Լրահոս
Միջազգային
23:10
18.07.26
201

Զելենսկին Ֆեդորովին պաշտոնանկ անելով՝ ազատվել է քաղաքական մրցակցից․ NYT

Img default alt hy

Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից Միխայիլ Ֆեդորովի պաշտոնանկությունը մասամբ պայմանավորված էր Վլադիմիր Զելենսկու՝ պոտենցիալ քաղաքական մրցակցից ազատվելու ձգտմամբ։ Այսպիսի գնահատական է ներկայացված The New York Times (NYT) թերթի հոդվածում։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Ֆեդորովը Ուկրաինայում «լայն ժողովրդականություն է ձեռք բերել», ինչը, «քաղաքական վերլուծաբանների և ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսքով, կարող էր դառնալ այս շաբաթ նրա անկման պատճառներից մեկը»։ Ինչպես ընդգծում է պարբերականը, Զելենսկին՝ Ֆեդորովին պաշտոնանկ անելով, կարողացել է վերացնել «պոտենցիալ քաղաքական մրցակցի, որը հայտնվել էր ուշադրության կենտրոնում»։

Հրապարակման մեջ արձանագրվում է, որ «քաղաքական տեսանկյունից այս պաշտոնանկությունը տեղավորվում է այն ընդհանուր պատկերի մեջ», որ Զելենսկին «ազատվում է պոտենցիալ մրցակիցներից, թեև նրանցից ոչ մեկը, ներառյալ Ֆեդորովը, հրապարակավ չի հայտարարել իր քաղաքական հավակնությունների մասին»։

Նյութում նաև նշվում է, որ «Ֆեդորովի պաշտոնանկությունը հաջորդել է այն բանին, երբ նա արգելափակել էր հրետանային արկերի գնումը՝ նախապատվությունը տալով անօդաչու թռչող սարքերին»։ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին պնդում էր արկերի անհրաժեշտության մասին։

Չորեքշաբթի երեկոյան պարզ դարձավ, որ Զելենսկին մտադիր չէ պահպանել Ֆեդորովի պաշտոնը որպես պաշտպանության նախարար։ Ֆեդորովը պաշտոնանկ է արվել նաև Սիրսկու հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, որի փոխարինումը նա պահանջում էր։ Դրանից հետո Ուկրաինայում սկսվել են Ֆեդորովի պաշտոնանկության դեմ բողոքի ակցիաներ։