Լրահոս
Քաղաքական
20:13
20.12.20
50

Կան մարդիկ, որ ասում են՝ «Օ՛, պարոն Փաշինյան», մնացածը հասկացել են՝ ինչ է կատարվել, դարձի են եկել. Շուռնուխ համայնքի ղեկավար

Img default alt hy

Շուռնուխում պետք է այսօր սահմանազատում կատարվեր, բայց չեկան, քանի որ մութ է, իսկ սահմանազատման աշխատանքները կատարվում են ցերեկը, սպասենք վաղվան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը:

Դիտարկմանը, թե ինքը երկու օր առաջ կոչ էր արել, որ կամավորական խմբեր գնան Շուռնուխ, քանի որ պաշտպանության խնդիր կա, Արշակյանն ասել է, որ արձագանքներ եղել են, և 50 կամավոր է միացել, բայց ուշ է եղել՝ դիրքերը հանձնվել են։ Նա նաև ցույց տվեց այդ դիրքերը։

«Ջոկատներով եկել են, բայց արդեն ուշ էր։ Այդ ժամանակ, երբ խնդրում էի, որ միանային մեր գյուղի ջոկատին, դեռ միայն ձախ թևում էր զորքը հանված, նույն օրը հանվել էր ՊԲ զորքը, իսկ ձորակում՝ 5 կմ հեռավորության վրա, մեր գյուղի ջոկատի դիրքն էր։ Աջ թևում էլի մեր զորքն էր կանգնած, երբ կոչ էի անում, միայն ձախ թևն էր հանված, եթե շուտ հասնեին մեր տղաները, ձախ թևը կպահեինք։ Հաջորդ օրը տեղեկացանք ՊՆ-ից, որ աջ թևի զորքը հանվել է, մենակ ենք։ Մնացել էինք 50 հոգով ձորում, ՊՆ փոխգնդապետը խորհուրդ տվեց ռիսկի չդիմել, քանի որ 50 հոգով այնտեղ չէինք կարող ինչ-որ բան անել, և աջ ու ձախ թևերը լցնելու համար շատ մարդ էր պետք»,- ասել է համայնքի վարչական ղեկավարը։

Արշակյանը նշե լէ, որ հայկական զորքը երկու լավ բարձունքում էր կանգնած, որտեղից անմիջապես վերահսկելի էին դառնում մինչև Կուբաթլուի սահմաններն ընկած տարածքները։

«Քանի որ նոյեմբերի 9-ի պայմանագրի համաձայն՝ զորքերը պետք է մնային կանգնած տեղում, մեր սահմանագիծը Կուբաթլուի տարածքն էր, Կուբաթլուի, Զանգելանի մասին խոսք չկա, ուստի մենք պետք է մեր զորքերը պահեինք, մնայինք մեր դիրքերում՝ ավելի ապահով, անվտանգ լինելու համար։ Այդ դիրքերում, որտեղ մեր զորքերն էին կանգնած, արդեն տեղակայված են ադրբեջանական զորքերը, ու սպասում ենք, որ պետք է մոտենան, տեսնենք՝ ոնց է կատարվելու սահմանազատումը»,- ասել է Շուռնուխի վարչական ղեկավարը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վաղը Սյունիք կատարվելիք այցին ու դիտարկմանը, թե, օրինակ, Գորիսի համայնքապետն ասել է՝ թող Փաշինյանը գա, կտեսնի՝ ոնց կդիմավորնեք, Արշակյանն ասել է․

«Եթե դա չլիներ վաղը, կարելի էր որոշակի բան ասել, բայց քանի որ վաղը որոշիչ օր է լինելու, ես հաստատ ոչ մի բանի չեմ կարող մասնակցել։ Եթե Փաշինյանը գալու է իրականում ավտոշարասյունով ու պետք է գա Շուռնուխով անցնի, գնա մարզկենտրոն, կցանկանայի՝ գոնե 5 րոպե, գոնե մեկ գյուղացու լսի, պատասխանը կտա տեղացին, որ չասեն՝ վարչական ղեկավարն ասաց, նա նախկին է։ Գալու է, տեսնելու է՝ ժողովուրդն իրենց ոնց է ընդունում։ Ժողովրդի մեջ կան մարդիկ, որ ասում են՝ «Օ՛, պարոն Փաշինյան», մնացածը հասկացել են՝ ինչ է կատարվել, դարձի են եկել»։