություններից հետո փուլի մասին է։ Այդ ժամանակահատվածում հնարավոր էր կանխատեսել այսօրվա վիճակը և 8-9 ամսվա ընթացքում ձևակերպել բովանդակային այլընտրանք, որով կարելի կլիներ ներկայանալ հանրությանը և համախմբել հասարակության լայն շերտեր։ Ինչո՞ւ դա չարվեց, ես չգիտեմ։ Ցավոք, «Արժանապատիվ խաղաղություն» բանաձևը, որ ընտրություններից առաջ մտցվեց ընդդիմության օրակարգ, այդպես էլ մնաց օտար նրա համար, չդարձավ բովանդակություն, չբացվեց։ Դա պետք էր անել նախորդած ժամանակահատվածում, և այսօր այլ իրավիճակ կլիներ։ Թե ընդդիմադիր զարգացումներից ո՞րը կլինի, դժվար է կանխագուշակել։ Բայց առաջին երեք տարբերակների դեպքում իշխանությունը շահեկան դիրքում է հայտնվելու և ժողովրդին ներակայանալու է, որպես «խաղաղություն բերող», որի դիմաց կանգնած է «պատերազմի ընդդիմությունը»։ Չափազանց կարևոր է՝ չմսխել ընդդիմության ռեսուրսը։ Սխալ որոշումների արդյունքում դրա ռիսկը մեծ է։ Անհատական մակարդակով այնտեղ կա լուրջ ռեսուրս, կա գրագետ դեմքերի պատկառելի ցանկ, և եթե այդ ռեսուրսը սխալ քայլերով փոշիացվեց, ապա կլինի նկատելի կորուստ և նկատելի վնաս պետությանը։ Հետագա զարգացումներում կարևոր, չեմ բացառում նաև՝ վճռորոշ դերակատարում կարող է ունենալ հանրային այն գործիչների մեծ համայնքը, որոնք, չլինելով ընդդիմադիր ֆորմալ ձևաչափերում, ամենօրյա ռեժիմով խոսում են հասարակության հետ՝ ձևավորելով հանրային տրամադրություններ և բովանդակություն։ Չի բացառվում, որ այս ճակատագրական փուլում, խմորումների և տագնապների ֆոնին, ձևավորվեն նոր քաղաքական հոսանքներ, նոր միավորներ, և ընդդիմությունը ստանա այլ տեսք։ Իրականում դրանք հենց նման բախտորոշ փուլերում էլ ձևավորվում են։ Հանրային գործիչների, անհատների և մտահոգ հանրության ռեսուրսը կքննարկվի հաջորդիվ։
    12:23
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Նոր տուն» հացատանը կրակոցներ են հնչել․ կան վիրավորներ
    Երեկ՝ մարտի 15-ին, վիճաբանություն և կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություն է փոխանցվել, որ պետ «պոլիտրավմա, ծակած վերք հարցականով և պոռթած հրազենային վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 37-ամյա Արգամ Մանուկյանն է։ Ոստիկանները պարզել են, որ Ա. Մանուկյանը վնասվածքները ստացել է «Նոր տուն» հացատանը։ Մինչ նրանք պարզում էին դեպքի հանգամանքները, այսօր՝ մարտի 16-ին, ժամը 00։40-ի սահմաններում «Հրազդան» ԲԿ-ից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ձեռնաթաթի հրազենային կույր վիրավորում, աջ ազդրի կտրած վերք, աջ ականջի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Նորայր Սարգսյանն է, որը վնասվածքները ստացել է «Նոր տուն» հացատանը։
    12:02
    16.03.22
    Ավելին
  • Հասարակական
    11-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել մոր հետ
    SHAMSHYAN.com-ը մարտի 13-ին գրել էր, որ Երևանում 73-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մոր ու որդու։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ 73-ամյա Սպարտակ Խ-ն Ford Transit-ով մորն ու որդուն վրաերթի է ենթարկել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, որից հետո վիրավորներին անմիջապես օգնության էր հասել Երևանի բնակիչ Կ. Ավագյանը, որն այդ պահին Opel մակնիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել։ Երեխան գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Տուժել էին 31-ամյա Աննա Կ.-ն և 11-ամյա Վլադ Պ.-ն: SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած պահը՝ ինչպես է տեղի ունեցել վրաերթը։
    11:44
    16.03.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախի Լիսագորի հատվածը դժվարանցանելի է
    Արցախում ավտոճանապարհները հիմնականում բաց են` ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ առավոտյան ժամը 6։00-ից միջշրջանային ու միջպետական ավտոճանապարհներին շինարարական կազմակերպությունների կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ։ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ դժվարանցանելի է Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհի «Ցեխ ձոր» հատվածը, Ստեփանակերտ-Մարտունի ներպետական ճանապարհահատվածի «Բովուրխանի» ոլորանները, Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը: Սյունիքի մարզի «Զանգեր»-Սարավան հատվածում և մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
    11:38
    16.03.22
    Ավելին
  • Քաղաքական
    Պարտված ՔՊ-ական թեկնածուն ասում է, որ Վարդենիսում ամենաշատ ձայնն իրենք են տարել
    Մենք շատ լավ տրամադրությամբ եկել ենք, ժողովրդի կողմից ստացել ենք 13 մանդատ։ Այս մասին Վարդենիսում ավագանու արտահերթ նիստից առաջ ասել է Վարդենիսի նախկին ՔՊ-ական քաղաքապետ Արամ Մելքոնյանը։ «Պետք է հասկանաք, որ ՔՊ-ն միայնակ տարածաշրջանում տարել է ձայների բացահայտ առավելությամբ․․․»,- ասել է Մելքոնյանը։ Լրագրողի դիատրկմանը, որ երկու խմբակցություններ միացել են և ունեն 14 ձայն, Մելքոնյանը այլ մեկնաբանություն է տվել, որ եկել են ժողովրդի տված մանդատների հետևից և պետք է պատվով պահեն մանդատների ինքնությունը։
    11:31
    16.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    11:28
    16.03.22
    Ավելին