Լրահոս
Աշխարհ
11:15
28.04.26
225

Ջիմի Քիմելը հայտարարել է, որ Մելանյա Թրամփի մասին իր կատակը կապ չունի ԱՄՆ նախագահի դեմ մահափորձի հետ

Img default alt hy

Հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելը, որին աշխատանքից հեռացնելու կոչ էր արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վստահեցրել է, որ Մելանյա Թրամփի «այիրանալու սպասումների» վերաբերյալ իր կատակը որևէ կապ չի ունեցել նրա ամուսնու դեմ տեղի ունեցած հետագա մահափորձի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Զինված տղամարդը կրակ էր բացել այն հյուրանոցում, որտեղ ընթանում էր Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքը՝ Թրամփի և նրա տիկնոջ մասնակցությամբ: Հարձակվողին բերման են ենթարկել և մեղադրանք առաջադրել նախագահի դեմ մահափորձ կատարելու համար:

Միջոցառումից մի քանի օր առաջ Քիմելը թողարկել էր մի նմանակում, որտեղ ԱՄՆ առաջին տիկնոջը համեմատել էր ժառանգության սպասող այրու հետ: Թրամփների ընտանիքը ABC հեռուստաալիքից պահանջել է միջոցներ ձեռնարկել Քիմելի դեմ՝ ընդհուպ մինչև աշխատանքից հեռացում:

«Դա ակնհայտորեն կատակ էր նրանց տարիքային տարբերության և այն ուրախ արտահայտության մասին, որը մենք տեսնում ենք նրա դեմքին ամեն անգամ, երբ նրանք միասին են», - երկուշաբթի օրը իր հումորային շոուի ժամանակ իրավիճակը մեկնաբանել է Քիմելը:

Նրա խոսքով՝ դրա վրա ուշադրություն են դարձրել միայն հրաձգությունից հետո։
«Այնտեղ սպանության կոչի նույնիսկ ակնարկ չկար, և նրանք դա գիտեն։ Ես երկար տարիներ ակտիվորեն հանդես եմ գալիս հրազենի կիրառմամբ բռնության դեմ», - հավելել է կատակերգուն։

Սեպտեմբերին Disney-ին պատկանող ABC հեռուստաալիքը հեռացրել էր Քիմելին եթերից այն բանից հետո, երբ նա կատակել էր պահպանողական ակտիվիստ Չարլի Քիրկի մահվան վերաբերյալ Թրամփի արձագանքի մասին: Սակայն մեկ շաբաթ անց շոուն վերսկսվել էր։