Լրահոս
Իրավական
00:49
14.06.26
414

Վարչական դատարանը մերժեց ԲՀԿ-ի հայցերը

Img default alt hy

Վարչական դատարանը քիչ առաջ մերժել է ԲՀԿ-ի հայցերը։ Այս մասին գրել է Hraparak.am-ը։

Փաստաբան Արամ Օրբելյանը հայտնեց, որ դատավոր Արթուր Ավագյանը թեև մերժել է հայցը, բայց արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն․

«Դատարանի որոշման մեջ մասնավորապես ասվում է՝ Ինչ վերաբերում է Օրենսգրքի 95-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերապահված՝ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու լիազորությանը, ապա դատարանն արձանագրում է, որ այն սահմանված է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամփոփելու վարույթում կենտրոնական ընտրական հանձնաժողովին վերապահված լիազորությունների շրջանակներում, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է առանձին ընտրական տեղամասերում նշանակելու վերաքվեարկություն, ուստի տվյալ նորմով սահմանված լիազորությունը սույն դեպքում թեև կիրառելի չէ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփման փուլում ստիպված է լինելու իր որոշմամբ (սույն գործով վիճարկվող) արձանագրված խախտումների լույսի ներքո ընդունել որոշում առանձին ընտրական տեղամասում վերաքվեարկություն անցկացնելու մասին»:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը 2 հայտ էր ներկայացրել Վարչական դատարան՝ վիճարկելով ԿԸՀ-ի այն որոշումները, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր էին ճանաչվել քվեարկության արդյունքները։

ԲՀԿ–ն հայտարարել էր, որ անվավեր են ճանաչվել հատկապես այն տեղամասերի արդյունքները, որտեղ կուսակցությունը ստացել է մեծ թվով քվեներ։

Վաղը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի վերջնական արդյունքները։