Լրահոս

2022-01-18
  • Հայաստան
    Կապանի գյուղերի բնակիչները խնդիրների առջև են․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի բնակիչների հարցերը շարունակում են չլուծված մնալ: Մասնավորապես, բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հանձնարարությամբ աշխատակիցների՝ Սյունիք կատարած այցի ընթացքում:  Կապանից դեպի 4 գյուղեր՝ Ագարակ, Խդրանց, Եղվարդ և Ուժանիս տանող ճանապարհի նկատմամբ Ադրբեջանն առանց որևէ իրավական հիմքի վերահսկողություն է սահմանելու, և դրա հետևանքով մարդկանց համար հումանիտար խնդիրներ են առաջ եկել։  Օրինակ՝ Եղվարդ գյուղի բնակիչները նշել են, որ գյուղում շեշտակի նվազել է ոչխարաբուծությունը այն պատճառով, որ զրկվել են արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից. այդ տարածքներն այժմ ադրբեջանական զինված ուժերի տիրապետության տակ են։  Բացի այս, արդեն 10 գլուխ խոշոր եղջերավորներ հայտնվել են սահմանից այն կողմ, և գյուղացիները գոնե մնացածը փրկելու համար կենդանիներին ախոռից դուրս չեն հանում։ 3 գլուխ խոշոր եղջերավորներ Ագարակ գյուղից են հատել սահմանը, իսկ Ուժանիս գյուղում, ճիշտ է, նման դեպք դեռ չի գրանցվել, սակայն մարդիկ վաճառում են անասունները. խոշոր եղջերավորները արդեն պակասել են 21-ով։  Ինչպես Սյունիքի այլ սահմանամերձ բնակավայրերի դեպքում, այստեղ էլ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ: Բացի անվտանգ ապրելու իրավունքից, այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելիության պատճառով խախտվում են տեղի բնակիչների կրթության, աշխատանքի, բուժօգնության եւ այլ իրավունքներ։  Օրինակ՝ եթե նախկինում գյուղացիները հեշտությամբ կարողանում էին հասնել Կապան քաղաք՝ աշխատանքի, ապա այժմ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով, իսկ եղանակային վատ պայմանների դեպքում՝ անանցանելիության պատճառով մարդիկ ստիպված բնակարան են վարձակալել։ Առկա են նաև բուժօգնության իրավունքի խախտման դեպքեր. թեեւ գյուղերն ունեն բուժհաստատություն, որտեղ համապատասխան առաջնային օգնություն է ցուցաբերվում (Եղվարդի և Ուժանիսի համար գործում է մեկ բուժհաստատություն Եղվարդ գյուղում), սակայն բուժօգնության ավելի լուրջ հարցերը չեն կարող լուծվել տեղում։  Մարդիկ լիարժեք բուժօգնություն ստանալու համար պետք է կրկին հասնեն Կապան քաղաք։ Այսպիսով, ադրբեջանական ծառայողների՝ հայկական գյուղերին այդքան մոտ տեղակայված լինելը, ամրացումները եւ նրանց կողմից միջհամայնքային ճանապարհների վերահսկողությունը խորացնում են մարդկանց իրավունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կյանքը: Հետևաբար ինչպես արձանագրել է ԱԺ ՄԻՊ և ՀՀ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու համար, որպեսզի վերականգնվեն սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները կամ դրանց մի մասը»: 
    11:33
    18.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ճանապարհի մերկասառույցի պատճառով Mitsubishi-ն գլխիվայր շրջվել է, հայտնի փաստաբանը տեղափոխվել է հիվանդանոց
    Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 14-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Կարեն Ափոյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ կամրջի վրա, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ Ծովինար Կարապետյանը բժշկական օգնության նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ծ. Կարապետյանը ՀՀ փաստաբանների պալատի հայտնի փաստաբաններից է։
    09:08
    18.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Կուբիկ-ռուբիկը»՝ 5-ամյա Աննայի ոտքերի տակ
    Բարդ ժամանակներում պետք է կարողանալ դժվար խնդիրներ լուծել անգամ ոտքով՝ անգամ ջրի տակ: Վրաստանում 5-ամյա աղջիկը սովորել է հանրահայտ Կուբիկ-ռուբիկի գլուխկոտրուկը լուծել ոտքով՝ 3 րոպեում:
    09:07
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անընդունելի են Արդարադատության նախարարության մոտեցումները․ ՀՀ ՄԻՊ
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի համար սկզբունքորեն անընդունելի են ՀՀ արդարադատության նախարարության մոտեցումները՝ կապված համայնքների ընտրված ավագանիների այն անդամների իրավունքների հետ, որոնք պետք է մասնակցեն ավագանիների առաջին նիստերին, բայց կալանավորված են և գտնվում են ՔԿՀ-ում։ Խոսքը վերաբերում է նրանց ընտրելու և ընտրվելու իրավունքին: «Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրության հիման վրա Արդարադատության նախարարություն էր ներկայացվել Պաշտպանի վերլուծված դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ Արդարադատության նախարարությունը՝ անկախ քրեական հետապնդման մարմնի կամ կալանքի միջնորդությունը բավարարած դատարանի վերաբերմունքից, պարտավոր է ապահովել համայնքների ավագանիների այն անդամների սահմանադրական ընտրական իրավունքը, որոնք գտնվում են ազատությունից զրկված (խափանման միջոց կալանք) վիճակում, այն է՝ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում: Արդարադատության նախարարի պատասխան գրությամբ, սակայն, ցուցաբերվել է խիստ ֆորմալ, մարդու սահմանադրական իրավունքները ոտնահարող մոտեցում՝ առանց հաշվի առնելու Սահմանադրության առանձնահատկությունները և իրավունքի գերակայության ապահովման հիմնարար պահանջը: Արդարադատության նախարարությունը մի կողմից անվիճելի է համարում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած փաստը, որ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելն անձին չի կարող զրկել ընտրական իրավունքից, մյուս կողմից, սակայն, ձևական մեկնաբանությունների վրա դիմելով՝ հարցը հատուկ տանում է այնպիսի ճանապարհով, որ ինքն իր համար ապահովի մարդու սահմանադրական իրավունքի իրացումը մերժելու հիմքեր: Մասնավորապես, անցնում է կալանավորվածի մեկնումների, տեսակցությունների ոլորտ՝ նշելով, թե «սահմանադրական նշված նորմի [48-րդ հոդված] կիրառման կառուցակարգը հասկանալու և դրա համատեքստում քրեակատարողական հիմնարկի պետի իրավասության առկայությունը հաստատելու համար» վկայակոչում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի դրույթներ՝ ցույց տալու համար, թե կալանավորված անձին արտաքին աշխարհի հետ փոխադարձ հաղորդակցությունն ապահովելու և հիմնարկից այլ վայր փոխադրելու հիմքեր չկան: Արդարադատության նախարարությունը նշել է, թե կարճաժամկետ մեկնումները «կարող են տրամադրվել միայն քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ և միայն կալանավորված անձանց մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում»: Իսկ տեսակցությունների կապակցությամբ էլ Նախարարը նշել է, թե տվյալ դեպքում դրանք արգելվել են վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, հետևաբար նման արգելքի պայմաններում այս տարբերակը ևս խնդրո առարկայի շրջանակներում չի կարող քննարկվել: Ակնհայտ է, որ կոնկրետ իրավիճակում մարդու սահմանադրական ընտրական իրավունքների ապահովման հետ այս պահանջներն առնչութուն չունեն: Ուստի, բացարձակ անընդունելի է Արդարադատության նախարարության նման դիրքորոշումը և հարցին լուծում տալու փոխարեն պարտավորության կատարումից հրաժարվելը՝ փորձելով ստեղծել մարդու ընտրական իրավունքի սահմանափակման այնպիսի հիմքեր, որոնք Սահմանադրությամբ գոյություն չունեն: Մարդու իրավունքների պաշտպանը հստակ տիրապետում է թե՛ օրենքի կարգավորումներին, և թե՛ միջազգային ու սահմանադրական այն պահանջներին, որոնց հիման վրա երկրի Կառավարությունը, իսկ տվյալ դեպքում՝ Արդարադատության նախարարությունը, որի համակարգում գործում են ՔԿՀ-ները, կրում է պարտականություն ապահովելու մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների իրացումը: Ինչպե՞ս կարելի է նման ֆորմալիստական մոտեցում ցուցաբերել անձի սահմանադրական ընտրական իրավունքի նկատմամբ, որը երկրի ժողովրդավարության ձևավորման հիմքերի հիմքում է: Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս կարելի է անձի ընտրելու և ընտրվելու իրավունքի երաշխավորման հարցը պայմանավորել վարույթն իրականացնող անձի կամքով, երբ Սահմանադրությունը իրավունքի սահմանափակման նման որևէ հիմք չի նախատեսում: Մարդու իրավունքների պաշտպանը մեկ անգամ ևս հատուկ ընդգծում է, որ չի կարելի այս հարցի լուծումը կախվածության մեջ դնել քրեական գործ քննող մարմինների կամքից, քանի որ այն կապ չունի քննվող քրեական գործի առարկայի հետ և, բացի այդ էլ՝ խոսքը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի մասին է, որից զրկելու հիմքեր կոնկրետ իրավիճակում չկան առհասարակ: Վերջում Արդարադատության նախարարությունը, կրկին դիմելով ֆորմալ մեկնաբանության, մարդու սահմանադրական իրավունքի իրացումը փորձում է դարձնել անիրատեսական: Մասնավորապես, եզրահանգում է, թե քրեակատարողական հիմնարկի պետը լիազորված չէ ինքնուրույն կալանավորված անձին նիստի անցկացման վայր տեղափոխել կամ տեսակցություն տրամադրել՝ մեջբերելով Սահմանադրության 6-րդ հոդվածը, որի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրական այս հոդվածի վկայակոչումը կոնկրետ դեպքում սկզբունքրեն անընդունելի է, որի ներքո, ըստ կարիքի, հաճախ են «թաքնվում» պետական մարմինները: Չի՛ կարելի անտեսել հենց նույն Սահմանադրության մեկ այլ՝ փոփոխման ոչ ենթակա հոդված, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է (…) Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք» (3-րդ հոդված): Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում պետական նման մարմնի այսպիսի մոտեցումը, որը ստեղծում է վտանգավոր նախադեպ: Արդարադատության նախարարությունը պարտավոր է ապահովել կալանավորված ավագանու անդամի ընտրական իրավունքը երաշխավորելու համար Սահմանադրության պահանջները՝ հատկապես, որ հնարավոր է ապահովել ավագանու կալանավորված անդամի մասնակցությունը ավագանու առաջին նիստին՝ հնարավորություն ընձեռելով նրան այլ եղանակով, օրինակ՝ տեսակապի միջոցով կամ որևէ այլ կերպ, արտահայտել իր դիրքորոշումը կամ այլ կերպ իրացնել իր սահմանադրական ընտրական իրավունքը: Կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրած ՔԿՀ-ում գտնվող Մամիկոն Ասլանյանի մասնակցությանը ավագանու նիստին, քանի որ Վանաձորում ավագանու առաջին նիստ դեռ չի գումարվել, որի ընթացքում պետք է որոշվի համայնքի ղեկավարի ընտրության հարցը: Ավագանու յուրաքանչյուր անդամի կողմնակից քաղաքացին (անկախ նրանից՝ ավագանու տվյալ անդամը կալանավորված է, թե ոչ) համայնքի ղեկավարի թեկնածուին ընտրել է այն ակնկալիքով, որ հենց այդ անձն է լինելու իր համայնքի ղեկավարը: Այլ կերպ ասած, քաղաքացու ընտրական իրավունքի վերջնական և սպառիչ իրացումը ենթադրում է ավագանիների այդ անդամների կողմից համայնքի ղեկավարի ընտրության համար անցկացվող ավագանու առաջին նիստին մասնակցելու և քվեարկելու իրավունքի իրացում: Սա է ներկայացուցչական ժողովրդավարության էությունը: Այս կերպ է, որ ընտրական իրավունքի շնորհիվ ձևավորվում է երկրում ժողովրդավարության համակարգը: Նույն սկզբունքը վերաբերում է նաև խորհրդարանական ընտրություններին և Կառավարության ձևավորմանը»։
    08:59
    18.01.22
    Ավելին
  • Քաղաքական
    Շիշ բռնողի եղբայրը՝ «շիշ շպրտող»
    «Hraparak.am»-ը գրում է, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որն ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր է, «Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի եղբայրն է, գրանցվել է Tik-Tok-ում և դարձել «տիկտոկեր»։ «Նա «դաստիարակչական» բնույթի տեսանյութեր է նկարում ու տեղադրում Tik-Tok-ում։ Տեսանյութերից մեկում, օրինակ, որը վերնագրել է «Սիրենք մեր երկիրը», փորձում է հումոր անել շշի թեմայով՝ շիշը պատուհանից շպրտելով և ցույց տալով, թե ինչպես կարելի է վարվել շշի հետ, որը քեզ այլևս պետք չէ։ «Ուրեմն տեսեք՝ ինչ ենք անում, բացում ենք պատուհանը և ամբողջ ուժով շիշը շպրտում ենք դուրս և փակում ենք պատուհանը։ Այսքան բան, կարող եք շատ հեշտ բոլորդ կիրառել, կապ չունի՝ էդ պահին քաղաքի որ մասում եք գտնվում, ցանկացած պահի, երբ շիշը ձեզ այլևս անհրաժեշտ չի, կարող ենք ամբողջ ուժով շպրտել դուրս»,- ասում է նա։ Այս ընտանիքում, թերևս, շիշը մեծ դեր ունի։ Նրանց կյանքը տարբեր դիպվածներում կապվում է շշի հետ։ Մի եղբայրը 2018-ի իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի ջրի շիշն էր բռնում, ինչի արդյունքում էլ վաստակեց «Շիշ բռնող» մականունը, իսկ մյուս եղբայրը՝ հակառակը․ շիշը բռնելու փոխարեն սովորեցնում է ինչպես այն շպրտել։
    08:50
    18.01.22
    Ավելին
2022-01-17
  • Հայաստան
    Տեղահանված քաշաթաղցիներին լույս չեն տալիս. «դուք ապօրինի եք բնակվում այստեղ»
    Արցախից տեղահանված, Հայաստանում տեղը չգտնող քաշաթաղթիների 15 ընտանիք անլույս է մնացել: ՀԷՑ-ն անջատել է Նորքի այգիներ 180 հասցեի շենքի լույսը՝ պատճառաբանելով, թե այնտեղ իրենք ապօրինի են բնակվում:
    19:16
    17.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Լևոն Տեր-Պետրոսյանը սրանով հասարակությանը մղում է անտարբերության, պասիվության. Աղվան Վարդանյան
    Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 5 կետեր է շարադրել, որոնցից առաջին կետի հետ ամբողջովին համաձայն եմ, որ Նիկոլ Փաշինյանը միջոցների մեջ խտրություն չդնելով ցանկացած գնով փորձում է պահել իշխանությունը: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, «NEWS.am»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Ուղղակի մեկ հավելում. Առաջին նախագահի մյուս բնութագրումներից մեկնելով, հատկապես պատերազմից հետո Փաշինյանի հասցեին ասելով «ազգակործան պատուհաս», բայց ցավոք մենք որեւէ կերպ այդ որակված իշխանության դեմ պարոն Տեր-Պետրոսյանի եւ իր թիմի կողմից որեւէ էական ռեալ քայլ չենք տեսել: Այո, երկրորդ կետով նախագահը նաեւ անդրադառնում է Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին եւ նույն բառերով բնութագրում է նրանց, որ փորձում են միջոցների մեջ խտրություն չդնելով, զավթել իշխանությունը: Ակնհայտորեն սխալ գնահատական է: Այդ որ զավթման կամ միջոցների մեջ խտրություն չդնելու մասին է խոսքը, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանն է, իր բնավորության համաձայն փորձում է նույնկերպ հավասարեցնել այս պատուհաս իշխանությանը եւ ընդդիմությանը, որը փորձում է երկիրը դուրս բերել այս վիճակից»,-ասաց նա: Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ 1996 թվականին «խայտառակ կեղծիքներով եւ բռնի ուժով Լեւոն Տեր-Պետրոսյանը բռնազավթել է իշխանությունը»: «Փորձել է իշխանությունը բռնազավթել այս վարչապետ կոչվածի մեթոդներով 2008 թվականին: Հետաքրքիր է, որ 2021 թվականի ընտրություններին Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ՀԱԿ-ով մասնակցում էր ընտրություններին, արդյոք նա փորձում էր բռնազավթել իշխանությունը: Երրորդ կետով Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ այս երեք ճամբարներում էր չկա պետական շահի գիտակցում: Պետական շահի գիտակցման ընկալումը շատը վաղուց է խեղաթյուրված Տեր-Պետրոսյանի մոտ: Եթե այդ շահի գիտկցումը լիներ, ինքը իմ թվարկած քայլերին չէր գնա: Մեղադրել հատկապես երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերին պետական շահի գիտակցում չունենալու մեջ, ես կարծում եմ՝ առնվազն բարոյական չէ: Այն, որ երկրորդ ու երրորդ նախագահներն ունեն պետական շահի գիտակցում, ես դրանում չեմ կասկածում, եւ ափսոսում եմ, որ առաջն նախագահը կասկածում է»,-հայտարարեց Վարդանյանը: Անդրադառնալով առաջին նախագահի հայտարարությանը, թե ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է, Աղվան Վարդանյանն ասաց, որ սրանով նա կարծես, իրեն եւ իր թիմին դուրս է դնում այդ ցանկից. «Իր սովորության համաձայն, նա փորձում է խոսել վերեւից, բայց այս դեպքում խոսում է ներքեւից, կողքից, հեռվից, Հայաստանից դուրս՝ իրեն մեկուսացնելով այս բոլոր գործընթացներից: Սա եւս բնորոշ է պարոն Տեր-Պետրոսյանի խառնվածքին»: Նա նաեւ ասում է, որ հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Այսինքն ինքը սրանով հասարակությանը մղում է անտարբերության, պասիվության, եւ գտնում է, որ որեւէ մեկը, բայց այս երեք կողմերից, անելիք չունի: Սա շատ վատ ազդակ է հասարակությանը: Վերջում նա մեղադրում է քաղաքագիտական հանրությանը, լրատվամիջոցներին: Սա եւս կողքի նայողի, իրեն հեռու պահողի, անմասնակից անձի, ոչ թե ՀՀ առաջին նախագահի դիրքորոշում է: Ցավում եմ, բայց սա հերթական փորձն է առաջին նխագահի կողմից՝ փորձել նույն հարության վրա դիտարկել այս իշխանությանը՝ իր բոլոր ավերներով, պահուհասներով, եւ ՀՀ երկրորդ ու երրրդ նախագահության թիմերին, ինչը, պարոն Տեր-Պետրոսյան, արդար չէ եւ սազական չէ ՀՀ առաջին նախագահին»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը:
    19:06
    17.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Իր տան պատշգամբ մտած երիտասարդի վրա կրակած տղամարդուն դատարանն ազատ արձակելու որոշում կայացրեց
    Դատարանն այսօր՝ հունվարի 17-ին, Նոյեմբերյան բնակավայրի Տերյան փողոցի տներից մեկում իր տան պատշգամբ մտած երիտասարդի վրա կրակած տղամարդուն՝ Հարություն Ղազինյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասել է Ղազինյանի փաստաբան Ներսես Չիլինգարյանը։ Նա նշել է, որ իրենք ձերբակալման իրավաչափության դեմ բողոք էին ներկայացրել։ Ավելի վաղ Հարություն Ղազինյանին մեղադրանք չի առաջադրվել, նա ձերբակալվել էր կասկածյալի կարգավիճակով։ Նրա փաստաբանն ասել է, որ զենքն ապօրինի չի եղել, այն իրեն է պատկանում. «Նա ընդունում է, որ կրակել է։ Նա ոստիկանության նախկին աշխատակից է եղել։ 1991 թվականի մայիսի վերջին «Կալցո» օպերացիան որ եղավ, ոստիկաններ գերեվարվեցին, Հարություն Ղազինյանն այդ ոստիկանների մեջ է եղել։ Քննչական կոմիտեից «NEWS.am»-ին դեպքից մանրամասներ են հայտնել։ Ըստ ՔԿ-ի՝ պարզվել է, որ հունվարի 15-ին գիշերը ժամը 03։00-ի սահմաններում Նոյեմբերյան համայնքի Բերքավան բնակավայրի բնակիչ Գոռ Երեմյանը ցանկապատի վրայով մուտք է գործել նույն համայնքի Տերյանի փողոցի 36-րդ հասցեում գտնվող տուն և նկատել է տան տիրուհուն, վերջինս այդ մասին տեղեկացրել է հորը, որ մարդ կա տանը։ Գոռ Երեմյանը նկատելուց հետո ցատկել է պատշգամբից ու դիմել փախուստի։ Հարություն Ղազինյանն էլ հետապնդել է իրեն և իր մոտ եղած որսորդական հրացանով կրակել է նրա ուղղությամբ, որն էլ դիպել է կոնքի հատվածին։ Երիտասարդը ստացել է ծանր մարմնական վնասվածք։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով։
    18:40
    17.01.22
    Ավելին
  • Հրամանատարությունը ստուգել է դիրքապահների պատրաստվածությունը
    N զորամասի մարտական հենակետերում հունվարի 17-ին իրականացվել են ստուգայցեր։ Հրամանատարությունը ստուգել է դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել զինծառայողներին ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
    18:25
    17.01.22
    Ավելին
  • Միջազգային
    Պայթյուններ՝ Աբո Դաբիում. ՀՀ նախագահն այնտեղ է
    Աբու-Դաբիում բենզակիր ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեք մարդ է մահացել, կա 6 վիրավոր: Մահացածներից մեկը Պակիստանի, երկուսը՝ Հնդկաստանի քաղաքացիներ են: «Reuters» գործակալության տարածած տեղեկատվության համաձայն՝ հութիները հայտարարել են, որ գրոհ են սկսել ԱՄԷ-ի դեմ: Այս օրերին աշխատանքային այցով ԱՄԷ-ում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ նախագահի խորհրդական Հասմիկ Պետրոսյանը հայտնել է, որ ՀՀ նախագահի այցն ընթանում է բնականոն հունով: «Նախագահի այցի հետ կապված որևէ փոփոխություն չի եղել, Արմեն Սարգսյանը այժմ գտնվում է Դուբայում և մասնակցում է «Էքսպո 2020 Դուբայ»-ին»,- ասել է Հասմիկ Պետրոսյանը:
    18:20
    17.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Մեքենան բռնկվել է․ կան տուժածներ
    Հունվարի 17-ին, ժամը 14։45-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի «Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց այրվում է ավտոմեքենա, հայտնում է ԱԻՆ-ը։ Պարզվել է, որ Բաղրամյան փողոցի սկզբնամասում «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Վ․, ծնված 1959 թ.) բախվել է ճամփեզրին կայանած «ZIL 130» մակնիշի բեռնատարին և բռնկվել։ Փրկարարները հոսանքազրկել են «Lada 21010» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին և ուղևորներ Գ․ Հ․-ին (ծնված 1977 թ․), Ա․ Հ․-ին (ծնված 1959 թ․) և Գ․ Հ․-ին (ծնված 2009 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Երևանի Էրեբունի ԲԿ, այնուհետև Գ․ Հ․-ն (ծնված 2009 թ․) տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:53-ին, մարվել` 14:59-ին: Այրվել է «Lada 21010» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
    18:15
    17.01.22
    Ավելին
  • Առողջապահական
    Հայաստանում հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը
    ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, համագործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի հետ, շարունակում է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությունով ՊՇՌ դրական արդյունքով պացիենտների նմուշների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություններ: Նմուշները վերցվում են ընտրանքային՝ կրկնակի ՊՇՌ դրական արդյունքով պացիենտներից, կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներից, օդային սահմանով երկիր մուտք գործած դրական ՊՇՌ լաբորատոր հետազոտության պատասխան ունեցող անձանցից: Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքում՝ հետազոտված ևս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը։ Հաշվի առնելով համաճարակային իրավիճակը` առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները և պատվաստվել, քանի որ պարբերաբար ի հայտ եկող նոր շտամների՝ մասնավորապես «Օմիկրոնի» համատեքստում, հատկապես կարևորվում են պատվաստումները՝ այդ թվում խթանիչ դեղաչափերով։
    18:10
    17.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Կորոնավիրուսի դեմ սահմանափակումները խոցում են միջին տարիքի մարդկանց. Արա Զոհրաբյան
    Առողջապահության նախարարության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների դեմ։ «Ազատ կամք» նախաձեռնության հիմնադիր, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածման սկզբում նշվում էր, որ այս վիրուսը հիմնականում խոցում է տարեց մարդկանց։ «Այն գործիքակազմը, որը կիրառում են իշխանությունները, տարեցներին չի էլ հասնում, խոցում է միջին տարիքի մարդկանց, այսինքն՝ աշխատող մարդկանց: Իշխանությունների ուժը պատում է աշխատող մարդկանց վրա՝ պահանջելով կամ ՊՇՌ թեստի պատասխան կամ պատվաստման սերտիֆիկատ, այլ գործիքակազմ չունեն» ,- ակցիայի ժամանակ հայտարարեց Արա Զոհրաբյանը։
    17:58
    17.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Ի՞նչ իրավունք ունեն մեզ պարտադրեն պատվաստանյութ, որը փորձարկում չի անցել. քաղաքացի
    Առողջապահության նախարարության դիմաց բողոքի ակցիա է ընթանում: Մասնակիցները բողոքում են կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների դեմ, նրանցից մեկը նշեց, որ բժշկությունը հնարավոր չէ պատադրանքով լինի, մարդն է որոշում՝ պատվաստվի, թե ոչ. «Ի՞նչ իրավունք ունեն մեզ պարտադրեն պատվաստանյութ, որը փորձարկում չի անցել։ Լավ բանը երբեք պարտադրաբար չի լինում։ Ի՞նչ են մեզ պարտադրում»:
    17:50
    17.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Տղամարդը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով
    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վարդենիս քաղաքի 48-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՔԿ-ից |NEWS.am\-ին հայտնել են, որ դեպքի վերաբերյալ ահազանգն ստացվել է 2022թ. հունվարի 16-ին` ժամը 19-ին, «Վարդենիսի ԲԿ» ՓԲԸ-ից, որով ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժինը տեղեկացվել է, որ «Որովայնի և ձախ նախաբազկի շրջանի թափանցող, արյունահոսող վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վարդենիս քաղաքի՝ 1973թ. ծնված բնակիչը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդը նշված վնասվածքը ստացել է նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղում ավտոմեքենայի առք ու վաճառքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ համաքաղաքացու կողմից, ով դանակով դիտավորությամբ հարվածել է նրան և դիմել փախուստի: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, կատարվել են առգրավումներ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել դատագենետիկական, դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ։ 2022թ. հունվարի 17-ին Վարդենիս քաղաքի բնակիչը ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժին: Վերջինս ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել՝ 48-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով:
    17:43
    17.01.22
    Ավելին
  • Հասարակական
    Պատերազմում զոհված հայրն ու երկու որդիները հետմահու մեդալների են արժանացել
    44-օրյա պատերազմում Հադրութի Քյուրաթաղ գյուղից Ղարայանների ընտանիքը երեք զոհ է ունեցել․ Գարեգին Ղարայանը և նրա երկու որդիները՝ 21-ամյա Դավիթն ու 23-ամյա Վազգենը զոհվել են օրերի տարբերությամբ, հուղարկավորվել Եռաբլուրում հայտնում է Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը։
    17:22
    17.01.22
    Ավելին
  • Հայաստան
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    17:16
    17.01.22
    Ավելին