Լրահոս
Իրավական
15:22
04.02.20
59

Վիրավորանքները և սպառնալիքները կանխելու փոխարեն դատարանը սանկցիա կիրառեց պաշտպանների նկատմամբ

Img default alt hy
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կիրառեց դատական սանկցիա՝ նկատողության տեսքով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպանների նկատմամբ։ Դատարանն արձանագրել է, որ «պաշտպանների վարքագիծը համաձայնեցված էր, միտված էր դատական նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելուն, պաշտպանները չարամտորեն չեն իրականացրել իրենց պարտականությունները և չեն ներկայացել դատական նիստի»։
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին պաշտպանները բոյկոտել են դատական նիստը, գրավոր տեղեկացնելով դրա մասին և պատճառաբանելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Պաշտպանները նշել են, որ 2020 թ․ հունվարի 9-ի դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդներից մեկի կողմից հնչեցվել է սպառնալիք, ինչին դատարանը պատշաճ չի արձագանքել։
Այսօրվա դատական նիստին պաշտպանական կողմը դժգոհություն հայտնեց դատարանի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքից, ևս մեկ անգամ արձանագրելով, որ նիստերի ժամանակ կարգ ու կանոն չի լինում, դատարանը ոչ մի գործողություն չի ձեռնարկում այն պահին, երբ հնչում է ատելության խոսք։ Ընդ որում՝ այդ ատելության խոսքը հնչում է նաև դահլիճում ներկա այլ փաստաբանների կողմից։
Փաստաբանները կրկին ուշադրություն հրավիրեցին այն փաստին, որ դատարանն ի վիճակի չէ դատավարության կողմերի համար ապահովել հավասար պայմաններ, իսկ որոշ դեպքերում պաշտպաններին նույնիսկ թույլ չի տալիս ելույթ ունենալ։
Հղում անելով Փաստաբանության մասին օրենքին՝ պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ փաստաբաններն անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել դատական նիստը բոյկոտելու իրավունքից։
Նիստի ընթացքում տուժողներից մեկը, լքելով դատարանի դահլիճը, կրկին վիրավորական արտահայտություն նետեց փաստաբանների հասցեին։ Եվ, չնայած այն հանգամանքին, որ պաշտպան Արամ Վարդևանյանը բարձրաձայնեց դրա մասին, դատավոր Աննա Դանիբեկյանը կրկին նախընտրեց անտեսել այն։