Լրահոս
Միջազգային
13:45
21.04.26
366

Նեթանյահուն պնդում է, որ Իսրայելը վերացրել է Իրանի կողմից սպառնացող «միջուկային Հոլոքոստի» վտանգը

Img default alt hy

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պնդում է, որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունը թույլ է տվել վերացնել հրեական պետությանն ուղղված «անմիջական էկզիստենցիալ (գոյաբանական) սպառնալիքը»։ Ըստ նրա վարկածի՝ հակառակ դեպքում Իսրայելին կարող էր սպասվել Հոլոքոստի մասշտաբների աղետ՝ իբր միջուկային զենքի կիրառմամբ։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս պնդումներով Նեթանյահուն հանդես է եկել Երուսաղեմում կայացած պետական սգո արարողության ժամանակ, որը նվիրված էր Պատերազմներում զոհվածների և ահաբեկչության զոհերի հիշատակի օրվան։ Նրա ելույթն ուղիղ եթերով հեռարձակվել է իսրայելական բոլոր հեռուստաալիքներով։

«Իրանում այաթոլլաների վարչակարգը ծրագրում էր ևս մեկ Հոլոքոստ։ Նա մտադիր էր մեզ ոչնչացնել միջուկային զենքով։ Ռումբեր և հազարավոր բալիստիկ հրթիռներ։ Եթե մենք չգործեինք էկզիստենցիալ սպառնալիքի դեմ, եթե մենք չգործեինք վճռականությամբ և քաջությամբ, ապա մահվան վայրերի անունները՝ Նաթանզը, Ֆորդոն, Սպահանը (Իրանի քաղաքներ, որտեղ գտնվում են միջուկային օբյեկտները - խմբ․), կարող էին կանգնել Հոլոքոստի մահվան ճամբարների անվանումների կողքին՝ Օսվենցիմ, Մայդանեկ, Տրեբլինկա», - պնդել է Նեթանյահուն։

«Բայց դա տեղի չունեցավ, որովհետև մեր մեծ բարեկամի՝ ԱՄՆ-ի հետ միասին մենք նախապես ջախջախեցինք իրանական վարչակարգի կործանարար մեքենան։ Մենք վերացրեցինք մեզ համար ստեղծված անմիջական էկզիստենցիալ սպառնալիքը», - հայտարարել է նա։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածների տակ հայտնվեցին երկրի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տունը հարձակումը հիմնավորեց հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում էին Իսլամական Հանրապետությունից։ Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվեցին նրա գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ղեկավարության մի շարք այլ առանցքային դեմքեր։

Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկկողմանի երկշաբաթյա հրադադարի մասին, ինչից հետո Իրանն ու ԱՄՆ-ն Իսլամաբադում անցկացրեցին բանակցությունների մի քանի փուլ։ Ինչպես ավելի ուշ հայտնեցին Թեհրանն ու Վաշինգտոնը, կողմերին չհաջողվեց համաձայնության գալ հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում՝ մի շարք հակասությունների պատճառով։ Ապրիլի 19-ին Նեթանյահուն պնդեց, որ Իսրայելի և ԱՄՆ-ի առճակատումն Իրանի հետ ավարտված չէ, և որ այդ ուղղությամբ «նոր զարգացումները» հնարավոր են ցանկացած պահի։