Լրահոս
Միջազգային
18:15
21.04.26
143

Իսրայելի հետ բանակցությունները չեն նշանակում զիջումներ. Լիբանանի նախագահ

Img default alt hy

Իսրայելի հետ Լիբանանի բանակցությունները չեն նշանակում Բեյրութի համաձայնությունը զիջումների գնալուն, դրանք ուղղված են ռազմական հակամարտության ավարտին։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այսօր Ջեզզին շրջանի պատգամավորների և համայնքների ղեկավարների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։

«Բանակցությունները չեն նշանակում զիջումներ կամ կապիտուլյացիա, այլ նպատակաուղղված են խնդիրների լուծմանը։ Կարևոր է, որ լիբանանցիներն աջակցեն իրենց պետությանը հենց այս պահին, քանի որ նրանք հոգնել են այս պատերազմներից»,- ասել է Աունը։

Նախագահը հայտարարել է, որ որոշում է կայացվել մասնակցել հակամարտող կողմերի միջև ընթացող բանակցություններին՝ միաժամանակ կոշտ կերպով պաշտպանելով Լիբանանի իրավունքները: Ըստ նրա՝ նախևառաջ անհրաժեշտ է դադարեցնել Իսրայելի հարձակումները, հասնել իսրայելական ուժերի դուրսբերմանը և գերիների վերադարձին, որպեսզի տասնամյակներ տևած պատերազմներից ու ավերածություններից հետո հնարավոր լինի խոսել խաղաղության մասին:

Աունն ընդգծել է, որ հարավի բնակիչների տոկունությունն իրենց բնակավայրերում և հարևան գյուղերից տեղահանվածներին հյուրընկալելը արտացոլում են լիբանանցիների միասնությունն ու համերաշխությունը, ինչը ուժի, գիտակցության և երկրի հանդեպ հավատի աղբյուր է: Նա նաև հայտնել է, որ շարունակում է աշխատել միջազգային կառույցների և մարդասիրական կազմակերպությունների հետ՝ հարավի բնակիչներին տրամադրվող օգնության ծավալներն ավելացնելու ուղղությամբ:

Նախագահը մատնանշել է բանակի, անվտանգության ուժերի, համայնքների և բնակչության միջև համակարգման անհրաժեշտությունը՝ կայունության ամրապնդման և այնպիսի սցենարների կանխման համար, երբ առանձին տարածաշրջաններ կառավարվում են ոչ պետական ռազմականացված կազմավորումների կողմից։ Ըստ նրա՝ դա լուրջ ռիսկեր է ստեղծում այն ժամանակ, երբ պետությունը ձգտում է վերականգնել կարգուկանոնը և ավարտել պատերազմը։

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին, որ Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կանցկացնեն բանակցությունների երկրորդ փուլը՝ պետությունների դեսպանների մակարդակով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտնել էր, որ Լիբանանն ու Իսրայելը ձեռք են բերել հրադադարի համաձայնություն տասը օր ժամկետով՝ սկսած ապրիլի 17-ի տեղական ժամանակով 00:00-ից։ Ընդ որում, իսրայելական բանակը պարբերաբար խախտում է համաձայնությունը՝ հասցնելով ավիացիոն ու հրետանային հարվածներ և կիրառելով հարվածային անօդաչու թռչող սարքեր։ «Հեզբոլլահ» շարժումն իր կողմից հրադադարի ռեժիմը չի խախտել։