Լրահոս
Միջազգային
18:36
12.06.26
185

ԵՄ-ն դեռ որոշում չի կայացրել Խաղաղության հիմնադրամից 6,6 մլրդ եվրոն Կիևին հատկացնելու վերաբերյալ

Img default alt hy

Բրյուսելը դեռևս որոշում չի կայացրել՝ արդյո՞ք Հունգարիայի կողմից ապաարգելափակված 6,6 միլիարդ եվրոն «Եվրոպական խաղաղության հիմնադրամից» հատկացնել Կիևին՝ նոր սպառազինությունների ձեռքբերման համար, թե՞ այն ուղղել ԵՄ անդամ երկրներին՝ որպես հին մատակարարումների փոխհատուցում։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Անիտա Հիփերը։

«Ինչ վերաբերում է «Եվրոպական խաղաղության հիմնադրամին», ես այժմ մանրամասների մեջ չեմ խորանա, քանի որ քննարկումները շարունակվում են։ Ներկայումս ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավարն առաջարկում է, որ այդ միջոցներն օգտագործվեն անդամ երկրներին նախկինում կատարված սպառազինության մատակարարումների համար փոխհատուցելու, ինչպես նաև ԵՄ-ում զենքի նոր համատեղ գնումները ֆինանսավորելու նպատակով», - ասել է նա՝ խոստանալով շուտով ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացնել։

Հունգարիայի նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը 2023 թվականից արգելափակել էր «Եվրոպական խաղաղության հիմնադրամից» Ուկրաինային սպառազինությունների մատակարարման համար գումարների հատկացումը, ինչը ԵՀ-ին և ԵՄ երկրներին ստիպել էր Կիևի ֆինանսավորման նոր մեխանիզմներ մշակել։

Պետեր Մայյարը, Օրբանին վարչապետի պաշտոնում փոխարինելուց հետո, հայտարարեց 6,6 միլիարդ եվրոյի օգտագործման վերաբերյալ Հունգարիայի վետոն հանելու մասին։ Սա Եվրահանձնաժողովի հետ ձեռք բերված գործարքի մաս էր կազմում՝ Բուդապեշտի համար 16,4 միլիարդ եվրոյի եվրոպական ֆինանսավորումն ապաարգելափակելու դիմաց, որոնք ԵՀ-ն հետևողականորեն արգելափակում էր վերջին վեց տարիների ընթացքում՝ Օրբանի վրա ճնշում գործադրելու նպատակով։

Մայյարի հայտարարությունից հետո Ուկրաինան ակնկալում էր արագորեն ստանալ այդ գումարները՝ սպառազինությունների նոր ձեռքբերումների համար, սակայն ԵՄ երկրների մեծ մասը՝ Լեհաստանի գլխավորությամբ, պահանջեց այդ միջոցներն օգտագործել «ըստ նշանակության»։ 2022 թվականից «Եվրոպական խաղաղության հիմնադրամի» միջոցների նշանակությունը նախատեսում էր Ուկրաինային մատակարարված սպառազինությունների արժեքի մինչև 40%-ի փոխհատուցում ԵՄ երկրներին։ Կիևի համար խնդիրն այն է, որ եթե 2022 թվականին այս սխեման իրականում նպաստում էր Ուկրաինա նոր սպառազինությունների ներհոսքին, ապա այժմ այդ գումարների դիմաց բոլոր մատակարարումներն ավարտված են։ Այնուամենայնիվ, ԵՄ երկրները շարունակում են ակնկալել փոխհատուցումներ ապաարգելափակված գումարներից, որոնք նրանց անհրաժեշտ են բյուջեների դեֆիցիտի արագ աճի, էներգակիրների գների ճգնաժամի, ինչպես նաև ռազմական ծախսերն ավելացնելու իրավական պարտավորությունների պայմաններում։