Լրահոս
14:43
23.08.19
206

Ախ այդ անտանելի Պողոսը. Աղվան Ասոյան

Img default alt hy

Մարդիկ հավասար են, բայց միայն իրավունքներով: Դրանց մեջ է մտնում նաև որոշում կայացնելու իրավունքը: Համընդհանուր որոշում: Ու կապ չունի, այդ որոշումն իրավացի է, արդարացի է, ճիշտ է, թե ոչ: Սովորաբար ու մեծ մասամբ ոչ: Ու հենց սա է խնդիրը, տարբեր ինտելեկտուալ ու գիտակցական աստիճան ունեցող մարդկանց քվեն բոլոր պետություններում նույն արժեքն ունի: Որպես կանոն, այս ամենի ամենացածրը միշտ ամենաշատն է լինում, հետևաբար որոշումներն էլ ոչ միշտ են լավ տեղ տանում ու ոչ բոլորի սրտով լինում, ու առաջին հերթին հենց մեծամասնության: Սակայն այս հարցի ավելի լավ լուծում մարդկությունը դեռ չի հորինել, ու քանի դեռ նորը չկա, կաշառակերի, սովորել չցանկացող տգետի, հանցագործի ու ենթադրենք ակադեմիկոսի քվեն շարունակելու է նույն արժեքն ունենալ: Դա օրենքով է՞, իհարկե, արդարացի՞ է, ես գտնում եմ, որ ոչ: Ինչևէ:

Բաբկեն Թունյանի գրառումը, խոշոր հաշվով, հենց այս փիլիսոփայությունն էր առաջ տանում, որն իրոք արդարացի է: Սակայն խնդիրն այստեղ ոչ թե Բաբկեն Թունյանի ասածն է, այլ հենց ինքը՝ Բաբկեն Թունյանը, ավելի ճիշտ, այն խմաբկցությունը, որը նա ներկայացնում է:

Ախր մեկ տարի առաջ հենց նույն մեծամասնությունն էր փակել հանրապետության կենսական նշանակության բոլոր փողոցները: Այդ նույն անգրագետ պողոսներն իրենց բազմամարդ ընտանիքի անգրագետ անդամներով: Բնավ նպատակ չունեմ հավասարեցնել բոլորին, քավ լիցի: Խոսքը մեծամասնությանն է վերաբերում, իսկ ոչ ոք թող նույնիսկ չփորձի վիճել, որ մեր հասարակության մեծամասնությունն ընդհանրապես հասկանում է՝ ինչ է անում, ինչ է ուզում, ուր է գնում: Հոսքը կա, գնացինք հոսքի ուղղությամբ, ջհանդամը, թե վերջում ջրվեժ է ու բոլորս գլորվելու ենք անդունդը: Այդ նույն քաղաքացիները, որոնք այսօր կուրծք են ծեծում Ամուլսարի փրկության համար, տարիներ առաջ, բավականին բարձր, նույնիսկ ոչ շուկայական գներով, հոժարակամ Լիդիանին վաճառեցին իրենց ցորենի արտերը, խնձորի ու ծիրանի այգիները և բոլորը գոհ էին: Թե՞ այն ժամանակ թույնն այդքան սարսափելի չէր: Իրականում, երբ ձեռքիդ փող կա, ոչ մի թույն էլ սարսափելի չէ: Փորձեք այդ ոսկու հանքին բաժնետեր դարձնել բոլոր ցուցարարներին, ու կհասկանաք, թե քանիսն են իրական բնապահպան:

Վերադառնանք մեր շատ սիրելի Պողոսին, որը մեր հասարակության հավաքական կերպարն է: Պարոնա՛յք, ինչո՞ւ չընդվզեցիք հեղափոխության ժամանակ, ընտրությունների ժամանակ, երբ գալիս էիք իշխանության: Չէ՞ որ նույն անգրագետ պողոսներն ու նրանց ընտանիքի անդամներն այն ժամանակ ձեր օգտին էին քվեարկում: Եթե Պողոսը մի բան անում է հօգուտ ձեզ, ուրեմն նրան IQ-ն միանգամից բարձրանո՞ւմ է, իսկ երբ խնդիր կա լուծելու Պողոսը միանգամից դառնում է անգրագե՞տ: Չե՞ք կարծում, որ մի քիչ ազնիվ չէ ձեր կողմից նման հայտարարություն անելը: Եթե օգտվում եք անգրագետի ծառայությունից, պատրաստ եղեք, որ պետք է մի օր նաև վճարեք դրա համար: Գինը կարևոր չէ, կարևորն ազնվությունն է, որովհետև, եթե գնին ուշադրություն դարձնող լինեիք, գուցե հեղափոխությունն էլ չլիներ, որի թավիշը կամաց-կամաց սկսել է քորքոտել:

Շատ կարդացեք, գուցե այդ ժամանակ համընդհանուր որոշումներն ավելի արդարացի ու ճիշտ կդառնան: Դե տգետները կքչանան: