Լրահոս
Միջազգային
10:30
25.04.26
273

Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ, Թրամփի խոսքերը «օրուելյան» են․ Ջեֆրի Սաքս

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, թե Վաշինգտոնը պայքարում է Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման դեմ, արված են բրիտանացի գրող Ջորջ Օրուելի հակաուտոպիական ստեղծագործությունների ոգով։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։

«Վերջին ամիսների ընթացքում Թրամփի գլխավոր փաստարկը հնչում է այսպես. «Ես թույլ չեմ տա, որ նրանք միջուկային զենք ունենան»։ Պատմությունն իմացող ցանկացած մարդ հասկանում է, որ սա բացարձակության հասցված Օրուել է։ Սա այնքան անհեթեթ քարոզչություն է, որ ես նույնիսկ չգիտեմ՝ որտեղից սկսել։ Իրանը չի ձգտել միջուկային զենք ունենալ, մեր սեփական հետախուզական գործակալությունները բազմիցս խոսել են այդ մասին», - ասել է փորձագետը լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում։

Իրանը միջուկային ծրագիրը սկսել է զարգացնել 1950-ական թվականներին՝ շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի կառավարման օրոք՝ ստանալով ԱՄՆ-ի աջակցությունը։ 1958 թվականին երկիրը դարձել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անդամ, 1968-ին ստորագրել է «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագիրը, իսկ 1970-ին վավերացրել այն։ 1979 թվականին շահի վարչակարգի տապալումից և իսլամական հանրապետության հռչակումից հետո միջուկային ծրագրի իրականացումը դադարեցվել էր, մինչև որ իշխանությունները 1980-ականների վերջին վերսկսեցին ատոմային տեխնոլոգիաների զարգացումը։ 2003 թվականից Իրանում գործում է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի ֆեթվան (կրոնական հրամանագիր), ըստ որի՝ միջուկային զենքի ստեղծումն արգելված է։