Լրահոս
Հասարակական
16:55
26.06.26
46

«Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցած Իրանի 22-ամյա քաղաքացու կյանքը փրկվել է

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արշալույս Ղուկասյանն ու Լյովա Գրիգորյանը ծառայություն կատարելիս են լինում Արգիշտի փողոցում, երբ քաղաքացին մոտենում և նրանց հայտնում է, որ մի տղամարդ «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն անցել է ու սպառնում է իրեն ցած նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ, մոտենում են նշված վայր, ու մինչ կժամանեին փրկարարները, պարեկները կարողանում են վտանգավոր եզրագիծն անցած տղամարդուն տեղափոխել անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը, ում պարեկները փրկել են, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 22-ամյա Էբաբի Մոհամմադն է։