Լրահոս
Հասարակական
23:20
12.07.26
132

Հոգևոր պայքարը շարունակվում է, և մեր հույսը Քրիստոսի հաղթանակի մեջ է. Հայր Ռուբեն

Img default alt hy

Հայ Առաքելական Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը՝ խոսված Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում՝ Պայծառակերպության տոնի առիթով.

 «Դա է որդի իմ սիրելի ընդ որ հաճեցայ, դմա լուարուք»

«Սա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրա՛ն լսեցեք» (Մտթ․ ԺԷ 5)։

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ

Սուրբ Հակոբ եկեղեցու սիրելի՛ հավատացյալներ,

Այսօր տաղավար տոն է՝ Սուրբ Պայծառակերպության կամ Վարդավառի լուսաշող տոնը, որով Սուրբ Եկեղեցին մեզ բարձրացնում է Թաբոր լեռ, որպեսզի մեր աչքերը տեսնեն այն, ինչ սովորական աչքը չի տեսնում, և մեր սրտերը լսեն այն, ինչ աշխարհի աղմուկի մեջ հաճախ չի լսվում. «Սա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, նրա՛ն լսեցեք»։ Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալներին տրված երկնային այս հայտնությունը մշտահունչ պատգամ է՝ ուղղված ամբողջ Եկեղեցուն և ամեն քրիստոնյայի։ Սինա լեռան վրա Աստված իր ժողովրդին տվեց Օրենքը, որպեսզի մարդը ճանաչի Աստծո կամքը, իսկ Թաբոր լեռան վրա հայտնեց իր Որդուն, Ով Ինքն է Աստծո կամքի կատարյալ հայտնությունը։ Եթե Սինայում Աստված ասաց՝ ինչպես պետք է ապրել, ապա Թաբորում ցույց տվեց՝ Ում պետք է հետևել։ Այդ պատճառով էլ ամպից հնչեց ոչ թե նոր պատվիրան, այլ մեկ պատգամ. «Դա է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեցեք»։

Հետևաբար, քրիստոնյայի համար Աստծո կամքը Քրիստոսի կենդանի ձայնն է․ ով լսում է նրան, կատարում է ամբողջ Օրենքը, որովհետև Քրիստոս լրումն է Օրենքի և մարգարեությունների (Հռոմ. Ժ 4)։ Թաբորի վրա հնչած երկնային ձայնը դառնում է քրիստոնեական կյանքի ամենահակիրճ բանաձևը. քրիստոնյա լինել նշանակում է լսել Քրիստոսին։ Այսօր աշխարհը լեցուն է ձայներով, որոնք ձգտում են գրավել մարդու միտքն ու սիրտը։ Ամեն օր մեզ առաջարկվում են նոր ճշմարտություններ, նոր արժեքներ, նոր ճանապարհներ։ Սակայն հավատացյալի կոչումն է բոլոր այդ ձայների միջից տարբերակել մեկ Ձայն՝ Բարի Հովվի ձայնը։ Այդ Ձայնը չի խաբում, չի մոլորեցնում, չի փոխվում ժամանակին զուգընթաց, որովհետև Քրիստոս «նույնն է երեկ, այսօր և հավիտյան»։ Նրա խոսքը պարզապես ուսուցում չէ, այլ կյանք պարգևող զորություն, որովհետև «հոգի է և կյանք» (Հովհ. Զ 63)։

Սիրելի՛ հավատացյալներ,

Տոնական օրվա Ավետարանը մեզ ներկայացնում է մի ուղեցույց, որի յուրաքանչյուր քայլը պատրաստում է հաջորդը։ Եվ այդ ամենն սկսվում է մի հարցից, որը հնչում է ոչ միայն Կեսարիայի ճանապարհին, այլև այսօր՝ մեր սրտերում․ «Դո՞ւք ինչ եք կարծում, ո՞վ եմ ես» (Մտթ․ ԺԶ 15)։ Ավետարանի ամենաանձնական հարցերից մեկը, որով Հիսուս ակնկալում է ամեն մեկիս անձնական պատասխանը։ Եթե Հիսուս մեզ համար պարզապես մեծ ուսուցիչ է կամ պատմության նշանավոր դեմք, ապա նրա խոսքերը կարող են մեզ միայն հիացնել։ Բայց եթե, Պետրոսի նման, մեր սրտի խորքից հռչակում ենք՝ «Դու Քրիստոսն ես՝ կենդանի Աստծո Որդին», ապա այս խոստովանությունը այլակերպում է մեր կյանքը, որովհետև այդ պահից մենք հետևում ենք ոչ թե մի ուսուցչի, այլ կենդանի Աստծո Որդուն։

Ուշագրավ է, որ Տերը չի թողնում աշակերտներին կանգ առնել միայն հավատքի խոստովանության վրա։ Պետրոսի շուրթերից դեռ չէր լռել «Դու Քրիստոսն ես․․․» խոսքը, երբ Հիսուս արդեն խոսում է ոչ թե փառքի, այլ խաչի մասին։ Նա հայտնում է, որ Մեսիայի ճանապարհը անցնում է չարչարանքի, մերժման, մահվան և ապա հարության միջով։ Ավելին՝ նույն ճանապարհն առաջարկում է նաև իր աշակերտներին․ «Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մտթ․ ԺԶ 24)։ Այդպես Քրիստոս ցույց է տալիս, որ հավատքի ճշմարիտ խոստովանությունը վերածվում է կյանքի ճանապարհի։

Եվ միայն այս խոսքերից հետո է Տերը բարձրանում Թաբոր լեռ՝ իր հետ տանելով Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին։ Սա պատահական հաջորդականություն չէ, այլ Աստծո փրկարար մանկավարժությունը։ Քրիստոս նախ հայտնում է խաչի խորհուրդը, ապա միայն մի պահ բացում իր աստվածային փառքի վարագույրը։ Նա ցանկանում է, որ աշակերտները հասկանան՝ դեպի փառք տանող ճանապարհը խաչի միջով է անցնում։ Ահա թե ինչու Թաբորն ու Գողգոթան հակադիր լեռներ չեն, այլ մեկ փրկարար խորհրդի երկու անբաժանելի գագաթներ։ Թաբորը վկայում է Քրիստոսի աստվածության մասին, իսկ Գողգոթան՝ նրա անսահման սիրո։ Առանց Թաբորի խաչը կարող էր ընկալվել որպես պարտություն, իսկ առանց Գողգոթայի Թաբորի փառքը կմնար անհասկանալի հայտնություն։ Միայն երկուսը միասին են բացում Ավետարանի ամբողջ ճշմարտությունը. խաչը Քրիստոսի փառքի ճանապարհն է, որը մի ակնթարթ լուսարձակում է Այլակերպության պահին։

Սիրելինե՛ր, Թաբորն ու Գողգոթան միմյանցից անբաժանելի են նաև մեկ այլ խորունկ իմաստով։ Երկու լեռների վրա էլ մենք տեսնում ենք Քրիստոսի «այլակերպումը», բայց՝ երկու տարբեր կերպերով։ Թաբորի վրա Նրա դեմքը փայլում է աստվածային լույսով, և աշակերտները տեսնում են Նրա անթաքույց փառքը։ Իսկ Գողգոթայի վրա նույն այդ դեմքը խոշտանգվում է, արյունով պատվում և «կորցնում է մարդու կերպարանքը» (Ես. ԾԲ 14)։ Մի լեռան վրա Քրիստոս պայծառակերպվում է, մյուսի վրա՝ հանուն մեր փրկության կամովին «այլանդակվում»՝ կրելով մեղքի և մահվան ամբողջ ծանրությունը։ Բայց սա երկու տարբեր Քրիստոս չէ։ Նույն Տերն է՝ Թաբորի վրա Իր աստվածային փառքը հայտնող, իսկ Գողգոթայի վրա՝ մինչև վերջ սիրող Աստված։ Թաբորը մատնանշում է, թե ով է նա, իսկ Գողգոթան՝ թե որքան է նա սիրում մեզ։ Այս երկու լեռները միասին բացահայտում են Քրիստոսի ամբողջ ճշմարտությունը՝ փառքով լուսավորված և սիրով խաչված։

Մարդու սրտի բնական ցանկությունն է մնալ Թաբորի վրա։ Այդ ցանկությունն է արտահայտում Պետրոսը. «Տե՛ր, ի՜նչ լավ է այստեղ…»։ Ո՞վ չէր ցանկանա մշտապես ապրել Աստծո ներկայության և խաղաղության մեջ։ Սակայն Քրիստոս իջնում է լեռից, որովհետև լեռան ստորոտում նրան սպասում է տառապող աշխարհը՝ հիվանդները, հուսահատները, մեղքի ու մահվան դեմ պայքարող մարդիկ։ Թաբորի լույսը տրված չէր աշխարհից հեռանալու, այլ աշխարհն Աստծո լույսով լուսավորելու։ Ահա թե ինչու աղոթքը չի ավարտվում ինքնահափշտակությամբ։ Այն պսակվում է ծառայությամբ։ Ով իսկապես հանդիպել է Քրիստոսին, չի կարող չվերադառնալ իր եղբոր մոտ։ Թաբորը երբեք հանգրվան չէ. այն զորության աղբյուր է՝ սիրով ծառայելու և հավատարմությամբ կրելու կյանքի գողգոթաները։

Սիրելինե՛ր, Թաբորի հայտնությունը տրվեց ոչ թե մի քանի ակնթարթ հիանալու, այլ աշակերտների հավատն ամրապնդելու։ Շուտով նրանք պիտի տեսնեին իրենց Վարդապետին անարգված, խաչված ու արյունաքամ։ Այդժամ նրանց զորացնելու էր Թաբորի հիշողությունը. պայծառակերպված դեմքը պիտի լուսավորեր խաչված դեմքը, իսկ Հոր ձայնը՝ «Սա է իմ սիրելի Որդին, նրա՛ն լսեցեք», պիտի հաղթահարեր ամբոխի աղաղակն ու ծաղրանքը։ Այսօր այդ խոսքը մեզ էլ է ուղղված։ Մեր կյանքի ճանապարհին նույնպես գալիս են խաչի օրեր, երբ թվում է, թե լռում է երկինքը։ Բայց հենց այդ ժամանակ առավել քան երբևէ պետք է լսենք Քրիստոսին։ Նրա խոսքը մնում է անփոփոխ նույնիսկ այն ժամանակ, երբ փոխվում են հանգամանքները։ Ով կառչում է այդ խոսքից, չի պարտվում փորձությանը, որովհետև գիտի, որ խաչը ճանապարհ է, ոչ թե վերջնակետ։

Օրհնաբեր այս տոնի առիթով չեմ կարող չարտահայտել իմ խորին երախտագիտությունը Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու սիրելի համայնքին։ Աստծո նախախնամությամբ և Նորին Սրբության տնօրինությամբ հենց այս սուրբ տաճարից սկսեցի առաջնորդական իմ ծառայությունը Մասյացոտնի թեմում։ Այդ օրերին, երբ մեր թեմը կանգնած էր ծանր փորձությունների, անորոշության և ներքին ու արտաքին մարտահրավերների առջև, դուք ինձ ընդունեցիք սիրով, անկեղծ աղոթքով և ջերմ հավատարմությամբ։ Ձեր վերաբերմունքը դարձավ մխիթարության և զորության աղբյուր՝ ամրացնելով իմ սիրտը շարունակելու ինձ վստահված ծառայությունը։ Այսօր, թեև փորձությունների ճանապարհը դեռևս ավարտված չէ, և հոգևոր պայքարը շարունակվում է, սակայն պետք է գիտակցենք, որ չարի գործելակերպը հաճախ փոխում է իր կերպերը․ երբեմն այն հանդես է գալիս ոչ թե բացահայտ, այլ ավելի ծածուկ, խաբուսիկ և խորամանկ ճանապարհներով։ Բայց մեր հույսը ոչ թե մարդկային ուժերի, այլ Քրիստոսի հաղթանակի մեջ է։ Ուստի ձեր հավատարմությունն ու եկեղեցասիրությունը մեզ համար մնում են մեծագույն զորություն և վկայություն։

Հատուկ երախտագիտություն և գնահատանք եմ հայտնում նաև համայնքի հոգևոր հովվին՝ մեր սիրելի Տեր Հարություն քահանային, որ այս դժվարին ժամանակներում իր ծառայությամբ դրսևորեց քաջ հովվի կերպարով՝ հավատարիմ մնալով իր կոչմանը։

Քաջ հովիվը ճանաչվում է ոչ միայն խաղաղության օրերին իր ծառայությամբ, այլ հատկապես այն ժամանակ, երբ գալիս են փորձության և մարտահրավերների պահերը։ Տեր Հարություն քահանան իր անխարդախ կեցվածքով վկայեց Տիրոջ այն խոսքը, թե «Հովիւ քաջ զանձն իւր դնէ ի վերայ ոչխարաց» (Հովհ․ Ժ 11)։

Տեր Հիսուս Քրիստոս, Սուրբ Հակոբի բարեխոսությամբ, առատապես թող օրհնի այս հոգևոր ընտանիքը։ Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցին թող մշտապես մնա հավատքի, միաբանության և սիրո օջախ՝ զորանալով Աստծո սրբարար շնորհներով և շողարձակելով պայծառակերպության անսպառ լույսը․ Ամեն»։