Լրահոս
Միջազգային
15:36
28.04.26
217

Թուրքիայի ԱԳ նախարարն Ավստրիայում կքննարկի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և ուկրաինական հակամարտությունը

Img default alt hy

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ապրիլի 29-30-ը Ավստրիա կատարելիք պաշտոնական այցի շրջանակներում կքննարկի Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը, ուկրաինական հակամարտությունը, Իսրայելի քաղաքականությունը և հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։

«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը 2026 թվականի ապրիլի 29-30-ը պաշտոնական այց կկատարի Ավստրիա։ Նա հանդիպում կունենա ԱԳ նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերի հետ, ինչպես նաև նրան կընդունի Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոկերը», - նշել է գործակալության զրուցակիցը։

Ըստ տեղեկությունների՝ շփումների ընթացքում Ֆիդանը «կհայտարարի, որ Թուրքիան կշարունակի աջակցել ռուս-ուկրաինական պատերազմի կողմերին բանակցությունների սեղան վերադարձնելու և պատերազմը արդար ու կայուն խաղաղությամբ ավարտելու ջանքերին»։

«Նա կմատնանշի, որ Թուրքիան կշարունակի աջակցել Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի վերջնական դադարեցմանն ուղղված ջանքերին և կընդգծի Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության անհապաղ վերականգնման ու այդ նեղուցում նախապատերազմյան ստատուս-քվոյին վերադառնալու գլոբալ անհրաժեշտությունը։ Ֆիդանը ուշադրություն կհրավիրի Իսրայելի կողմից Գազայում հրադադարի ռեժիմի շարունակվող խախտումների և խաղաղության ծրագիրը տապալելուն ուղղված նրա գործողությունների վրա։ Ակնկալվում է նաև, որ նա կնշի, որ [վարչապետ Բենիամին] Նեթանյահուի կառավարությունը խրախուսում է անօրինական բնակեցման ահաբեկչությունը Հորդանան գետի Արևմտյան ափին և սիստեմատիկորեն ընդլայնում է օկուպացիան, ինչը սպառնում է խաղաղությանն ու կայունությանը ողջ տարածաշրջանում», - հավելել է աղբյուրը:

Բացի այդ, Ֆիդանը Ավստրիայում կքննարկի Թուրքիայի եվրաինտեգրման հարցերը։ Նա «կհայտարարի, որ Թուրքիան հավատարիմ է ԵՄ-ին լիիրավ անդամակցության իր նախկին դիրքորոշմանը» և որ «բոլոր կողմերի շահերից է բխում Թուրքիա-ԵՄ հարաբերություններին մոտենալ ռազմավարական տեսանկյունից և թույլ չտալ այդ հարցի օգտագործումը քաղաքական նպատակներով»։ Ակնկալվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը նաև կհայտարարի «համագործակցությանն ավելի համապարփակ և ինստիտուցիոնալ մոտեցման անհրաժեշտության մասին՝ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առկա ներկայիս փակուղիները հաղթահարելու համար»։