Լրահոս
Միջազգային
20:56
16.04.26
271

Նեթանյահուն անվտանգության կաբինետի հրատապ նիստ է հրավիրել՝ Լիբանանում հրադադարի հարցով․ Ynet

Img default alt hy

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրավիրել է անվտանգության կաբինետի (որի կազմում ընդգրկված են հրեական պետության կառավարության առանցքային նախարարները) հրատապ հեռախոսային նիստ՝ քննարկելու Լիբանանում հրադադարի հարցը: Այս մասին հայտնել է Ynet պորտալը:

Ըստ աղբյուրի՝ նիստը հրավիրվել է շտապ կարգով, իսկ նախարարները զգուշացվել են դրա մեկնարկից ընդամենը հինգ րոպե առաջ:

Ynet-ի տեղեկություններով՝ Նեթանյահուի հեռախոսային խորհրդակցությունը կաբինետի անդամների հետ ընդհատվել է տեխնիկական անսարքության պատճառով, սակայն շուտով վերսկսվել է: Պորտալը պնդում է, որ նախարարները վրդովված են եղել այն փաստից, որ հրադադարի մասին տեղեկացել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից: Նեթանյահուն նրանց տեղեկացրել է, որ Լիբանանում կրակի դադարեցումը համաձայնեցված է, ինչին ի պատասխան նախարարներն իրենց տարակուսանքն են հայտնել, որ դա տեղի է ունեցել նախքան իրենց կողմից այդ քայլին հավանություն տալը: Ապրիլի 16-ի գիշերը Իսրայելի կառավարության առանցքային նախարարները նիստ են անցկացրել շուրջ չորս ժամ, սակայն այդպես էլ չեն կարողացել հաստատել Լիբանանում հրադադարի հնարավորության մասին դրույթը:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Լիբանանը պայմանավորվել են դադարեցնել կրակը։ Նրա խոսքով՝ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Նեթանյահուի հետ, և նրանք համաձայնել են, որ 10-օրյա հրադադարն ուժի մեջ կմտնի ապրիլի 17-ին, Երևանի ժամանակով ժամը 01:00-ին: