Լրահոս
Միջազգային
10:08
22.04.26
259

Եվրահանձնաժողովը փորձում է արդարանալ Թուրքիայի վերաբերյալ ֆոն դեր Լայենի հայտարարության համար․ Bloomberg

Img default alt hy

Եվրահանձնաժողովը (ԵՀ) փորձում է արդարանալ իր նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Թուրքիայի վերաբերյալ վիճահարույց հայտարարության պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։

Ինչպես հիշեցնում է գործակալությունը, ապրիլի 19-ին ֆոն դեր Լայենը, խոսելով Եվրամիության ընդլայնման մասին, հայտարարել էր, թե այն «պետք է ընդգրկի ողջ եվրոպական մայրցամաքը, որպեսզի Ռուսաստանը, Թուրքիան կամ Չինաստանը չկարողանան ազդեցություն գործել դրա վրա»։

Ըստ անանուն աղբյուրի՝ Թուրքիան հետագայում հարցում է ուղարկել ԵՀ՝ պարզելու, թե որքանով է ֆոն դեր Լայենի հայտարարությունը ճշգրիտ փոխանցվել լրատվամիջոցներով։ Եվրահանձնաժողովում հայտարարել են, թե այդ խոսքերը կտրված են եղել համատեքստից։

«Թուրքիայի հիշատակումը նրա աշխարհաքաղաքական ազդեցության, չափերի և հավակնությունների ընդունումն էր, հատկապես Արևմտյան Բալկաններում, և չէր ենթադրում համեմատություն որևէ այլ երկրի հետ», -Bloomberg-ին հայտնել է ԵՀ մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն։

Ինչպես նշում է գործակալությունը, այս վրիպումը տեղի է ունեցել հատկապես անհարմար պահի, քանի որ ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր դաշնակցային կապերը գլոբալ անկայունության ֆոնին, որն առաջացել է Իրանի շուրջ հակամարտության պատճառով։