Լրահոս
Միջազգային
22:06
25.04.26
341

Օրբանը կթողնի պատգամավորական աթոռը, բայց կմնա «ՖԻԴԵՍ»-ի առաջնորդ

Img default alt hy

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով շուտով լքելու է իր պաշտոնը, հայտնել է, որ որոշում է կայացրել հրաժարվել խորհրդարանի պատգամավորական մանդատից, սակայն մտադիր է մնալ «ՖԻԴԵՍ - Հունգարական քաղաքացիական միություն» կուսակցության առաջնորդի դիրքում:

«Մանդատը, որը ես ստացել էի որպես «ՖԻԴԵՍ»-ի և Քրիստոնեա-դեմոկրատական ժողովրդական կուսակցության կոալիցիոն ցուցակի առաջին համար, փաստացի «ՖԻԴԵՍ»-ի խորհրդարանական մանդատն է, ուստի ես որոշեցի հրաժարվել դրանից: Հիմա ես պետք եմ ոչ թե խորհրդարանում, այլ ազգային կուսակցական շարժման վերակազմակերպման համար», - հայտարարել է Օրբանը տեսաուղերձում, որը հեռարձակվել է հունգարական հեռուստաալիքներով:

Նա նշել է, որ «ՖԻԴԵՍ»-ի վարչությունը առաջարկել է իրեն շարունակել աշխատանքը որպես կուսակցության նախագահ և հունիսին մտադիր է անցկացնել համազգային համագումար: «Եթե համագումարն ինձ վստահություն հայտնի, ես պատրաստ կլինեմ կատարել այդ առաջադրանքը», - ընդգծել է Օրբանը: Ապրիլի 12-ին իշխող կոալիցիան պարտվել է խորհրդարանական ընտրություններում «Տիսա» կուսակցությանը և անցնում է ընդդիմության դաշտ:

Վարչապետը պատմել է, որ «ՖԻԴԵՍ» խորհրդարանական խմբակցության ղեկավարը կդառնա իր աշխատակազմի ղեկավար Գերգեյ Գույյաշը, ով ներկայիս կառավարությունում նախարարի կոչում ունի: Օրբանը հիշեցրել է, որ գլխավորում է «ՖԻԴԵՍ»-ը արդեն գրեթե չորս տասնամյակ, և այդ ընթացքում կուսակցությունն ունեցել է «հաջողություններ ու ձախողումներ, հաղթանակներ ու պարտություններ»: «Սակայն մեկ բան մնում է անփոփոխ. այս համայնքը միշտ եղել է Հունգարիայի ամենահամախմբված և միասնական քաղաքական միավորը, և այդ համախմբվածությունն այժմ պետք է ավելի, քան երբևէ», - հավելել է կառավարության ղեկավարը:

62-ամյա Օրբանն անընդմեջ վարչապետի պաշտոնում է 2010 թվականից, իսկ մինչ այդ այդ պաշտոնը զբաղեցրել է 1998-2002 թվականներին՝ ընդհանուր առմամբ ավելի երկար, քան եվրոպական որևէ այլ քաղաքական գործիչ: Վերջին ընտրությունների արդյունքներով՝ «ՖԻԴԵՍ»-ը և նրա կրտսեր գործընկերները խորհրդարանում ստացել են ընդամենը 52 տեղ՝ 199-ից:

Պատգամավորական մանդատների ավելի քան երկու երրորդը նվաճած «Տիսա» կուսակցությունը կձևավորի երկրի նոր կառավարությունը: Դրա առաջնորդը՝ 45-ամյա եվրապատգամավոր Պետեր Մադյարը, Հունգարիայի վարչապետ կընտրվի նորընտիր խորհրդարանի առաջին նիստում՝ մայիսի 9-ին: