Լրահոս
Հասարակական
19:15
15.06.26
54

Պատերազմը ողբերգություն է, բայց ավելի մեծ ողբերգություն է ամբողջությամբ թշնամու ողորմածությանը հանձնված գերու կարգավիճակով «խաղաղությունը»

Img default alt hy

Անժխտելիորեն, ինչպես անձի, այնպես էլ ողջ մարդկության` ազգերի և պետությունների պատմությունը պատերազմների պատմություն է` ընդմիջված կարճատև խաղաղություններով: Ըստ վիճակագրության, մարդկությունը վերջին 6000 տարվա պատմության մեջ ընդամենը շուրջ 250 տարի է ապրել պայմանական խաղաղության շրջաններում: Կարելի է համարել, որ մարդկությունը ապրել և մշտապես ապրելու է ոչ թե խաղաղության, այլ ժամանակավոր հրադադարների ժամանակաշրջանում:

Հարկ է անդրադառնալ, որ պատերազմը ոչ միայն ռազմական դրսևորում ունի, այլև տնտեսական, էներգետիկ, հոգևոր-մշակութային, քաղաքակրթական, հոգեբանական, մեդիա կամ համացանցային, «սառը» և «փափուկ» ուժի կիրառման և այլն: Հատկանշական է, որ «բոլոր պատերազմները» մարդկային կյանքի բոլոր սահմաններում (dimensions)` մեծավ մասամբ ծառայում են համահարթեցման (globalization) գաղափարին, որում նյութը` վերջնանպատակ և տնտեսական գերիշխանությունը գերնպատակ է` ձգտելով ընդլայնել երկրի տարածքները, տիրապետելու հարստությանն ու ռեսուրսներին:

Այսու, պատերազմը կյանքի անխուսափելի փաստ է, որն էությամբ ողբերգություն է: Այսուհանդերձ, ավելի մեծ ողբերգություն է իրավունքներից զրկված կամ ամբողջությամբ թշնամու ողորմածությանը հանձնված գերու կարգավիճակով «խաղաղությունը»:

«Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը` սատանան, մռնչում է առյուծի նման, շրջում և փնտրում է, թե ում կուլ տա: Դիմադրե՛ք նրան` հաստատուն լինելով հավատքի մեջ» (Բ Պետ. 5:8):

Այս առումով բացառիկ է Սուրբ Եղիշեի վկայությունը և մեկնաբանությունը. «Մարդիկ, որ Աստծու սիրով զինավառված էին, վախկոտի պես վատասիրտ չեղան` ելնելու Հայրենի երկրից և օտարների ստրկության մատնվել, այլ ոչինչ չխնայեցին` ո՛չ իրենց մահը, ո՛չ ունեցվածքը, ո՛չ իսկ իրենց սիրելիների մահը և ոչ էլ ընտանիքների գերությունը» (Եղիշե, էջ 98):

Բնականաբար, պատերազմի տենչը միանշանակ խելագարություն է և մեղք, սակայն այդուհանդերձ, առավել խելագարություն և մեղք է կեղծ, մուրացիկ «մեղքի խաղաղությունը»` գերությունը, ինքնության, Հայրենիքի, ժառանգության ուրացումը, որը շղարշված է տնտեսական հարաբերությունների օգուտի և շահի կեղծ «պացիֆիզմի» վարագույրով: Այսպիսի «խաղաղությունը» մեծապես վտանգում է ոչ միայն անցյալի հիշողությունը, պատկանելությունը և սերունդներին ավանդելիք ժառանգությունը, այլև ընդհանրապես ազգի գոյության իրավունքը և գոյությունը. «Ինչպես անիրավությունից արդարություն գոյություն ունենալ չի կարող, այսպես էլ ստից` ճշմարտություն և խռովասեր մտքից խաղաղության ակնկալություն չի կարող լինել» (Եղիշե, էջ 86-87) և «Եթե կան մարդիկ, որոնք որովայնի համար հրաժարվել են իրենց նախնիների օրենքներից, ապա արքունի (իմա` պետական) գործերի հանդեպ էլ երբեք բարյացկամ չեն տրամադրվի» (Գ Մակ. 7:11):
Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան