Լրահոս

2022-03-01
  • Img default alt hy
    Հայաստան
    Թռչնաֆաբրիկան Նոր Գեղիում այսօր բաժանելու է իր ութ հազար հավն ու փակվելու է. 88 աշխատող մնում է անգործ. Թագուհի Թովմասյան
    Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր անդրադարձավ հավկիթի շուկայում տիրող իրավիճակին: Պատագամվորն ասաց, թե «Շիրակ» թռչնաֆաբրիկան իջեցրել է ձվի գինը ու հավկիթը վաճառվում է 30-ից 35 դրամով, սակայն դրա արդյունքում տուժում են փոքր ընկերությունները: «Ինձ քիչ առաջ տեղեկացրեցին, որ «Լուսակերտ» թռչնաբաբրիկան Նոր գեղի համայնքում այսօր բաժանելու է իր ութ հազար հավն ու փակվելու է. 88 աշխատող մնում է անգործ: Արդյոք սա ազատ, արդար ու թափանցիկ մրցակցության դրսևորում է, երբ ավելի խոշոր ընկերությունը դեմպինգ է անում ու փոքր ընկերությունները դրանից խեղճանում են», - հայտարարեց Թովմասյանը: Նա, դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին, ասաց, որ «Աշտարակ» ընկերությունը դիմել է այս հարցով, որ հանձնաժողովը վերաբերմունք արտահայտի, բայց հանձնաժողովը շարունակ ուսումնասիրում է: «Ու մինչև դուք ուսումասիրում եք խնդիրը, այդ ընթացքում ընկերություն է փակվում», - նշեց պատգամավորը: Գեղամ Գևորգյանն էլ հայտարարեց, թե «Շիրակ» թռչնաֆաբրիկայի շեմը 10 տոկոսին էլ մոտ չէ ու չի կարող դեմպինգ իրականացնել: «Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են, շղթա է գործում՝ մի սուպերմարկետում գինն իջնում է, մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս ունեցող տնտեսվարող սուբյեկտը իրականացնել դեմպինգ», - նշեց նա:
    13:21
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Պետք է որակապես նոր խնդիր դնենք մեր ազգի և մեր պետության առջև․ Դավիթ Հարությունյան
    Մենք պետք է, հավանաբար, ամեն ինչ սկսենք զրոյից։ Պետք է իսկապես որակապես նոր խնդիր դնենք մեր ազգի և մեր պետության առջև։ Դրան կարելի է հասնել, նաև այլ երկրների պատմությունն է դրա մասին խոսում։ Շատ ամբիցիոզ, շատ դժվար իրագործելի է, բայց իրագործելի է, «Հայկական օրակարգ, հետպատերազմյան անելիքներ» թեմայով քննարկմանն ասաց արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Դավիթ Հարությունյանը։ Հետպատերազմյան իրականությունում հայկական պետությունն ու պետականությունը պահպանելու, այն ազգային շահերի վրա առաջ տանելու գործն, ըստ Դավիթ Հարությունյանի, կախված է հասարակությունից, որին պետք է ակտիվացնել։ Այս հարցում, նրա խոսքով, պետք է որակապես նոր ճանապարհ ընտրենք։ «Ո՞րն է ուղին։ Առաջինը՝ շեշտադրումը պետք է լինի երիտասարդների վրա։ Երկրորդը նրանց ակտիվացնելն է։ Ոչ թե քաղաքական նոր կուսակցություն հիմնելը, այլ նրանց դարձնելը սեփական երկրի ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր և ոչ հարմարվող, չընդունող այսօրվա իրողությունը։ Եթե մենք այդ ամբիցիան կարողանանք արթնացնել, վստահեցնում եմ՝ մնացած պրոցեսը զարգանալու է ինքնուրույն», - ասաց նա։ Դավիթ Հարությունյանն ընդգծեց՝ երիտասարդների շրջանում բազմաթիվ կայացած մասնագետներ, փորձագետներ կան, նրանք պետք է հանդիպումներ կազմակերպեն հասարակության հետ, ակտիվացնեն նրան։ «Անհրաժեշտ է հասարակության ընդամենը 2 տոկոսի ակտիվություն։ 2 տոկոս, բայց պայքարող, տեսլական ունեցող հանրությունը, բնականաբար, հաղթելու է և շարժվելու է առաջ», - ասաց Դավիթ Հարությունյանն ու շեշտեց՝ սա չպետք է լինի կուսակցական շարժում։
    13:16
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Իսկական թրիլեր էր». Լուկաշենկոն` Մոսկվայի և Կիևի բանակցությունների կազմակերպման մասին
    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է իր պետության տարածքում փետրվարի 28-ին կայացած ռուս–ուկրաինական բանակցություններին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։ «Եթե պատմենք, թե ինչպես ենք կազմակերպել այդ բանակցությունները, իսկական թրիլեր է... Բանակցողները պարզապես կեցցեն, նրանք հիասքանչ էին։ Արեցին ավելին, քան հնարավոր էր։ Նրանք 5 ժամվա ընթացքում գերազանց կատարեցին իրենց աշխատանքն առաջին փուլում»,– ասել է Լուկաշենկոն։ Նրա խոսքով` բանակցություններին զգուշավոր լավատեսությամբ է պետք վերաբերվել, կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, բայց այս անգամ` արդեն Լեհաստանի և Բելառուսի սահմանին։
    13:12
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այս իշխանությունների օրոք այլևս երբեք իրավապահ մարմիններին հնարավորություն չի տրվի բացահայտելու Մարտի 1-ի գործը. Արթուր Վանեցյան
    Հավանակությունը շատ-շատ մեծ է, որ այս իշխանությունների օրոք և այս իշխանությունների գործողություններն այլևս երբեք հնարավորություն չեն տա իրավապահ մարմիններին բացահայտելու Մարտի 1-ի գործը, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը և մնացած քաղաքական հետանդումները կատարվել են Մարտի 1-ի գործի բացահայտման ուղղությամբ, Արթուր Վանեցյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը քաղաքական հետապնդումներ սկսել է՝ տարբեր պատճառաբանություններ բերելով, բայց նրա իրական նպատակը եղել իր իշխանությունը պահելը, որը շարունակվում է մինչ օրս։ Տեսնում ենք աննախադեպ ճնշում դատական իշխանության, մամուլի վրա, տեսնում ենք, որ ձերբակալվում է դատավոր, որը կայացրել է ուղղակի իշխանություններին ոչ հաճո, բայց օրինական որոշում»։
    13:11
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    ԿԳՄՍՆ-ն` փակված համալսարանի ուսանողների ճակատագրի մասին
    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի համապատասխան հրամանով դադարեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաների գործողությունը: ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տվյալ համալսարանի ուսանողների կրթության շարունակականության ապահովման նպատակով նրանց հետագա ուսումնառությունը կկազմակերպվի այլ բուհերում: Համաձայն կարգի՝ վերոնշյալ գործընթացի իրականացման նպատակով անհրաժեշտ են հետևյալ գործողությունները. Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, սովորողին պետք է տրամադրի ազատման հրամանի և հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենները, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը, եթե սովորողը կատարել է հաստատության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները, այդ թվում՝ ուսման վարձի մասով: Սովորողը փաստաթղթերը ստանալուց հետո` ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ կիսամյակում իր հետագա ուսումնառության կազմակերպման համար կարող է դիմել տվյալ կամ հարակից մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ուսուցում իրականացնող, նախընտրելի մինչև երկու հաստատություն՝ ըստ ԿԳՄՍ նախարարության հաստատած ցանկի՝ նշելով համապատասխան բուհի տվյալ և նախընտրելի մինչև երկու հարակից մասնագիտություն (կրթական ծրագիր)՝ առաջին հայտի գերակայությամբ: Ուսումնական տարվա տվյալ կիսամյակում սովորողի՝ համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) և կուրսում ուսումնառության կազմակերպման հնարավորությունը որոշվում է ընդունող հաստատության կողմից՝ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակում ու ելնելով առաջացող առարկայական տարբերությունների (կրեդիտների, մոդուլների) և ակադեմիական պարտքերի սահմանված քանակը չգերազանցելու պայմանից: Տվյալ կուրսի համապատասխան կիսամյակի համար սովորողի՝ ուսումնառած հաստատության համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) ուսումնական պլանում չընդգրկված առարկայի կամ որևէ առարկայից կրեդիտների մեկ երրորդից ավելի տարբերությամբ պայմանավորված առարկայական (ծրագրային) տարբերությունների և ակադեմիական պարտքերի 30 կրեդիտը չգերազանցելու դեպքում սովորողը հաստատության ռեկտորի հրամանով կցագրվում է համապատասխան ակադեմիական խմբին, և նրան թույլատրվում է մասնակցել տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) ուսումնական պարապմունքներին: Հակառակ դեպքում սովորողին առաջարկվում է իր ուսումնառությունը շարունակել այն ավելի ցածր կիսամյակից, որից ուսումնառության շարունակման՝ սույն կետում նշված պահանջը բավարարվում է: Տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսի բացակայության դեպքում հաստատության առաջարկությամբ և սովորողի համաձայնությամբ սովորողի ուսումնառությունը կարող է կազմակերպվել հարակից մասնագիտությամբ (կրթական ծրագրով), իսկ վերջինիս բացակայության պարագայում՝ այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով)՝ անկախ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից: Սահմանված կարգի պահանջներին համապատասխան՝ երկու հաստատությունում ուսումնառության շարունակման հնարավորության դեպքում սովորողը պետք է ընտրի մեկ հաստատություն (կրթական ծրագիր), որով ցանկանում է շարունակել հետագա ուսումնառությունը: Տվյալ կիսամյակում սովորողի՝ հետագա ուսումնառության շարունակման համար նախատեսված ժամկետներում չդիմելու դեպքում հաջորդ ուսումնական տարվա կամ կիսամյակի ընթացքում սովորողի կրթության կազմակերպումը կարգավորվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանով հաստատված կարգի պահանջներով: Սովորողի կողմից առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի հանձնման համար հաստատության ռեկտորի հրամանով սահմանվում է ժամկետ մինչև տվյալ ուսումնական կիսամյակի քննաշրջանի սկիզբը՝ հրամանում նշելով առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի ցանկը, առարկաների կրեդիտները և քննությունների հանձնման անհատական ժամանակացույցը: Ընդունող հաստատության կողմից սահմանված անհատական ժամանակացույցով նախատեսված առարկայական տարբերությունները և ակադեմիական պարտքերը հանձնելուց (առավելագույնը մեկ վերահանձնման հնարավորությամբ) հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, սովորողը հրամանագրվում է տվյալ հաստատությունում: Հաստատությունում սովորողի հրամանագրման դեպքում նրա ուսման վարձի չափը հաշվարկվում է տվյալ հաստատության համապատասխան ուսուցման ձևի և մասնագիտության (կրթական ծրագրի) համար՝ ըստ դասընթացների ընդհանուր գումարային կրեդիտների քանակի՝ հաշվի առնելով տվյալ հաստատությունում համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար տվյալ կուրսում սահմանված մեկ կրեդիտի արժեքը: Վճարովի ուսուցման համակարգում սովորողի հրամանագրումը կատարվում է միայն անհրաժեշտ վճարումները կատարելուց հետո, հաստատության կողմից սահմանած կարգով և ժամկետներում: Սովորողն ազատվում է նախկինում կրեդիտներ հավաքած առարկաների ուսումնական պարապմունքներից և ատեստավորումից: Սովորողը պարտավոր է վճարել միայն այն առարկայական դասընթացների (մոդուլների) համար, որոնք ուսումնառելու է: Տվյալ մասնագիտության (կրթական ծրագրով) ուսուցման լրիվ դասընթացն ավարտած և ուսումնական ծրագրով (պլանով) նախատեսված անհրաժեշտ համապատասխան կրեդիտները կուտակած և միայն ամփոփիչ ատեստավորման ենթակա սովորողների ամփոփիչ ատեստավորումը կարող է կազմակերպվել տվյալ կամ հաջորդ ուսումնական տարվա ավարտին, հաստատության սահմանած կարգով և ժամկետներում: Ամփոփիչ ատեստավորման նպատակով սովորողը կցվում է համապատասխան ամբիոնին և ստանում ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի նոր թեմա, եթե սովորողի ավարտական նախկին աշխատանքը կամ մագիստրոսական թեզը ամբիոնի կողմից պաշտպանության չի երաշխավորվում: Կից ներկայացնում ենք բարձրագույն ուսումնական այն հաստատությունների ցանկը, որոնցում կարող է կազմակերպվել սովորողների հետագա ուսումնառությունը, ինչպես նաև ընթացիկ կամ ամփոփիչ ատեստավորումը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի մեկ այլ հրամանով կասեցվել է Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը՝ մինչև խախտման պատճառների վերացումը: Միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող ուսանողների շահերն ու իրավունքները պաշտպանելու համար, հետագա ուսումնառությունն այլ ուսումնական հաստատություններում շարունակելու նպատակով Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանը 5 աշխատանքային օրվա ընթացքում սովորողին պետք է տրամադրի ազատման հրամանի և հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենները, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը, եթե սովորողը կատարել է հաստատության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները (այդ թվում՝ ուսման վարձի մասով): Անհրաժեշտ տեղեկատվությունը և համապատասխան փաստաթղթերը պետք է տրամադրել միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող ուսանողներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելու նպատակով:
    13:01
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինված ուժերում հանցագործությունները նվազել են, սակայն բազում չլուծված խնդիրներ կան. Արթուր Դավթյան
    ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անցկացրել է խորհրդակցություն 2021թ. ընթացքում Զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի, 2020թ. պատերազմին առնչվող քրեական գործերով քննությունների ընթացիկ արդյունքների, ինչպես նաև ՀՀ զինվորական դատախազության և կայազորների դատախազությունների տարեկան գործունեության արդյունքների օրակարգով: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության, Ռազմական ոստիկանության, ԱԱԾ ներկայացուցիչները: ՀՀ գլխավոր դատախազի հրավերով քննարկմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ դրա անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես նրանով, որ 2020թ. արցախյան պատերազմին առնչվող բազում հանգամանքներ խաչվում են ՀՀ և ԱրՀ իրավասու մարմիններում քննվող քրեական գործերով, և պետք է ապահովել դրանց շուրջ տեղեկատվության փոխանակում և համատեղ քննարկումներ: ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը զեկուցել է, որ ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է հանցագործության 2072 դեպք: 2020թ. համեմատ ԶՈՒ-ում հանցագործությունները նվազել են 944 դեպքով կամ 31.2%-ով: Ընդ որում՝ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 34.8%-ով, ծանր հանցագործությունները՝ 74,39%-ով։ Այս բնույթի հանցագործությունների տեսակարար կշիռն ընդհանուր առմամբ շարունակել է բարձր մնալ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ռազմական դրության ռեժիմը պահպանվել է նաև 2021թ. առաջին եռամսյակի ընթացքում և նախորդ տարի գրանցվել են հակառակորդի կողմից հրադադարի խախտման համեմատաբար շատ դեպքեր։ Առանձնապես ծանր հանցագործություններից սպանության 10 դեպքը կատարվել է հակառակորդի կողմից, իսկ 4-ը` ԶՈՒ-ում ներքին սպանություններ են, 40-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձեր, 11-ը՝ ռազմական դրության ժամանակ պետի նկատմամբ, իսկ 10-ը՝ ռազմական դրության ժամանակ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու դեպքեր են, 280-ը՝ ռազմական դրության ժամանակ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, 11-ը՝ հակառակորդի կողմից պետության տարածքային ամբողջականությունը խախտելու և այլն: 2021թ. ընթացքում ծառայության հետ կապված մահացել է 42 զինծառայող /2020թ.՝ 46/, որից 19-ը՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Բռնությամբ, ծառայողների արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններով զուգորդված հանցագործությունների պատճառներից ու պայմաններից շարունակում է ակտուալ մնալ ներքին փոխհարաբերությունները կանոնակարգող նորմերի նկատմամբ զինծառայողների ոչ պատշաճ վերաբերմունքը: Առանձնացնելով այս խնդիրը՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ թեև ԶՈՒ-երում քրեական ենթամշակույթին բնորոշ մտածողությունից ածանցվող հարաբերությունների դեմ պայքարը տվել է որոշակի արդյունքներ, սակայն խնդիրը դեռ առկա է: Նա հանձնարարել է դատախազներին՝ ցանկացած նման դեպք, դրան նպաստող պայմանների ու պատճառների վերհանման տեսանկյունից, դարձնել մանրակրկիտ ուսումնասիրության առարկա, արդյունքներից ելնելով՝ միջնորդագրեր ներկայացնել իրավասու մարմնին: Նույն պահանջը ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նաև Զինված ուժերում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտված դեպքերի հետ կապված՝ հաշվի առնելով, որ ՀՀ ԶՈւ և այլ զորքերի զորամասերում 2021թ. արձանագրված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերից 192-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից 12-ով վարույթը կարճվել է ոչ արդարացնող հիմքերով, 6 քրեական գործ՝ 14 անձանց վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ մի մասով ընթանում է նախաքննություն: Նա անընդունելի է համարել հատկապես պատերազմից հետո բանակում կոռուպցիոն դրսևորումների շարունակումը: Խորհրդակցության ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել նաև 2020թ. Արցախի դեմ Թուրքիայի աջակցությամբ Արդբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներին առնչվող գործերի քննություններին: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ թեև նախընթաց շրջանում եղել են Զինված ուժերի մարտունակության դեմ ներքին հանցագործությունների առանձին գործերով առանձին անձանց քրեական հետապնդման ենթարկելու դեպքեր, սակայն ընդհանուր արդյունքները չեն կարող բավարար համարվել: Նա հանձնարարել է առաջնորդվել ոչ այնքան յուրաքանչյուր դրվագում յուրաքանչյուր զինծառայողի գործողություններին գնահատական տալու մոտեցմամբ, այլ դատախազական ցուցումներով, հանձնարարություններով քննությունն ուղղորդել մարտական գործողությունների ղեկավարման, կառավարման, պաշտպանության կազմակերպման խնդիրների, այդ մակարդակում կատարված հանցավոր արարքների և դրանց հետևանքների բացահայտմանը: Առաջին հերթին դա անհրաժեշտ է հետագայում այդպիսիք թույլ տալու հնարավորությունը բացառելու համար: Գլխավոր դատախազը կոնկրետ պահանջներ է դրել նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈւ-ի կողմից կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների, պատերազմական հանցագործությունների վերաբերյալ քննվող մեծածաված քրեական գործի առնչությամբ: Նրա գնահատմամբ՝ ՀՀ իրավասու մարմինների առջև դրված է Ադրբեջանի պաշտոնատար անձանց արարքներին տրվող քրեաիրավական գնահատականներն անհերքելի, ամուր և միջազգային իրավական հարթակներում օրինականության և թույլատրելիության առումով որևէ կասկած չհարուցող ապացույցներով ամրապնդելու խնդիր: Չնայած դրանց հիման վրա արդեն իսկ Ադրբեջանի կոնկրետ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել են քրեական հետապնդումներ, սակայն դրանց շրջանակն ընդլայնվելու է: Նա հանձնարարեց արագացնել նաև այս գործընթացը: ՀՀ գլխավոր դատախազը կանգ է առել նաև 2020թ. աղետաբեր պատերազմից հետո Ադրբեջանի զինծառայողների կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու արդյունքում շփման գծում տեղի ունեցած բախումների, դրանց հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայողների գերեվարումներին առնչվող քրեական գործերի վրա: Նա նշել է, որ կոնկրետ մարտական իրավիճակում գերեվարված և քրեական հետապնդման ենթարկվող ցանկացած զինծառայողի քեական պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է լուծվի բացառապես տվյալ մարտական առաջադրանքի կատարմանն առնչություն ունեցող բոլոր զինծառայողների, այդ թվում նաև հրամանատարական կազմի գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու արդյունքում՝ ելնելով արդարության և արդարադատության շահերից: Նա նաև նշել է, որ առաջիկայում նախաձեռնելու է ՀՀ ՊՆ-ի հետ խորհրդակցությունների շարք՝ ինչպես քրեական գործերով ի հայտ բերված՝ զորահավաքային զորակոչի ոլորտում առկա համակարգային խնդիրների, այնպես էլ քրեական վարույթների շրջանակներում կայազորների դատախազությունների դատախազների կողմից կատարված ուսումնասիրություններով վեր հանված՝ առաջնագծում զինծառայողների ծառայության և կեցության պայմանների, կահավորման, անհրաժեշտ ինժեներա-տեխնիկական աշխատանքների բավարարության խնդիրների շուրջ:
    12:59
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սոցիալական
    Գազի սակագինն ապրիլի 1-ից կբարձրանա
    Գազի սակագինն ապրելի 1-ից սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։ Բացառություն են սոցիալապես անապահով սպառողները (տարեկան մինչև 600 խմ բնական գազ)։ [ՀԾԿՀ]
    12:55
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արարատ Միրզոյանը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարարի հետ
    Փետրվարի 28-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ: Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները: Ընդգծվել է բարձր մակարդակում շփումների ակտիվացման կարևորությունը։ Զրուցակիցնեերը կարևորել են Կանադայի հատուկ բանագնաց Ստեֆան Դիոնի առաքելության իրականացումը, որը նախորդ շաբաթվանից գտնվում է Հայաստանում։ Մտքեր են փոխանակվել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների շուրջ:
    12:52
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՌԴ-ում նոր դեսպանն աչքի է ընկել տարօրինակ պահվածքով. Hraparak.am
    #Հասարակություն 01 03 2022 ՌԴ-ում նոր դեսպանն աչքի է ընկել տարօրինակ պահվածքով. Hraparak.am ՌԴ-ում նոր դեսպանն աչքի է ընկել տարօրինակ պահվածքով. Hraparak.am Hraparak.am-ը գրում է․ «ՌԴ-ում ՀՀ նոր արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հասցրել է աչքի ընկնել իր էկզոտիկ պահվածքով: Նա համարյա դուրս չի գալիս իր աշխատասենյակից, դեսպանության աշխատողներին չի վստահում: Մեկուսացած է նաեւ կոլեկտիվից, ինչպես պաշտպանության նախարար աշխատելու շրջանում: Ընդունելություններ դեսպանատունը նախկինի համեմատ ավելի քիչ է կազմակերպում: Հունվարի 5-ից ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակված Հարությունյանն իր առաջին հրապարակային միջոցառումն անցկացրել է փետրվարի 18-ին՝ դիվանագիտական ընդունելություն, նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակին: Հատկանշական է, որ այս ընդունելությանը ՌԴ ռազմական կամ որեւէ այլ գերատեսչությունից որեւէ պաշտոնյա ելույթ չի ունեցել: Խոսել է միայն ՌԴ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Բալուեւսկին, որը պաշտոնաթող է 2008 թվականից: «Հրապարակի»՝ հայկական դեսպանատանը մոտ աղբյուրը պատմում է, որ նոր դեսպանը գործերին մասնակից է դարձնում իր եղբորը եւ նրա որդուն: Դեսպանի եղբայրը նույնիսկ աշխատանքի ընդունելության հետ կապված հարցերն է կանոնակարգում, հարցազրույցներ է անցկացնում դիմողների հետ: Իսկ դեսպանի եղբորորդին՝ Արթուր Հարությունյանը, այժմ նրա վարորդն է եւ մի շարք հարցերի լուծմանն է մասնակցում: Թերեւս ամենաէկզոտիկը նոր դեսպանի վերաբերմունքն է պաշտոնական ընդունելություններին: Սովորաբար ՀՀ լիազոր եւ արտակարգ դեսպանները միշտ ուղեկցել են մեր կառավարության ներկայացուցիչներին ՌԴ պաշտոնական վերնախավի հետ հանդիպումների ժամանակ: Հարությունյանը, սակայն, չի մասնակցել ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների փետրվարի 25-ի հանդիպմանը, ինչն արտառոց բացակայություն է եւ չի վրիպել համայնքի կյանքով հետաքրքրվող մոսկվաբնակ հայերի աչքից: Ոմանք սա բացատրում են նրանով, որ ՌԴ ներկայիս ռազմական գործիչները Վաղարշակ Հարությունյանին չեն ընդունում: Սակայն ավելի հավանական է ներիշխանական ինտրիգների վարկածը: Դեսպանատանը մոտ կանգնած շրջանակները սա բացատրում են պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի նկատմամբ Սուրեն Պապիկյանի ոչ բարեհաճ վերաբերմունքով: Բանն այն է, որ Վաղարշակ Հարությունյանը պաշտոնական շրջանակներում ընկալվում է որպես ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համախոհն ու ընկերը: Իսկ Քոչարյանի նկատմամբ Սուրեն Պապիկյանը բավականին սառը վերաբերմունք ունի, ինչն ընդգծում է ամեն հարմար առիթով: Օրինակ, փետրվարի 9-ին՝ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Սուրեն Պապիկյանը դժգոհություն հայտնեց պաշտպանության ոլորտի ռեֆորմների հայեցակարգի հետ կապված, որը գրվել է անմիջապես 44-օրյա պատերազմից հետո, Անդրանիկ Քոչարյանի անմիջական «կուրացիայի» ներքո: Վաղարշակ Հարությունյանը համաձայնեցնում էր փաստաթղթի բոլոր կետերը Քոչարյանի հետ: Սուրեն Պապիկյանը նրանց աշխատանքը գնահատել է «բավականին լավ»՝ ավելացնելով. «Բայց ես՝ որպես գերատեսչության ղեկավար, այդ աշխատանքով բավարարված չեմ եւ հետ եմ ուղարկել վերախմբագրման»: Թե ինչը Պապիկյանին դուր չի եկել, նա չի ասել: Մինչդեռ բանակի ռեֆորմի այս հայեցակարգը Անդրանիկ Քոչարյանը մի քանի անգամ «անոնսել» էր իր տարբեր հրապարակային ելույթներում՝ նշելով, որ բարեփոխումները պետք է ընկալելի լինեն ողջ հանրության համար, եւ որ Վաղարշակ Հարությունյանի հետ ինքը 10 տարի է՝ քննարկում է մեր երկրի անվտանգությունը: ՀԳ․ Եվ մի փաստ էլ․ Վաղարշակ Հարությունյանին Ռուսաստանում դեսպան ուղարկելու որոշումը դժվարությամբ է կայացվել։ ՀՀ իշխանությունը, մեր տեղեկություններով, այլ տարբերակներ է փորձել, մասնավորապես՝ ՌԴ իշխանություններին են ներկայացրել Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի թեկնածությունը, որը մերժվել է։ Դրանից հետո կանգ են առել Վ․ Հարությունյանի վրա, որի թեկնածությունն ուշացումով, բայց ՌԴ-ից հաստատվել է։ Հավանաբար, ՌԴ-ում էլ են առաջնորդվել չարյաց փոքրագույնի տարբերակով»։
    12:47
    01.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Ուկրաինայի ազգայնականները գրավել են ԵԱՀԿ մեքենաները, անձնակազմի ճակատագիրը հայտնի չէ
    ոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հայտնում են, որ ուկրաինական ազգային կազմավորումները Կրամատորսկում գրավել են ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային առաքելության ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ըստ օպերատիվ տեղեկատվության՝ ուկրաինական ազգայնական կազմավորումները, օգտվելով Կրամատորսկում ստեղծված իրավիճակից, գրավել են ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային առաքելության մոտ 20 մեքենա: Առաքելության անդամների ճակատագիրը հայտնի չէ»,- ասված է ԴԺՀ ժողովրդական միլիցիայի Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային առաքելության նշված մեքենաները, անկասկած, կօգտագործվեն ԵԱՀԿ աշխատակիցների դեմ սադրանքներ իրականացնելու համար։
    12:46
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացին
    Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին: Պաշտպանը Դեսպանին ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների շրջանակն ու դրանց իրականացման համար տարվող աշխատանքներն ու ծրագրերը: Մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններին, այդ թվում` անվտանգության հարցերում իրավունքահենք մոտեցումների ամրապնդմանը և հետպատերազմական հումանիտար հարցերին՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունը, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելումը, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթությունները և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակը: Դեսպան Դիոնը բարձր է գնահատել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հարցում: Մարդու իրավունքների Պաշտպանը և դեսպան Դիոնը նախանշել են մարդու իրավունքների ոլորտում հնարավոր համագործակցության մի շարք ոլորտներ:
    12:45
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ազգայնականները հարձակվում են ուկրաինական տեխնիկայի վրա և այն ներկայացնում որպես ռուսական
    Ազգայնականները հարձակվում են Ուկրաինայի ռազմական տեխնիկայի վրա և այն ներկայացնում որպես ՌԴ ԶՈւ տեխնիկա պարգևատրում ստանալու համար, հայտարարել է ԴԺՀ–ի Ժողովրդական ոստիկանությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ուկրաինայի ազգայնականներին մեկ միավոր տեխնիկայի ոչնչացման դիմաց 500-1000 դոլար պարգևատրում տալու ուկրաինացի մի շարք օլիգարխների հայտարարությունից հետո տարածքային պաշտպանության զինյալները սկսել են հարձակումներ գործել Ուկրաինայի զինված խմբավորումների մարտական տեխնիկայի մնացորդների վրա` այն ներկայացնելով որպես ՌԴ ԶՈւ–ի տեխնիկա», – ասվում է Telegram–ում հրապարակած հաղորդագրության մեջ։ ԴԺՀ–ի Ժողովրդական ոստիկանությունը հայտարարել է նաև, որ «շարունակում է տեղեկություն ստանալ` Զելենսկիի հրամանով զենք ստացած և թալանի նպատակով խաղաղ բնակչության դեմ այն կիրառող ազգայնական խմբավորումների անկարգությունների վերաբերյալ»։
    12:38
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց պահելու դեպք է բացահայտվել․ մանրամասներ
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 35-ամյա տղամարդը, մեթադոնային բուժում ստանալու պայմաններում, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3,93 գրամ քաշով «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որը պահել է եղբոր՝ Երևան քաղաքի Ջուղայի փողոցում գտնվող բնակարանում: Հիշյալ բնակարանում կատարված խուզարկությամբ թմրամիջոցը հայտնաբերվել և առգրավվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
    12:27
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԻ նախարարը կարևորել է արտակարգ իրավիճակներում բնակչության լիարժեք պաշտպանության կազմակերպումը
    ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ. Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ: Քաղաքացիական պաշտպանության ոլորտն արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի անբաժանելի մասն է և գերակա ուղղություններից մեկը, որն անընդհատ պետք է զարգանա եւ մեծացնի կարողությունները։ Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ ընդգծել բնակչության ուսուցման, կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման, արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության, անհրաժեշտության դեպքում նրանց լիարժեք պաշտպանության կազմակերպման կարևորությունը: Դա ձեր ամենօրյա աշխատանքի մաս է կազմում, և վստահ եմ, որ նույն պատասխանատվությամբ շարունակելու եք ձեր առաքելությունը: Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում անվտանգ ծառայություն եւ խաղաղություն։
    12:25
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Աստված մի արասցե, որ այն վերածվի համամոլորակային պատերազմի․ Լուկաշենկո
    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով ուկրաինական հակամարտության մասին, հույս է հայտնել, որ այն չի վերածվի համամոլորակայինի, հայտնում է Belta-ն։ «Աստված չանի, որ այն վերածվի համամոլորակային պատերազմի։ Այն նույնիսկ չի սկսվել 2014թ։ Այդ ժամանակ այդ պատերազմը առաջին անգամ մտավ սուր զինված փուլ։ Բայց ի՞նչն էր սրան նախորդել», - նշել է նա։
    12:24
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ղազախստանը կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային ընդհանուր լեզու գտնել
    Ղազախստանը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում ընդհանուր լեզու գտնել հակամարտության կարգավորման համար և պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդես գալու որպես միջնորդ, գրում է ТАСС-ը։ Այս մասին այսօր հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Մեր դիրքորոշումը պետք է բխի մեր անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման ծայրահեղ անհրաժեշտությունից։ Որպես երկիր, որը 2010 թ-ին ընդունել է ԵԱՀԿ գագաթաժողովը, մենք ընդգծում ենք եվրասիական անվտանգության անքակտելիության սկզբունքի կարևորությունը։ Այս մասին ես հայտարարել եմ փետրվարի 10-ին՝ Մոսկվա կատարած այցիս ընթացքում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ նման սկզբունքը ենթադրում է փոխըմբռնում փոխադարձ վստահության հիման վրա։ «Ցավոք, նման բան տեղի չունեցավ։ Մինսկի համաձայնագրերը թղթի վրա մնացին, ինչը հանգեցրեց Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների։ Մենք երկու պետություններին կոչ ենք անում ընդհանուր լեզու գտնել բանակցությունների սեղանի շուրջ, պայմանավորվածության և համաձայնության գալ։ Ղազախստանն, իր հերթին, պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել, այդ թվում՝ միջնորդական ծառայություններ, եթե կարիքը լինի», - նշել է պետության ղեկավարը։ Տոկաևը նաև հիշեցրել է, որ արդեն մի շարք աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Անվտանգության խորհրդում և հստակ խնդիրներ դրել կառավարության առջև, որոնք վերաբերում են Ղազախստանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանն աննախադեպ պատժամիջոցային իրավիճակում։ «Մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի դիմակայելու պատժամիջոցային մարտահրավերներին՝ ճգնաժամային իրավիճակում անխափան աշխատանք ապահովելու համար։ Կարծում եմ՝ մենք բոլորս միասին կհաղթահարենք հնարավոր դժվարություններն ու մարտահրավերները։ Դրանց բարդությունը չի կարելի թերագնահատել, բայց գերագնահատել նույնպես պետք չէ»,- նշել է Ղազախստանի նախագահը։
    12:23
    01.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինացի ազգայնականները գնդակահարել են խաղաղ բնակիչներին
    Ուկրաինացի ազգայնականները գնդակահարել են Վոլնովախայից դուրս եկած խաղաղ բնակիչներին։ Այս մասին հայտարարել են ԴԺՀ-ի պաշտպանության շտաբից։ «Ուկրաինացի ազգայնականները Վոլնովախայում առավոտյան 10:10-ին կրակել են քաղաքը սպիտակ դրոշով լքող խաղաղ բնակիչների վրա»,- ասվում է Telegram-ի ալիքում։
    12:18
    01.03.22
    Ավելին