Լրահոս

2022-02-04
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով
    ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների կապակցությամբ կձևավորվի կառավարական հանձնաժողով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունից: «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- նշված է հաղորդագրության մեջ: Արթուր Գրիգորյանը կյանքից հեռացել է այսօր՝ հիվանդանոցում:
    18:20
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանն ու Չինաստանը կոչ են արել չքաղաքականացնել կորոնավիրուսի ծագման հարցը․ «դրանով պետք է զբաղվեն միայն գիտնականները»
    Ռուսաստանն ու Չինաստանը կոչ են արել չքաղաքականացնել հարցը, թե որտեղից է ծագել կորոնավիրուսային վարակը և նշել են, որ դրանով պետք է զբաղվեն միայն գիտնականները։ Երկրներն այս հարցի շուրջ դիրքորոշում արտահայտող հայտարարությամբ են հանդես եկել։ «Կողմերն ընդգծում են, որ կորոնավիրուսի ծագումը գիտական հարթությունում պետք է ուսումնասիրվի»,- նշված է փաստաթղթում։ Հայտարարությունում ասվում է նաև, որ վարակի ծագման շուրջ ուսումնասիրությունները պետք է հիմնված լինեն գլոբալ գիտելիքների վրա, ինչի համար անհրաժեշտ է ամբողջ աշխարհի գիտնականների միջև համագործակցությունը։ «Կողմերը դեմ են այս հարցի քաղաքականացմանը»,- ընդգծված է փաստաթղթում։ Ռուսական կողմը նշված հայտարարությամբ ողջունել է նաև Չինաստանի և ԱՀԿ-ի համատեղ աշխատանքը՝ ուղղված կորոնավիրուսային վարակի աղբյուրը պարզելուն։ «Կողմերը միջազգային հանրությանը կոչ են անում կորոնավիրուսային վարակի ծագումն ուսումնասիրելիս միասին ցուցաբերել գիտական լուրջ մոտեցում»,-նշված է հայտարարությունում։
    18:10
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նա կարողանում էր երաժշտական ճաշակ ու որակ ձևավորել. Արմեն Սարգսյանը՝ Արթուր Գրիգորյանի մասին
    Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է երաժիշտ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ. «Խոր ցավ եմ ապրում ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Ժամանակակից բազմաթիվ երգիչներ իրենց առաջին քայլերն արել են հենց Արթուր Գրիգորյանի հիմնադրած և գլխավորած, բազմաթիվ կատարողների համար հարազատ տուն դարձած Երգի պետական թատրոնում՝ բացահայտվելով ու կայանալով նաև նրա հեղինակած երգերի շնորհիվ: Նա կարողանում էր երաժշտական ճաշակ ու որակ ձևավորել... Նա կարողանում էր որպես արվեստագետ խոսել և լռել ճիշտ պահին՝ թե՛ ասելիքը և թե՛ լռությունն արտահայտելով նախ և առաջ երաժշտությամբ ...Նրա մասնագիտական ծանրակշիռ կարծիքը գնահատում և կարևորում էին Հայաստանի լավագույն երաժիշտները, ում համար նա մաեստրո էր... Ցավակցում եմ Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, Հայաստանի երգի պետական թատրոնի տարբեր սերունդների սաներին ու նրա արվեստի երկրպագուներին»:
    17:56
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ
    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին` ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Արթուր Գրիգորյանը զգալի ավանդ է ներդրել արդի հայ երաժշտարվեստի զարգացման գործում՝ իր ստեղծած և ղեկավարած՝ Հայաստանի երգի պետական թատրոնում բազմամյա գործունեությամբ, հեղինակած բազմաթիվ երգերով ու երաժշտական նախագծերով: Նրա արվեստը սիրվել և գնահատվել է ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում: Խորին ցավակցություն եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներին»:
    17:52
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ազգային ինքնասպանության քրոնիկոնը կամ Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան․ Արման Աբովյան
    ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է․ «Ազգային ինքնասպանության քրոնիկոնը կամ Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան»: 1 մաս. Փաստեր և պաշտոնական հայտարարություններ: Հայաստանի իշխանություններ Հայաստանը չի հավակնում իր հարևանների ոչ մի տարածքին, մենք խաղաղություն ենք ուզում։ ... Ադրբեջանի իշխանություններ Ներկայիս Հայաստանի ամբողջ տարածքն այն հողն է, որը պատկանում է ադրբեջանցիներին, և նրանք կվերադառնան այնտեղ։ ... Հայաստանի իշխանություններ Մենք կարծում ենք, որ Էյվազլի և Չայզամի գյուղերի մոտ գտնվող Գորիս-Կապան ճանապարհի հատվածը պատկանում է Ադրբեջանին։ ... Ադրբեջանի իշխանություններ Չկա ու գոյություն չունի հայկական Երևանը, Վարդենիսը, Սյունիքը, կան միայն ադրբեջանական Էրիվանը, Բասարգեչարը, Զյանգյազուրը, դրանք հնամենի ադրբեջանական հողեր են, և ադրբեջանցիները կվերադառնան այնտեղ։ ... Հայաստանի իշխանություններ Պետք է հանգենք նրան, որ մեր բանակը լինի պայմանագրային և պաշտպանողական։ ... Ադրբեջանի իշխանություններ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական բանակը Հայաստանի սահմանների մոտ անցկացրել է քսանից ավելի հարձակողական վարժանք։ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Հայաստանի ամբողջ բյուջեն։ Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերը պարբերաբար կրակում են խաղաղ բնակչության վրա։ ... Հայաստանի իշխանություններ Հայաստանն Արցախի հարցում նախապայմաններ չի դնում Ադրբեջանի առջև։ Արցախի օկուպացված տարածքների վերադարձի կամ Արցախի անկախ կարգավիճակի անձեռնմխելիության մասին ընդհանրապես խոսք չկա։ Ընդհակառակը՝ ակնարկներ են արվում ադրբեջանական օկուպացիոն իշխանություններին ողջ Արցախի օրինական զիջման հնարավորության մասին։ ... Ադրբեջանի իշխանություններ Ադրբեջանի զինուժը լուծել է Ղարաբաղի հարցը: Թեման փակված է։ Անջատականները կա՛մ պետք է ոչնչացվեն, կա՛մ վտարվեն Ղարաբաղից։ ... Հայաստանի իշխանություններ Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների ապաշրջափակել հաղորդակցման ուղիները։ ... Ադրբեջանի իշխանություններ Հայաստանը պարտավոր է Ադրբեջանին տրամադրել վերազգային միջանցք Զյանգյազուրի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ հաղորդակցության համար։ ... Հայաստանի իշխանություններ Մենք մարդասիրական պարտավորություն ենք համարում անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և բռնի պահվող ադրբեջանցիներին, և Հայաստանի իշխանությունները բոլորին վերադարձրեցին։ ... Ադրբեջանի իշխանություններ Բոլոր հայերը, ովքեր այժմ գտնվում են Ադրբեջանում, ռազմագերի չեն, այլ ահաբեկիչներ են, և նրանց դատելու են։ ... Հայաստանի իշխանություններ Մենք հարևաններ ենք և մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարելի է վիճել ու կռվել հարևանների հետ։ Մենք պետք է ապրենք խաղաղության և բարգավաճման մեջ։ ... Ադրբեջանի իշխանություններ Մենք հայերին ծնկի ենք բերել։ Հայերը խայտառակված ազգ են։ Եթե հայերը փորձեն ամրանալ, մենք նրանց կոչնչացնենք երկաթե բռունցքով։ Շարունակելի։
    17:39
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ովքեր կարող են ընդգրկվել միջգերատեսչական հանձնաժողովի կազմում․ ՊՆ
    ՀՀ վարչապետի 19.11.2018թ. «Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1535-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների 5 ներկայացուցիչ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար հասարակական կազմակերպությունները կարող են մինչև 2022թ. փետրվարի 25-ը ներկայացնել իրենց հայտերը` ըստ ներկայացված ձևաչափի:
    17:28
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։ «Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Անգնահատելի է պարոն Գրիգորյանի ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում: Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնք մեր հարուստ մշակութային ժառանգության կարևոր մասն են»,- նշել է Փաշինյանը: Նա շեշտել է, որ Գրիգորյանը Հայաստանի երգի պետական թատրոնում ունեցել է բեղմնավոր գործունեություն, որը էստրադային երգավերստին տվել է բազմաթիվ երիտասարդ կատարողներ: «Արթուր Գրիգորյանի մահը մեծ կորուստ է, բայց նրա ազդեցությունն ու ներդրումը անշրջելի են հայկական էստրադայի զարգացման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին ու կիսում նրանց վիշտը»,-նշել է վարչապետը: Կոմպոզիտորի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նաև ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը։ Նշենք, որ այսօր 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Նրա մահվան պատճառը քաղցկեղն է։
    17:23
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
    Երևանի Կիևյան կամրջի տակ այսօր տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ոստիկանության Մաշտոցի բաժինը ժամը 15։25-ի սահմանում ահազանգ է ստացել, որ կամրջի տակ՝ անանցանելի վայրում, դի կա։ Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են բերանքսիվայր ընկած մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։ Մարմնի որոշ հատվածներ թռչունները վնասել են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
    17:18
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմեն Չարչյանը 5 ամիս գտնվել է ապօրինի կալանքի տակ․ փաստաբան
    Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը, մեղադրող դատախազը չի ներկայացել նիստին, լրագրողներին հայտնել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նա նշել է, որ հաջորդ նիստին արդեն կսկսվի բուն դատաքննության փուլը։ Փաստաբան Ալեքսանյանը հայտնել է նաև, որ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշումները կայացնողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ պաշտպանական կողմքը քայլեր է ձեռնարկում, քանի որ հայտնի է՝ Չարչյանի կալանքն անհամատեղի է եղել նրա առողջական վիճակի հետ, դա հիմնավորված է բժշկական փաստաթղթերով։ «Դեռևս 2021 թվականի օգոստոսին, երբ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Չարչյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ, մենք դատական նիստի ժամանակ ասում էինք, որ բացի անձեռնմխելիության հանգամանքից, այն հիվանդությունը, որն ունի պարոն Չարչյանը, առերևույթ վկայում է այն մասին, որ համապատասխանում է կառավարության որոշմանը՝ հիվանդությունների ցանկին, որոնք անհամատեղելի են կալանավորման հետ։ Ասում էինք, որ չի կարող կալանավորվել Արմեն Չարչյանը։ Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մեր փաստարկը համարեց անհիմն, չընդունեց, սակայն իրական կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք, իրենք բոլորը՝ սխալ»,- ասել է Էրիկ Ալեքսանյանը ։ Նա հավելեց, որ հաջորդ նիստին կհրապարակվի փորձաքննության եզրակացությունը, իրենք համապատասխան հայտարարություն կանեն։ «Ինչ վերաբերում է պատասխանատվության հարցին, կոնկրետ Ռուբիկ Մխիթարյանի մասով այն ժամանակ էլ եմ նշել, հիմա էլ նշում եմ՝ միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի նա պատասխանատվություն կրի իր կայացրած ապօրինի դատական ակտի համար, քանի որ Արմեն Չարչյանը 5 ամիս գտնվել է ապօրինի կալանքի տակ»,- ընդգծել է փաստաբանը։
    17:07
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի գիմնաստիկայի ֆեդերացիայի փոխնախագահ
    Նատալյա Ռոտենբերգը նշանակվել է Հայաստանի գիմնաստիկայի ֆեդերացիայի փոխնախագահ։ Նա ղեկավարելու է գեղարվեստական գիմնաստիկայի ոլորտը։ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել  հանդիպում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի եւ Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի մասնակցությամբ։ Նատալյա Ռոտենբերգը ստանձնել է փոխնախագահի պաշտոնը։
    16:59
    04.02.22
    Ավելին
  • Միջազգային
    Գեղասահորդ Չեն Նեյթանը փայլուն ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի երգի տակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
    22-ամյա Նեյթան Չենը (ԱՄՆ), որին անվանում են «քառակի թռիչքների արքա», Պեկինի թիմային մրցաշարի շրջանակներում մենասահորդ-տղամարդկանց կարճ ծրագիրը կատարել է ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի La Bohème ստեղծագործության ներքո։ 111,71 միավորով նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Նեյթանն ինքը նշել է, որ ստեղծագործությունը շատ խորն է և հուզիչ։ «Ուրախ եմ մասնակցել Օլիմպիական խաղերին և գոհ եմ իմ սահքից։ Կարճ ծրագիրն էր, ամեն ինչ ստացվեց, շատ գոհ եմ։ Այո, ես սխալներ եմ ունեցել նախորդ մեկնարկների ընթացքում, բայց դրանք միայն օգնեցին ինձ փորձ ձեռք բերել։ Թիմային մրցումներն ինձ օգնում են պատրաստվել անհատականներին։ Ես զգում էի սառույցը, միջավայրը։ Կպայքարենք»,-ասել է նա լրագրողներին։ Նեյթան Չենը օլիմպիական պատվանդանի ամենաբարձր աստիճանին բարձրանալու իսկապես հիանալի հնարավորություն ունի։
    16:56
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թուրքերը երկիրը վերցնելու են ներսից․ այս իշխանությամբ հայ-թուրքականի հետևանքը ծայրահեղ վատ է լինելու․ Քաղաքագետ
    Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ գործող իշխանությունների օրոք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացից եկող ռիսկերին։ «2018 թվականին ինչ ասացի, հաջորդ մի քանի տարվա մեջ իրողություն դարձավ։ Մարդիկ, անգամ ամենից մոտ հարազատները, ընկերները, ազգականները չէին հավատում ինձ, ասում էին՝ ամեն բան լավ կլինի։ Շատերը խուսափում էին իմ կանխատեսումներից։ Իրենց ու իմ տարբերությունը նրանում էր, որ ես հարցին մոտենում էի մասնագիտորեն (ոչ դասագրքային) ու իրավիճակը սթափ գնահատելով։ Նրանք, այդ թվում նաև շատ հանրային ու քաղաքական գործիչներ, սովորական մարդիկ՝ հույզի, զգայականի ու սեփական տեղն ու դերը նոր իրողություններում իրացնելու առումով։ Ես (իմ նման նաև մի փոքր շրջանակ հակահեղափոխականներ ու պետականամետներ) ճիշտ դուրս եկա, նրանք սխալ։ Հիմա՝ 2021-ից սկսած ես ձեզ ասում եմ՝ այս պահին այս իշխանությամբ հայ-թուրքականի հետևանքը մեզ համար լինելու է ծայրահեղ վատ․ արդյունքում ունենալու ենք պետականազրկում, արտագաղթ, Հայաստանի վերացում, Արցախի անհետադարձ կորուստ, մեր՝ տնտեսապես ոչնչացում։ Թուրքերը շատ խելացի են, իրենք քեզ աղ ու հացով են դիմավորելու, էժան վարկեր են տալու, շինարարություն են սկսելու, աշխատատեղեր ստեղծելու, համալսարաններ բացելու ու մեզ գնելու․․․ շատերին արդեն գնել են։ Պետք է հասկանալ, որ սա հակաթուրքականություն չի․ ես «հակա»-ներով չեմ առաջնորդվում, դա հակամտածողական է։ Թուրքերը մտրակի ու բլիթի քաղաքականություն են վարում։ Իրենք երկիրը վերցնելու են ներսից՝ տնտեսապես, ինչպես արեցին Վրաստանի հետ։ Էդպես նաև ավելի շահավետ է։ Հիմա վրացիները նոր-նոր են հասկանում, որ իրենք չեն էլ իրենց երկրի տերը։ Թուրքերը չեն կարող ՀՀ-ն ռազմական ուժով վերցնել (մեծ հաշվով՝ իմաստ էլ չկա՝ նաև տնտեսապես ու քաղաքականապես), քանի որ կա ռուսական գործոնը։ Թուրքերը հայ-թուրքականին վաղուց ու լավ են պատրաստվել․ արխիվներն են մաքրել, Սփյուռքի ու Հայոց ցեղասպանության ժառանգների հետ հողային ու իրավունքների հարցերը փողով ու կոմպենսացիայով լուծել ու շատ այլ քայլեր են ձեռնարկել։ Իրենք ներդրումներով «թուրքի» կերպարը կբնաջնջեն ձեր ուղեղներից, հիշողությունից, քանի որ ձեր/մեր մեծագույն մասը շատ ճկուն է, և առաջնահերթ վաճառական («փողին մուննաթ․․»), ու հետո, երբ գա X կետը, երկրի տերը կդառնան։ Հայաստանը վերցնելը հեշտ է, մի քանի միլիարդի բան է, մանավանդ, եթե ունենք հանրային ու պետական-քաղաքական էլիտաների այն վիճակը ու հանրային այն բարոյագիտությունը, ինչն այսօր կա։ Նշեմ նաև, որ ընթացքում ակտիվորեն հակառուսական միտինգներ ու տրամադրություններ կակտիվացնեն («Պերմյակովի քեյսի» նման մի օպերացիա կկազմակերպեն), որ հեռանկարում 102-րդ բազան դուրս գա (այս պահի դրությամբ դա քիչ հավանական է, բայց դե․․․), որ ինչ-որ մի փուլում նաև հնարավոր լինի ռազմական սցենարի գործարկումը ՀՀ-ում։ Դեռևս այսքանը»,- գրել է քաղաքագետը։
    16:53
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մամիկոն Ասլանյանին նոր մեղադրանք է առաջադրվել
    Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին առաջադրված մեղադրանքը լրացվել և նոր մեղադրանք է առաջադրվել։ Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ։ Այս մասին այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։ «ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, 2016-2021թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, կատարել պաշտոնեական կեղծիք՝ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել են համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու այլ դեպքեր ևս: Մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը 2019-2021թթ. ընթացքում իր կողմից կայացված մի շարք որոշումների մեջ կեղծ տվյալներ ներառելով և չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները՝ համայնքի գլխավոր հատակագծում ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված՝ մի շարք հողատարածքների գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողերից փոփոխել է հասարակական կառուցապատման հողերի՝ ելնելով սեփականության իրավունքով ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարելու անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից։ Իր ստորագրությամբ հաստատելով Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմված, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկանքն այն մասին, թե իբր, հիշյալ հողամասերն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում, համայնքապետի համապատասխան որոշումների հետ միասին ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանում, որոնց հիման վրա գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը հիշյալ հողատարածքների նկատմամբ, նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման և հողատարածքներն ընդգրկելով համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում՝ Վանաձորի համայնքապետարանում կազմակերպել է աճուրդներ, իսկ որոշ դեպքերում էլ ուղղակի վաճառքով իր որոշումներով դրանք օտարել է իր կողմից նախընտրելի անձանց: Արդյունքում՝ Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն օտարումն արգելված, Վանաձոր համայնքի գլխավոր հատակագծում որպես ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածքներ նշված հողամասերն օտարվել են որպես սեփականություն՝ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս. համայնքի սեփականությունից դուրս են եկել օտարումն արգելված հողատարածքներ, համայնքը և պետությունը զրկվել են գլխավոր հատակագծում որպես ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ նշված հողամասերն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է և նոր մեղադրանք առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ ավելի վաղ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:
    16:45
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Բարի գալուստ մեր ընտանիք»․ «Ալաշկերտը» նոր հարձակվող ունի
    «Ալաշկերտի» կազմը համալրվել է նոր հարձակվողով։ Տեղեկությունը հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։ Նոր հարձակվողը 18-ամյա ֆուտբոլիստ Ալեքսանդր Տեր-Թովմասյանն է։ «Բարի գալուստ մեր ընտանիք, Ալեքսանդր»,-նշված է հաղորդագրության մեջ։ Հեռանկարային ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, ընթացիկ մրցաշրջանից առաջ համալրել է երևանյան ակումբի երկրորդ թիմի կազմը։
    16:45
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճակագրական հերթական աճպարարությունը․ նախորդ սուտը փոխարինվում է ավելի մեծ ստով. Թադևոս Ավետիսյան
    COVID-19 համավարակի տնտեսական հետևանքների վերականգնումը գնահատելու համար պարզ տրամաբանությունը առնվազն պահանջում է համադրել 2021 թվականի տնտեսական աճի և 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշները։ Տարբեր երկրների տնտեսական վերականգնման ցուցանիշները համադրելիս ևս անհրաժեշտ է հաշվի առնել այս պարզ տրամաբանությունը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2021 թվականին Հայաստանում գրանցվել է 5,8 տոկոս տնտեսական աճ, որը շուրջ 2 տոկոսային կետով զիջում է 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշին (-7,4 տոկոս)։ Այսինքն՝ Հայաստանը չի վերականգնել COVID-19 համավարակի տնտեսական հետևանքները։ Եվ դրա հիմնական պատճառներից են՝ տնտեսական իրական ներուժի նվազումը և ոչ բավարար ներդրումները, տնտեսական ռիսկերի աճը և գների առաջանցիկ աճը, իրավիճակին ոչ համարժեք պետական քաղաքականությունը և ձախողումները։ 2021 թվականին հարևան Վրաստանում գրանցվել է 10,6 տոկոս տնտեսական աճ, որը շուրջ 4 տոկոսային կետով գերազանցում է 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշին (-6,8 տոկոս)։ Այսինքն՝ Վրաստանը վերականգնել է COVID-19 համավարակի տնտեսական հետևանքները։ 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին Հայաստանում արձանագրվել են՝ սպառողական գների 7,2 տոկոս, սննդամթերքի միջին գների 11,5 տոկոս, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի մոտ 21,5 տոկոս աճեր։ 2022 թվականին օրվա իշխանությունը կանխատեսում է սպառողական գների 5,5 տոկոս աճ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7,6 տոկոսով։ Առաջին հայացքից՝ ինքնին խնդրահարույց է աճի այս ցուցանիշը՝ ընդամենը 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ֆոնին։ Իսկ իրականում, 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը ոչ թե աճել է 7,6 տոկոսով, այլ նվազել է շուրջ 2 տոկոսով, իսկ միջին ամսական իրական աշխատավարձը նվազել է երկնիշ՝ շուրջ 10 տոկոսով։ Մասնավորապես․ 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին պաշտոնական վիճակագրության համաձայն գրանցված աշխատողների թիվն աճել է շուրջ 10 տոկոսով, միջին ամսական անվանական աշխատավարձն էլ աճել է 7,6 տոկոսով։ Եկամտահարկի դրույքաչափը նվազել է 1 տոկոսային կետով կամ 4,3 տոկոսով։ Հայաստանում գործում է եկամտահարկի համահարթ մեկ դրույքաչափ, որը 2020 թվականին սահմանված էր 23 տոկոս, իսկ 2021 թվականին՝ 22 տոկոս։ Աշխատավարձերից վճարվող եկամտահարկը կազմում է գրանցված աշխատողների թվի, միջին անվանական աշխատավարձի և եկամտահարկի դրույքաչափի արտադրյալը։ Ընդ որում՝ աշխատավարձերից վճարվող եկամտահարկը կազմում է ընդհանուր եկամտահարկի շուրջ 90 տոկոսը։ Հետևաբար, աշխատավարձերից վճարվող եկամտահարկը պետք է աճեր 13,3 տոկոսով, որի արդյունքում շուրջ 12 տոկոսով պետք է աճեր նաև ընդհանուր եկամտահարկը։ Սակայն պաշտոնական վիճակագրության համաձայն ընդհանուր եկամտահարկի աճը կազմել է ոչ թե 12 տոկոս, այլ՝ ընդամենը 3,7 տոկոս։ Փաստորեն, 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին ընդհանուր եկամտահարկի աճի և եկամտահարկի դրույքաչափի նվազման բացարձակ ցուցանիշների հանրագումարը (3,7+4,3=8 տոկոս) շուրջ 2 տոկոսային կետով պակաս է գրանցված աշխատողների թվի աճի ցուցանիշից։ Այսինքն՝ կարելի է օբյեկտիվորեն ենթադրել․ նվազել է միջին ամսական անվանական աշխատավարձի չափը, որը ընդհանուր եկամտահարկի չափի որոշման հիմնական մյուս բաղադրիչն է։ Մյուս կողմից, 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին Հայաստանում չեն ավելացել նվազագույն ամսական աշխատավարձի, հանրային ծառայողների բազային աշխատավարձի, սոցիալական նպաստի բազային և միջին չափերը, կենսաթոշակի նվազագույն և հիմնական չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները։ 2022 թվականին ևս չեն ավելանալու նվազագույն և բազային աշխատավարձերի, հիմնական կենսաթոշակի չափերը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքները, սոցիալական նպաստի բազային չափը։ Ցավոք, իրականությունն էլ հետևյալն է․ Հայաստանի տնտեսական հյուծումը շարունակվում է և իր հերթին հանգեցնում է բնակչության կյանքի որակի որակի նվազման, զուգահեռաբար՝ աճում է աղքատությունը և սրվում են սոցիալական խնդիրները։
    16:41
    04.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
    Փետրվարի 1-ին և 2-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել: Փետրվարի 1-ին Սուրբ Շողակաթ եկեղեցու մոտից բերման ենթարկվեցին երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Էջմիածնի, մյուսը՝ Սյունիքի մարզի Դարբաս գյուղի բնակիչ էր: Էջմիածնի 61-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ Դարբաս գյուղի 40-ամյա բնակչի խուզարկությամբ՝ 4 փաթեթ նմանատիպ զանգված՝ ընդհանուր 9 գրամից ավելի: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ 40-ամյա տղամարդն է Էջմիածնի բնակչին թմրանյութն իրացրել: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նա ձերբակալվել է։ Հաջորդ օրը Վաղարշապատի ոստիկաններն Էջմիածնի Չարենցի թաղամասում իրականացրած գիշերային ծառայության ժամանակ կասկածելի մի տղամարդու էին նկատել, որը ոստիկաններին տեսնելով՝ գրպանից փաթեթ էր գցել: Ավելի ուշ դեպքի վայրի զննությամբ թղթե փաթեթով մեթամֆետամի նմանվող բյուրեղանման զանգված հայտնաբերվեց: Կասկածվողը բերման ենթարկվեց բաժին: Ըստ նրա՝ հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է, ձեռք էր բերել Երևանում: Հիշյալ դեպքերով նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են:
    16:30
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի հարսին մեղադրանք է առաջադրվել
    ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են ՀՀ մշակույթի նախկին նախարար, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի որդու կնոջ` Ֆրանչեսկա Կուտրուպիի կողմից հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի հանգամանքները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ «Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, հանդիսանալով օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերության տնօրեն՝ 2011-2014թթ. ընթացքում վերոնշյալ ՀԿ-ի նախագահի, փոխնախագահի և ՀԿ-ի նախագահության անդամ, ՍՊԸ-ի տնօրենի հետ նախնական համաձայնության է եկել, ձևական գործարք կատարել։ Նա թաքցրել և խեղաթյուրել է այդ ՀԿ-ին սեփականության իրավունքով պատկանող, հանցավոր գործունեության արդյունքում ստացված՝ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ մակերեսով շենքի և 0,0467 հա. մակերեսով հողամասի ծագման աղբյուրն ու պատկանելությունը»,- ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ Պողոսյանի հարսն այնուհետև տիրապետել և տնօրինել է այդ առանձնապես խոշոր չափերի գույքը՝ դրա նկատմամբ իրավունքները վաճառելով մի շարք անձանց և գրանցելով Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված վերոնշյալ ընկերության անվամբ։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախկին նախարարի որդու կնոջը` Ֆրանչեսկա Կուտրուպիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Աբովյան 3-ում գտնվում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական կազմակերպության՝ նախկին ԱՕԿՍ-ի շենքը. այն համարվում է պատմամշակութային հուշարձան։
    16:28
    04.02.22
    Ավելին
  • Հասարակական
    «Եթե մենք զգանք, որ Կարենը չկա, կգժվենք»․ պատերազմը խլել է Ավետյանների մինուճար որդուն
    «Անընդհատ ես ու ամուսինս առավոտից իրիկուն մի բան որ ուզում ենք անենք, ասում ենք՝ Կարենը սենց կաներ, Կարենը սենց էր սիրում, անընդհատ մենք երեքով ենք, եթե մենք զգանք, որ Կարենը չկա, կգժվենք»,- արցունքների միջից ասում է 56-ամյա Կարինե Դալլաքյանը, որը պատերազմում կորցրել է մինուճար որդուն։ 20-ամյա Կարեն Ավետյանը Լոռու մարզի Դարպաս գյուղից էր: Ծառայել է «Եղնիկներ» զորամասում, երեք ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր և տուն վերադառնար, երբ սկսվում է պատերազմը։ Կարեն Ավետյանը 26 օր պայքար է մղել հակառակորդի դեմ, զոհվել է հոկտեմբերի 21-ին։ «26 օր չորս ընկերով հրետանու վրա են եղել, չորս ընկերն էլ միասին են զոհվել։ Հակառակորդը իրանց դիրքը ֆիքսել էր, երեխեքը մի քանի անգամ տեղը փոխել են։ Էդ օրը որ պիտի փոխեին, ասել են՝ էս մի անգամ էլ կրակենք ու փոխենք, բայց չեն հասցրել փոխել»,- մորմոքը սրտում ասում է որդեկորույս մայրը։ Կարինեն ասում է՝ որդին զանգելիս մշտապես ասում էր, որ ամեն ինչ կարգին է, վերջին օրն էլ ընկերոջ միջոցով փոխանցել էր, որ շատ լավ է, որից երկու ժամ հետո դեպքը տեղի է ունեցել։ «էնքան ոգևորված էր, գիտեր, որ ամեն ինչ լավ պիտի լինի, ինքն էր ավելի շատ մեզ հույս տալիս։ Մի անգամ ասեցի՝ Կարե՛ն ջան, դասընկերոջդ մաման էնքան ա նեղվում, ասեց՝ ա՛յ մամ, հլը համարը տուր: Ոգևորված զանգել էր, ասել՝ էնքան լավ ա, մի՛ մտածի, մեզ ոչ մի բան չի լինելու»։ Միակ որդուն կորցնելուց հետո Ավետյանների չեն ուզում համակերպվել իրականության հետ և հավատալ, որ Կարենը չկա: Ասում են՝ չենք կարող։ «Գժվում ենք, խելագարվում ենք, ամբողջ կյանքդ կառուցես Կարենով, ամեն ինչը՝ Կարեն, Կարեն, մեկ էլ՝ ոչ մի բան։ Առողջականս շատ վատացավ, ուրիշ ձև չէր էլ լինի, եթե ամբողջ կյանքս Կարենն էր, ու ինքն էլ չկա»,- ասում է ու կրկին հուզվում Կարինեն։ Կարենը բնավորությամբ հանգիստ էր, հավասարակշռված, մարդամոտ էր՝ պատմում է մայրը։ Կարենը որոշել էր անասնաբույժ դառնալ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Հայաստանի ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ անասնաբուժական ֆակուլտետ։ «Ասում էր՝ կգամ, անասնաբույժ կաշխատեմ, ասում էր՝ գամ էս կանեմ, էն կանեմ, բայց վերջին պահին արդեն ասում էր՝ մենակ գամ, երևի էնքան շատ էին արդեն հրանոթները գցում, վիճակը շատ էր վատ»,- ցավով ասում է մայրը։ Մայրն ասում է՝ այժմ ապրում է կարոտով ու որդու հետ անընդմեջ զրուցելով, նրա ներկայությունը զգալով։ «Հիմա ապրում եմ իր նկարներով, գերեզմանով»,- ասում է ու լռում մայրը։ Կարեն Ավետյանը հուղարկավորված է ծննդավայրում’ Դարպաս գյուղի գերեզմանատանը: Կարեն Ավետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:
    16:23
    04.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանում թոքի քաղցկեղ ունեցող 10 անձանցից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է․ Ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն
    Ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդացությունը աճում է, Հայաստանում ամենալայն տարածում ունի թոքի քաղցկեղը, ընդ որում, հիմնական պատճառ է հանդիսանում ծխելը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։ «Փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես չարորակ ուռուցքների դեմ պայքարի միջազգային օր։ Քաղցկեղով հիվանդացությունը աճում է, հիմնական պատճառը մարդկանց կյանքի տևողության երկարացումն է։ Կա թյուր կարծիք, որ քաղցկեղի տարածման հիմնական պատճառը կախված է տեղանքից»,- ասաց Մանուկյանը։ Վերջինս նշեց, որ իրենք պետության հետ համատեղ ջանք չեն խնայում քաղցկեղի տարածումը կանխելու համար։ Տարվա ընթացքում պարբերաբար ուսումնական հաստատություններում իրազեկման աշխատանքներ են տարվում։ Սոցցանցերում պարբերաբար տեղեկատվական հոլովակներ և պաստառներ են տարածվում։ «Փետրվարի 4-ին ամեն տարի ուռուցքաբանական կոնգրեսի օր ենք հայտարարել։ Անցյալ տարի օրվա միջոցառումը անց է կացվել Ծաղկաձորում։ Այս տարի այն անցնելու է ՌԴ-ի Սոչի քաղաքում։ Միջոցառման շրջանակներում բազմաթիվ իրազեկման աշխատանքներ են տարվում։ Լիահույս եմ, որ այս միջոցառումները ավանդական բնույթ կկրեն»,- ավելացրեց Մանուկյանը։ Նա նշեց, որ միջոցառումը նպաստում է միջազգային կապեր հաստատել։ Վստահեցրեց, որ միջոցառմանը ներկա են լինելու ոլորտի գիտակներ և բազմաթիվ կենտրոնների տնօրեններ։ Միջոցառմանը Հայաստանից 200 ուռուցքաբան է մասնակցելու։ «Բժշկական ոլորտում շատ կարևոր է համագործակցությունը այլ երկրների հետ։ Մենք, չլինելով գիտություն գեներացնող երկիր, պետք է այն երկրների հետ սերտ առնչվենք, որտեղ գիտություն է արտադրվում, Իսկ ՌԴ-ն այդ երկրներից մեկն է»,- նշեց կենտրոնի տնօրենը։ Վերջինս նշեց, որ Հայաստանում ճառագայթային և վիրահատական բուժումն ամբողջովին անվճար է, քիմիոթերապիան կատարվում է համավճարի սկզբունքով։ Նա վստահեցրեց, որ Հայաստանում այդ առումով առաջընթաց կա։ Հայաստանում ամենալայն տարածում ունի թոքի քաղցկեղը, որի հիմնական պատճառը ծխելն է: Թոքի քաղցկեղ ունեցող 10 անձից 8-9-ի դեպքում պատճառը ծխելն է: Ծխելը միաժամանկ առաջացնում է մի քանի՝ թոքի, միզըմպանի, քթըմպանի քաղցկեղ։ Նա ողջունելի համարեց ծխելու հետ կապված սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մտել և կմտնեն։ Մանուկյանը հորդորեց, որ մարդիկ պարբերաբար ստուգումներ անցնեն։ Նա նշեց, որ 40 տարեկանից սկսած մարդիկ պետք է առնվազն տարին մեկ անգամ ստուգումների գնան։ Իսկ եթե նախկինում քաղցկեղ են ունեցել, ստուգումները երեք ամիսը մեկ պետք է կատարվեն։ «Շարժական մամոգրաֆիկ սարք ունենք, որը սկսել է գործել անցյալ տարվանից։ Այն լինելու է Լոռու Տավուշի և Սյունիքի մարզերում։ Այդ շրջանակում մարզերում իրազեկման աշխատանքներ են ընթանում, որպեսզի 50-ից 60 տարեկան կանայք գնան և անվճար հետազոտվեն»,- նշեց կենտրոնի տնօրենը։ Քաղցկեղը կանխելու համար Մանուկյանը խորհուրդ է տալիս առողջ ապրելակերպ վարել, 40 տարեկանից սկսած ժամանակ առ ժամանակ ստուգումներ անցնել։ Նա վստահեցրեց, որ ուռուցքը շուտ հայտնաբերելը գրեթե բոլոր դեպքերում բերում է բուժման։ Մանուկյանը հավելեց, որ առողջապահության նախարարության և կենտրոնի համատեղ ջանքերով ստեղծվել է համակարգ, որը էլեկտրոնային տարբերակով վարելու է քաղցկեղի վիճակագրությունը։ Նա վստահեցրեց՝ հետագայում կունենանք խիստ ճշգրիտ վիճակագրություն։
    16:17
    04.02.22
    Ավելին