Լրահոս
Հասարակական
19:46
03.03.22
166

Ռուսական մի շարք կայքեր չեն աշխատում Հայաստանում հակառուսական կոալիցիայի հաքերային հարձակման հետևանքով. Սամվել Մարտիրոսյան

Img default alt hy

Ռուսական մի շարք կայքեր չեն աշխատում Հայաստանում հաքերային հարձակման ենթարկված լինելու պատճառով, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Հարցին՝ արդյոք հարձակումները ուկրաինական կողմից են, մեր զրուցակիցը դժվարացավ հստակ պատասխան տալ։

«Այսօր արդեն դժվար է հասկանալ՝ որ կողմից են ռուսական կայքերը հարձակման ենթարկվում։ Այսպես ասենք. հակառուսական կոալիցիայի կողմից, որովհետև մի շարք այլ երկրների հաքերային թիմեր ևս միացել են։

Ինչպես հայտնի է, աշխարհում գործում է «Անոնիմուս» միջազգային հաքերային խմբավորումը, որն իրենից ոչ թե մեկ խումբ, այլ խառը խմբեր է ներկայացնում։ Իրենք նույնպես ներգրավված են ռուսական կայքերի վրա հարքերային հարձակումներում, և նաև չի բացառվում, որ առանձին հաքերայի խմբերի անվան տակ կարող են գործել պետությունների հաքերային թիմեր, որոնք ուղղակի թաքցնում են իրենց պետական լինելը՝ ներկայանալով որպես հասարակական ընդվզման կրողներ»,- նշել է Սամվել Մարտիրոսյանը։

Տեղեկատվական անվտանգության փորձագետից նաև հետաքրրքվեցինք՝ արդյոք ուկրաինական ճգնաժամի ֆոնին ակտիվացել են ադրբեջանցի հաքերները՝ փորձելով տեղեկատվական դաշտում վնասներ հասցնել հայկական կողմին։

«Կիբերհարձակումներ, որպես այդպիսին, չկան. կան, այսպես ասած, տեղեկատվական «կեղտիկներ»։

Ադրբեջանցի հաքերները փորձում են աշխատել և՛ հայկական, և՛ ռուսական կողմերի վրա՝ հայերին ներկայացնելով որպես հակառուսական, ռուսներին՝ հակահայկական։ Այս տենդենցն ակնհայտ կա։ Ուզում են իրենց լրատվական դաշտն օգտագործել տեղեկատվական փոքրիկ «բոմբերի» համար»,- ասել է մեդիափորձագետը։