Լրահոս
Իրավական
14:40
21.03.20
84

Արթուր Վանեցյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել

Img default alt hy

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները Վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ հայցի ապահովման կիրառման միջնորդությունը մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Վերաքննիչ բողոքը դատարան մուտք է եղել մարտի 20-ին և նույն օրը մակագրվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Հարություն Ենոքյանին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչները հայցադիմում են ներկայացրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի դեմ` պահանջելով հերքել «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ...» վերտառությամբ հոդվածում տեղ գտած զրպարտություն հանդիսացող տվյալները, հոդվածը հեռացնել և պարտավորեցնել հրապարակել հերքման տեքստը, փոխհատուցել պատճառված ոչ գույքային վնասը:

Վիճարկվող հոդվածում ԱԱԾ նախկին տնօրենի հասցեին մեղադրանքներ էր հնչեցվել՝ վարչապետ Փաշինյանի ընտանիքի դեմ վարկաբեկող նյութերի հրապարակումը կազմակերպելու համար։

«Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբեկելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի:
Այս կեղծիքն անպատասխան չի մնալու, իսկ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իմ փաստաբանները»,- 2019 թ. դեկտեմբերի 12-ին հայտարարել էր. Ա.Վանեցյանը:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ա.Վանեցյանի ներկայացուցիչները հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի, ինչը փետրվարի 21-ին դատարանը վարույթ է ընդունել։

«Ծանոթանալով հայցադիմումին և կից փաստաթղթերին` գտնում եմ, որ դրանք ներկայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին համապատասխան, հետևաբար հայցադիմումը անհրաժեշտ է ընդունել վարույթ», - «Փաստինֆո»-ի հաղորդմամբ` նշվում է դատարանի փետրվարի 21-ին որոշման մեջ:

Միաժամանակ դատարանը մերժել էր հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը, ինչի դեմ փաստաբանների վերաքննիչ բողոքը դատարան մուտք է եղել մարտի 20-ին և նույն օրը մակագրվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Հարություն Ենոքյանին:

Նշենք, որ հայցվորը գույքային պահանջ չի ներկայացրել թերթի դեմ, այլ պահանջում է «Հայկական ժամանակ» օրաթերթին արգելել որոշակի գործողություններ կատարել։

Աղբյուր` Փաստինֆո