Լրահոս
Աշխարհ
17:00
28.04.26
112

Նիգերիայում զինված հարձակման հետևանքով 29 մարդ է զոհվել

Img default alt hy

Նիգերիայի Ադամավայի նահանգում զինյալները սպանել են առնվազն 29 մարդու։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով նահանգապետ Ահմադու Ումարու Ֆինտիրին։

Նա ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և միջադեպը որակել ողբերգական և անընդունելի։ Նահանգապետի խոսքով՝ նահանգի ղեկավարությունը համագործակցում է անվտանգության մարմինների հետ՝ հետագա հարձակումները կանխելու և բնականոն կյանքը վերականգնելու համար։

Նահանգապետի գրասենյակը հայտնել է, որ «հարձակվողները գործել են մի քանի ժամ՝ սպանելով տասնյակ բնակիչների, այրելով պաշտամունքի վայրեր և ոչնչացնելով գույք, այդ թվում՝ մոտոցիկլետներ»։

Տեղական հեռուստատեսությունը ցուցադրել է այրված եկեղեցու և մի քանի այրված մոտոցիկլետի կադրեր։

Հարձակման դրդապատճառը դեռևս անհայտ է։  Տեղացիները պնդում են, որ հարձակվողները թիրախավորել են ֆուտբոլի դաշտում հավաքված երիտասարդներին։

Մահացածները «երիտասարդներ էին, այդ թվում՝ մի քանի կին, որոնք ֆուտբոլ էին դիտում», - նշել է տեղացիներից մեկը։

Հատկանշական է, որ Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Ադավա քաղաքը վերջին տարիներին ենթարկվել է «Բոկո Հարամ» խմբավորման զինյալների կողմից մի քանի հարձակման։

France 24-ի փոխանցմամբ՝ SITE մոնիթորինգային խմբի կողմից հրապարակված հայտարարության մեջ նշվել է, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Բոկո Հարամ»-ի մրցակից խմբավորումը՝ «Իսլամական պետության Արևմտյան Աֆրիկայի նահանգը»՝ հայտարարելով, որ «սպանել է առնվազն 25 քրիստոնյայի» և «այրել է եկեղեցի և մոտ 100 մոտոցիկլետ»։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2009 թվականից ի վեր Նիգերիայում ջիհադիստական ​​ապստամբությունը, որը գլխավորում են հիմնականում «Բոկո Հարամ»-ը և նրա մրցակից «Իսլամական պետության Արևմտյան Աֆրիկայի նահանգ» խմբավորումը, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան և միլիոնավոր տեղահանվածների պատճառ է դարձել երկրի հյուսիս-արևելքում։