Լրահոս
Քաղաքական
14:18
16.12.20
108

Անհետ կորած զինծառայողների ծնողները կոտրեցին ՊՆ դարպասի ճաղավանդակը

Img default alt hy

Անհետ կորածների հարազատները առավոտից ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ հերթական անգամ հանդիպում են պահանջում՝ հույս ունենալով, որ պետական մարմիններն, ի վերջո քայլեր կձեռնարկեն իրենց հարազատներին գտնելու ուղղությամբ:

Նրանք ակնհայտ բարկացած վիճակում են, քանի  որ ՊԲ-ից հերթական անգամ խուսափողական պատասխաններ են տվել իրենց՝ արդեն երկու ամիս շարունակ տեղից-տեղ ուղարկելով եւ սին խոստումներ տալով: Անհայտ կորածների հարազատները հայտարարեցին, որ վրեժն իրենց կյանքի նպատակն է լինելու:

Պաշտպանության նախարարության մոտ ոստիկանական ուժեր են կուտակվում: Այս պահին նախարարության շենքի մոտ կրկին իրավիճակը բավական լարված է: Ծնողները կոտրեցին անցակետի դարպասները: Նախարարության բակում գտնվող անհայտ կորածների հարազատները տեղեկացրին, որ տասը հոգանոց խումբ է մտել ներս՝ նախարարի հետ հանդիպման: Ըստ խոսակցությունների, ոստիկանապետը նույնպես նախարարության շենքում է:

Հիշեցնենք, որ անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը, որն անհետ կորածների այլ հարազատների հետ Արցախում է, երեկ ուշ երեկոյան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ էր արել շրջափակել ՀՀ պաշտպանության նախարարության շենքը և նախարար Վաղարշակ Հարությունյանից, նախկին նախարար Դավիթ Տոնոյանից, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից, վարչապետ Նիկոլ Փաշինյանից պատասխաններ պահանջել, թե ինչո՞ւ քայլեր չեն արվում՝ անհայտ կորածների մասին հստակ տեղեկություններ ստանալու եւ հարազատներին հաղորդելու համար:

Արսեն Ղուկասյանը եղբորն ու եղբորորդուն է փնտրում:

«Ստեղի ՊԲ-ից սկսել եմ, մինչեւ Երևան հասնելու եմ»,- նույն ուղիղ եթերում հայտարարել էր անհայտ կորածի հարազատ Արմեն Գալստյանը՝ հայտարարելով, որ բոլորից վրեժ է լուծելու, քանի որ պետական բոլոր այրերը անգործության են մատնված:

Տեղեկացնենք նաև, որ այսօր առավոտյան արդեն Mediaport տելեգրամ ալիքը տեղեկացրել էր, որ անհետ կորած զինվորների ծնողները երեկ ուշ երեկոյան ծեծի են ենթարկել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանին:

Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի