Լրահոս
Միջազգային
13:00
21.04.26
385

ՌԴ-ն 28 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան․ Բեյրութում բարձր են գնահատել Մոսկվայի աջակցությունը

Img default alt hy

Ռուսաստանի կողմից Լիբանանի ժողովրդին ցուցաբերված մարդասիրական օգնությունն արտացոլում է երկու երկրների միջև համերաշխության ոգին։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, գեներալ Իմադ Խրեյշը։

Մասնակցելով Բեյրութի օդանավակայան Իլ-76 ինքնաթիռով ժամանած բեռի փոխանցման արարողությանը՝ նա շնորհակալություն է հայտնել «Ռուսաստանի կառավարությանը և Լիբանանում դեսպանին՝ ՌԴ ԱԻՆ-ի ձեռնարկած նախաձեռնության համար, որը հաստատում է Ռուսաստանի անսասան աջակցությունը Լիբանանին, հատկապես դժվարին ժամանակներում», հայտնում է NNA գործակալությունը։ Խրեյշի խոսքով՝ «այս օգնությունն արտացոլում է երկու երկրների միջև համերաշխության ոգին ճգնաժամերի հաղթահարման գործում»։ Գեներալը նաև հույս է հայտնել, որ «Լիբանանում տառապանքները կավարտվեն, և երկիր կվերադառնան անվտանգությունն ու կայունությունը»։

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռը, որը տեղափոխում էր 28 տոննա մարդասիրական բեռ՝ նախատեսված ռազմական գործողությունների հետևանքով տուժած լիբանանցիների համար, վայրէջք էր կատարել Լիբանանում։ Սպասվում է, որ հետադարձ չվերթով Բեյրութից Մոսկվա կտեղափոխվի Ռուսաստանի քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների մի խումբ։ Բեռի փոխանցման արարողությանը մասնակցել է Լիբանանում ՌԴ դեսպան Ալեքսանդր Ռուդակովը։