Լրահոս
Միջազգային
21:36
25.04.26
433

Դոնալդ Թրամփը չեղարկել է Ուիթքոֆի և Քուշների այցը Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների համար

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է իր հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և գործարար Ջարեդ Քուշների ուղևորությունը Պակիստան, որտեղ նախատեսվում էին բանակցություններ Իրանի հետ։ Այս մասին նա հայտարարել է Fox News հեռուստաալիքի լրագրող Աիշա Հեսնիին։

X սոցիալական ցանցում լրագրողը նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփն իրեն ասել է, թե միակողմանիորեն չեղարկել է Ուիթքոֆի և Քուշների այցը։

«Որոշ ժամանակ առաջ, երբ իմ մարդիկ պատրաստվում էին մեկնել, ես նրանց ասացի. «Ո՛չ, դուք չեք պատրաստվում 18 ժամ թռչել, որպեսզի հասնեք այնտեղ։ Բոլոր խաղաթղթերը մեր ձեռքում են։ Նրանք (Իրանը) կարող են զանգահարել մեզ, երբ ցանկանան։ Բայց դուք այլևս 18-ժամյա թռիչքներ չեք կատարի ոչնչի մասին խոսելու համար»», — ամերիկյան առաջնորդի խոսքերն է մեջբերել Հեսնին։

Ապրիլի 24-ին ամերիկյան Axios պորտալի թղթակից Բարաք Ռավիդը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունները կայանալու են ապրիլի 27-ին Իսլամաբադում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հայտարարել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները Իսլամաբադ կմեկնեն ապրիլի 25-ին՝ իրանական կողմին լսելու համար։

Դրանից հետո Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Թեհրանը չի պլանավորում հանդիպում անցկացնել ԱՄՆ ներկայացուցիչների հետ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի՝ Պակիստան կատարած այցի ընթացքում։ Բաղային ընդգծել էր, որ Արաղչին կշփվի միայն պակիստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ Մերձավոր Արևելքում հակամարտության դադարեցմանն ուղղված Իսլամաբադի միջնորդական ջանքերի շրջանակում։ Ապրիլի 25-ին Al Hadath հեռուստաալիքը հայտնել էր, որ Արաղչին լքել է Իսլամաբադը՝ Պակիստանի պաշտոնյաների հետ բանակցություններից հետո։