Լրահոս
Միջազգային
23:45
21.04.26
185

«Ավելի մեծ և արդյունավետ». Նիդերլանդների հետախուզությունը՝ ՌԴ բանակի մասին

Img default alt hy

Ռուսաստանը, չնայած Արևմուտքի լայնածավալ պատժամիջոցային ճնշումներին, Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում կարողացել է զգալիորեն ամրապնդել իր բանակի ներուժը։ Այս մասին նշված է Նիդերլանդների ռազմական հետախուզության և անվտանգության ծառայության (MIVD) 2025 թվականի զեկույցում։

«MIVD-ի գնահատմամբ՝ ռուսական զինված ուժերը դրսևորում են հարմարվողականության բարձր կարողություն։ Ռուսական բանակը ոչ միայն մեծացել է թվակազմով, այլև դարձել է ավելի արդյունավետ, քան մինչև Ուկրաինայի պատերազմը», - նշվում է փաստաթղթում։ Գերատեսչությունն արձանագրել է, որ Ռուսաստանը 2025 թվականին «ակտիվորեն ավելացրել է անձնակազմի թիվը, ընդլայնել ու խորացրել է զինվորական կադրերի պատրաստումը, մեծացրել է ծանր սպառազինության արտադրությունը և ստեղծել է զինամթերքի հզոր ռազմավարական պաշարներ»։

Փաստաթղթում առանձնահատուկ ընդգծվում է, որ ռուսական պաշտպանական արդյունաբերությունը պահպանել է «քանակական և որակական կայունությունը», ինչպես նաև սպառազինության զանգվածային արտադրության կարողությունը՝ չնայած բաղադրիչների և հումքի մատակարարումները սահմանափակելու Արևմուտքի փորձերին։

Հունվարին ռուսական զինված ուժերը Global Firepower-ի վարկանիշով դասվել են 2026 թվականի սկզբի դրությամբ աշխարհի երեք հզորագույն բանակների շարքում։ Ռազմական հզորության ինդեքսով, որի հաշվարկման համար օգտագործվում է ավելի քան 60 գործոն, ՌԴ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը 145 պետությունների շարքում։ 2025 թվականի վերջին հրապարակված վարկանիշում Ռուսաստանը նույնպես զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը։