Լրահոս
Հասարակական
13:30
22.06.26
57

Երևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. «Հետք»

Img default alt hy

Երեխաների պաշտպանության օրվա՝ հունիսի 1-ի առթիվ Երեւանի քաղաքապետարանը որոշել էր համայնքային մանկապարտեզների սաների մի մասին գրքեր նվիրել, մյուսներին՝ ոչ. ծնողները նման մոտեցումը համարում են ոչ հավասարաչափ, գրում է «Հետքը»։

Քաղաքապետարանի կողմից մանկապարտեզների ոչ բոլոր սաներին գրքեր նվիրելու մասին «Հետքին» պատմել են երեխաների ծնողներից մի քանիսը: Նրանք նշել են, որ խնդիրը ոչ թե նվերի առարկան է, այլ անհավասար, ոչ բոլորին ներառելու մոտեցումը: Եվ ըստ նրանց՝ տարօրինակ է, որ նման բան կատարվում է հենց երեխաների պաշտպանության օրը:

«Հետքը» հարցում էր ուղարկել Երեւանի քաղաքապետարան: Հարցրել էինք, թե ինչով է պայմանավորված տարբերակված մոտեցումը, ինչ սկզբունքով են բաշխվել գրքերը, հետաքրքրվել էինք նաեւ, թե ընդհանուր քանի գիրք են նվեր ստացել մանկապարտեզները, եւ որքան գումար է ծախսվել գրքերի ձեռքբերման համար: Բացի դրանից՝ հարցրել էինք, թե արդյոք քաղաքապետարանը խտարական վերաբերմունք չի դրսեւորել մյուս երեխաների նկատմամբ:

Երեւանի քաղաքապետարանը պատասխանել է ոչ բոլոր հարցերին:

Ըստ կառույցի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ քաղաքապետարանի հանրակրթության վարչության կողմից համայնքային ենթակայությամբ գործող բոլոր մանկապարտեզներին հատկացվել է մշակույթի վարչության կողմից փոխանցված շուրջ 20 հազար գիրք:

«Նկատի ունենալով տրամադրված գրքերի սահմանափակ քանակը եւ ըստ այդմ՝ շահառուների շրջանակի կրճատման անհրաժեշտությունը՝ որոշում է կայացվել հատկացնել մանկապարտեզներ հաճախող «կրտսեր 2-րդ», «միջին» եւ «տարատարիք» տարիքային խմբերի սաներին»,- հայտնել են քաղաքապետարանից:

Սա նշանակում է, որ գրքեր ստացել են, մասնավորապես, 3-4 («կրտսեր 2-րդ») եւ 4-5 («միջին») տարեկան երեխաները, իսկ 2-3 («կրտսեր 1-ին») եւ 5-6 («ավագ») տարեկանների խմբերը դուրս են մնացել:

Քաղաքապետարանը մեր մյուս հարցերին չի պատասխանել: