Լրահոս
Արցախ
14:37
17.12.20
64

Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ կլուծվեն ավելի քան 170 հադրութցիների կեցության և սննդի հարցերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը վերջերս իր նստավայրում հյուրընկալել էր մի խումբ հադրութցիների, հայտնում են նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից:Նրանք ներկայացրել էին իրենց խնդիրները, որոնք մասնավորապես վերաբերում էին Հադրութից տեղահանվածների հարցն իրավական հարթություն տեղափոխելուն, Հադրութի պատմամշակութային հուշարձանները պահպանելուն, ինչպես նաև անօթևան մնացած հադրութցիներին աջակցելուն: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն էր հայտնել հնարավորինս աջակցել հադրութցի մեր հայրենակիցներին։

Հանրապետության նախագահի հանձնարարությամբ տեղի են ունեցել նախագահի աշխատակազմի և հադրութցիների ներկայացուցիչների համատեղ քննարկումներ, որոնց արդյունքում որոշվել է առաջնային լուծում տալ անօթևան մնացածների խնդիրներին, միաժամանակ, շարունակելով ջանքերը մյուս հարցերի լուծման ուղղությամբ:

Նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանն աշխատանքային քննարկում է ունեցել տեղահանված հադրութցիների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մերի Դավթյանի հետ: Հանդիպմանը նշվել է, որ լուծման ընթացքում են Հադրութից տեղահանված ավելի քան 170 մարդու կեցության և սննդի հարցերը․ նրանք ժամանակավոր կապրեն հյուրանոցներում: Աջակցությունը կտրամադրվի Հանրապետության նախագահի աշխատակազմի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից:

Տեղահանված հադրութցիների շահերի պաշտպանող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մերի Դավթյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին և նախագահի աշխատակազմին, նշելով, որ տեղահանված հադրութցիների խնդիրներին առաջինն արձագանքել են հենց նրանք, և տրամադրված միջոցներով իրենք ձեռնամուխ են եղել խնդիրների լուծմանը։

Քննարկմանը նշվել է, որ Ամանորին ընդառաջ առանձին ուշադրության և աջակցության կարժանանան նաև Արցախից տեղահանված և ՀՀ սահմանամերձ դարձած համայնքների երեխաները: