Լրահոս
Նորաձևություն
14:54
04.11.19
391

Բարձր քաղաքականություն

Img default alt hy
-Խաչո՛, դու մեղք գործե՞լ ես:
-Երեւի: Ի՞նչ իմանամ. սարի գլխին երկու անտերի պես նստած ենք: Էդ ինչի՞ էդ հարցը մտքովդ անցավ:
-Բա չիմանա՞մ՝ վերջում մի կաթսայում ենք էփվելո՞ւ, թե՞ չէ:
-Հիմա էս ոչխար պահելը մե՞ղք է, թե՞ չէ:
-Մեղք է, բա ինչ է:
-Լավությո՞ւն էլ չի, մե՞ղք է:
-Հա՜, մեղք է: Թողեինք ազատ վազեին սարերում, իրենց գառներին մեծացնեին:
-Իսկ մենք դեռ սրանց քառասուն օրը չլրացած, ինչ է թե կաթնահամ գառան միս ենք ուզում, բռնում ու մորթում ենք: Տիրոջն էլ ասում ենք՝ ծնվելն ու սատկելը մեկ էղավ:
-Մարգա՛ր, իմ պապը ոչխար է պահել, հերս պահել է, ես պահում եմ, տղա էլ չունեմ, թե չէ՝ ինքն էլ կպահեր: Հիմա իմ սաղ ազգը մեղքի մեջ է, ինչ է թե գառներին չենք թողնում դաշտերում վազեն: Գառներին ազատ թողիր թե չէ՝ կգնան գելի բերան կընկնեն: Դրանք փորձանքի տեղը լավ գիտեն ու սաղով գլուխները կախ, բառաչելով էդ կողմն են գնում: Դրա համար ենք առաջները կտրում, փոխում ուղղությունները, որ մեր գլուխն էլ չուտեն:
-Է՜հ, Խաչո, անտեր մնա, բա էս կյա՞նք է: Մենք մեզ տեր ենք կարգել էս սարերում, բայց խալխի ոչխարներին ենք տիրություն անում, որ փորձանքի ռաստ չգան: Ուրիշի՛ համար ենք մեղք գործում, էլի:
-Էդ ինչի՞ ես մեղքը գցել գլուխդ: Քեզ ի՞նչ է եղել:
-Մտածում եմ էլի, մենք հլը ջհանդամ, բա սրանց կյանքը կյա՞նք է՝ ուտում են ու մեռնում:
-Բա գիտես մենք էտ ոչխարներից ինչո՞վ ենք առավել:
-Գիտեմ-գիտեմ, մենք իրանց էլ ենք ուտում:
-Կուզե՞ս ասեմ՝ մեղքը որն է...
-Զահրմա՜ր: Էս մեր գառները ինչի՞ էսպես սկսեցին բառաչել:
-Քեզ թագավոր են ուզում կարգել:
-Խաչո՛, էլի հումորասաց դառա՞ր: Դու ասա՝ տեսնեմ մեղքը ո՞րն է:
-Մեղքը՝ անմեղք մնալն է:
-Անմեղք՝ այսի՞նքն:
-Դե եթե մեղք չունես, ուրեմն մեղք ես գործել:
-Էդ ո՞նց:
-Որովհետեւ մի կյանք ես ապրում, որ գառի պես դեսը քշվես, դենը քշվես, բառաչեն՝ բառաչես, ուր նայեն՝ նայես, ամեն ինչ նույն կերպ՝ սաղի պես՝ անմեղ: Բա մեղք է էլի: Վերջում էլ, թե էս ոչխարներն իրենց պահողի ձեռով են գնում, դու չես էլ իմանա՝ ում ձեռով կգնաս: Մեղք է էլի անմեղ ապրելը:
-Խաչո՛, տեսնես էս սրանք մեզ լսու՞մ են, որ սենց աչքները չռած՝ նայում են ու նայում:
-Ոչխար են էլի...
 
 
Հեղինակ՝ Արթուր Սահակյան