Լրահոս
Հասարակական
22:13
07.02.20
104

Սահմանադրական ռեբուս. Իշխանությունը խճճվե՞լ է

Հայաստանը նոր քաղաքական շրջափուլի նախաշեմին է: Եթե հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի հանրաքվեի մասին օրինագիծը, առաջիկա ամիսներին մեր պետությունը ապրելու է այո-ի ու ոչ-ի քարոզիչների բարձրացրած աղմուկի մեջ: Ըստ իրավաբանների՝ օրենքի նախագիծը ստորագրելու համար նախագահ Սարգսյանը ունի 72 ժամ: «Սակայն եթե նա իսկապես հավատարիմ է Սահմանադրությունը պահպանելու իր կոչմանը, ստորագրելուց առաջ պետք է ունենա հանրաքվեի որոշման սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական Դատարանի գնահատականը»,- այսպես կարծում են մի խումբ փորձագետներ։

Հանրաքվեն կարող է տեղի ունենալ մարտի վերջ կամ ապրիլի սկիզբ: Մոտավոր ժամկետները նշել է Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Հիմա իշխանությանն այլ բան է անհանգստացնում:

Ինչպես արձագանքել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների կոչին: Նրանք հինգշաբթի երեկոյան հորդորել էին Սահմանադրական օրենքների փոփոխությունների նախագծերը շտապ ուղարկել Վենետիկի հանձնաժող՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար: Իրավապաշտպանները կոչով դիմում են Արմեն Սարգսյանին՝ չստորագրել Հանրաքվեի մասին օրինագիծը և չմասնակցել այս հակասահմանադրական գործընթացին: «Այն ոչ միայն կխարխլի իրավական պետության հիմքերը, այլև կստեղծի իրավունքի ոտնահարման ծանրակշիռ նախադեպ։ Մեր այս մտահոգությունները լիովին համահունչ են Եվրոպայի խորհրդում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին»,- իրավապաշտպանների այս հայտարարությունը բաց է և դրան կարելի է միանալ մինչև փերվարի ութը։ Հանրաքվեն պետք է իշխանությանը՝ Սահմանադրական դատարանի յոթ դատավորին տուն ուղարկելու համար: Նրանց, ովքեր բարձր դատարանի դատավոր են նշանակվել մինչև 2018-ի ապրիլի 9-ը: