Լրահոս
Միջազգային
17:49
28.04.26
229

Մոլդովան և Ռուսաստանը բանտարկյալների փոխանակում են արել

Img default alt hy

Մոլդովան Ռուսաստանի քաղաքացի Նինա Պոպովային և պետական դավաճանության համար դատապարտված Մոլդովայի հատուկ ծառայությունների նախկին փոխղեկավար Ալեքսանդր Բալանին փոխանակել է Մոսկվայում ձերբակալված իր երկու սպաների հետ։ Այս մասին հայտնել է հանրապետության նախագահ Մայա Սանդուն։

«Հաջողվել է ազատ արձակել և տուն վերադարձնել Մոլդովայի երկու քաղաքացիների, որոնք պահվում էին Ռուսաստանում։ Երկուսն էլ, լինելով Տեղեկատվության և անվտանգության ծառայության աշխատակիցներ, ազատ են արձակվել և վերադարձվել մեր իշխանություններին՝ անձանց միջազգային փոխանակման շրջանակներում»,- գրել է Սանդուն Facebook-ում։ Նրա խոսքով՝ նրանք «փոխանակվել են երկու այլ անձանց հետ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Նինա Պոպովայի և Մոլդովայի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Բալանի, ով մեղադրվում է հօգուտ Բելառուսի ՊԱԿ-ի (КГБ) պետական դավաճանության մեջ»։ Սանդուն շնորհակալություն է հայտնել Լեհաստանի, Ռումինիայի և ԱՄՆ-ի իշխանություններին՝ ցուցաբերած աջակցության համար։

Բալանը, ով ունի Մոլդովայի և Ռումինիայի անձնագրեր, Մոլդովայի հատուկ ծառայությունների հարցմամբ ձերբակալվել էր Բուխարեստում, այնուհետև հեռակա կարգով դատապարտվել 1,5 տարվա ազատազրկման՝ Բելառուսի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով։ Ռումինական քննության վարկածով՝ 2024-2025 թվականների ընթացքում Բալանը Բուդապեշտում հանդիպել է օտարերկրյա հետախույզների հետ, որոնցից գումար է ստացել գաղտնի տեղեկատվություն փոխանցելու դիմաց։ Մեղադրյալն ընդունել է իր մեղքը՝ խնդրելով գործը քննել արագացված կարգով։

Բալանի ձերբակալությունից հետո մոլդովական լրատվամիջոցները, հղում անելով ԱԳՆ աղբյուրներին, հայտնել էին, որ Մոլդովայում Բելառուսի դեսպանատան աշխատակիցը հայտարարվել է պերսոնա նոն գրատա։ Բալանը 2016-2019 թվականներին՝ Պավել Ֆիլիպի կառավարության օրոք, զբաղեցրել է Տեղեկատվության և անվտանգության ծառայության փոխտնօրենի պաշտոնը։